Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը երկրում գոյություն ունեցող տնտեսական, սոցիալական, ներքին ու արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրներից քաղաքացիների ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում:
Այս մասին «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Հայաստանում տնտեսության, սոցիալական ապահովվածության, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտներում գոյություն ունեցող աղետալի վիճակի համար պատասխանատու մի անձ կա՝ Սերժ Սարգսյանը: Տիգրան Սարգսյանի զոհաբերմամբ կարող են որոշակի գոլորշի բարձրացնել կամ ներկայացնել այն որպես հանրային դժգոհության բավարարում , բայց իրականում դա կլինի խաբկանք»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Արթուր Սաքունցի խոսքով, վարչապետի դիրքը Հայաստանի կառավարման համակարգում այնքան վճռորոշ ու էական նշանակություն չունի, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը երկրի համար էական նշանակություն ունենա:
Կարդացեք նաև
«Մեզ մոտ նախագահի միանձնյա կառավարման համակարգն է աշխատում եւ, եթե անգամ փորձեն որոշ մեկնաբանություններով ներկայացնել, թե սա իբր ոչ իշխանական ուժերի պահանջների բավարարումն է, դա անհեթեթություն կլինի», -նշում է իրավապաշտպանը՝ հավելելով, որ այս հրաժարականը պայմանավորված չէ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի՝ ապրիլի քսանութին սպասվող գործողություններով:
Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում