Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները դատապարտել են Քեսաբում խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը

Ապրիլ 03,2014 23:56

Ապրիլի 3-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։

Նախարարական հանդիպման օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրները, Կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական համադրման հարցերը։

Նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

Հանդիպման մասնակիցները Հայաստանի նախաձեռնությամբ համատեղ հայտարարություն ընդունեցին Սիրիայում շարունակվող ճգնաժամի և  երկրի հյուսիս-արևմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները խորը մտահոգություն են հայտնել և խստորեն դատապարտել են Ալ-Քաիդայի հետ կապված ծայրահեղական խմբավորումների կողմից Քեսաբ քաղաքի գրավումը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի և մեծամասնություն կազմող հայ բնակչության հարկադրված տեղահանմանը։

126.Minister Nalbandian at the CSTO MInisterial a 03.04 (2)

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները և խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը։

Հանդես ենք գալիս բռնությունների շուտափույթ դադարեցման և փախստականների անվտանգ վերադարձի ապահովման օգտին։ Համոզված ենք, որ իրավիճակի կայունացումը հնարավոր է դրսից միջամտության բացառման և բռնության դադարեցման ու անկախ ազգային և կրոնական պատկանելիությունից բոլոր սիրիացիների շահերը հաշվի առնող լայն քաղաքական երկխոսության միջոցով։

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել միջագզային իրավունքին խիստ համապատասխան՝ արյունահեղության շուտափույթ դադարեցման  և 2012թ. հունիսի 30-ի Ժնևյան կոմյունիկեի հիման վրա Սիրիայում խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու նպատակով», ասված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի ընդունած հայտարարության մեջ։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հաստատեցին արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով 2014թ. Երկրորդ կիսամյակի և 2015 թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների ծրագիրը, համատեղ հայտարարություն ընդունեցին Աֆղանստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ։

Նախարարները համաձայնեցրեցին Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստին ներկայացվելիք մի շարք որոշումների նախագծեր։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930