«Սերժ Սարգսյանի վրա կա անտեսանելի ճնշում ոչ թե Հայաստանի ներսից, այլ` դրսից, Ռուսաստանից»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ այսպիսի դիտարկում արեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Մեր այն հարցին, արդյոք վարչապետի հրաժարականը կապված էր ոչ իշխանական 4 ուժերի` կառավարությանն անվստահություն ներկայացնելու գործունեության հետ, պարոն Սաֆարյանն ասաց. «Ես կարծում եմ Սերժ Սարգսյանը փորձեց առաջ անցնել այս 4 ուժերից, եւ բանը հասել է նրան, որ իրավիճակը ստիպի փոխել: Բայց նաեւ հետաքրքիր է, որ այս հայտարարությունն արվում է այն ժամանակահատվածում, երբ Դուբայում ինչ-որ քննարկումներ են լինում մեր երկրի մասին, 2-րդ նախագահը`(Ռոբերտ Քոչարյանը) այնտեղից վերադառնում է, այստեղ նրա խոսնակն ավետում է, որ ինքը առաջիկայում հանդես կգա ինչ-որ գնահատումներով եւ այլն եւ այլն: Այսինքն` հրապարակային այս տեսանելի ակտիվությունը, գործընթացները ցույց են տալիս, որ կա ստվերային, թաքուն ինչ-որ մի բան, որը վախենամ շատ ավելի ազդեցիկ եղած լինի, քան այս 4 ուժերի գործողությունները»:
Այսօր ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր նոր վարչապետը լինի ոչ ՀՀԿ-ական, ասել էր` «Ամեն դեպքում, կառավարության եւ վարչապետի նշանակումը հանրապետության նախագահի եւ մեծամասնության մենաշնորհն է»:
Հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը նոր վարչապետին ընտրի 4 ուժերից, հատկապես որ նրանք պայքարում էին հենց վարչապետի հրաժարականի համար, մեր այս հարցին էլ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը, եթե վստահ է, որ ինքը ունի մեծամասնություն այսօրվա Ազգային ժողովում, եթե վստահ է ապա նա կարող է ինքնուրույն նշանակել, բայց եթե նա ցանկանա ավելի մեծ կոալիցիա կազմել Ազգային ժողովում, եւ դրանից դուրս քաղաքական ուժերի հետ, ապա նրան ոչինչ չի խանգարում դա անել, այս առումով խնդիրը սակարկելի է: Այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կարող են միանձնյա կատարել փոփոխություն»:
Կարդացեք նաև
Պարոն Սաֆարյանը նաեւ նկատեց, որ ոչ իշխանական 4 ուժերից ոմանք հայտարարել են, որ իրենց կբավարարի նաեւ միայն փոփոխությունը, նրանք պահանջ չեն դրել, որ ուզում են մասնակցել կառավարության ձեւավորմանը:
ՀՀ վարչապետի հրաժարականից հետո, եթե անգամ կառավարության անդամները հրաժարական չներկայացնեն, ինչպես ասաց պարոն Սաֆարյանը, նոր վարչապետը, ըստ Սահմանադրության եւ սահմանված ժամկետում պետք է նոր կառավարությունն ու գործունեության ծրագիրը ներկայացնի, ամեն դեպքում կառավարության անդամները պետք է հրաժարական տան: «Կարծում եմ Տիգրան Սարգսյանի թիմը կհեռանա, եթե անգամ չգնան էլ, միեւնույն է, պետք է հրաժարական ներկայացնեն ու նոր թիմ ներկայացվի»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ապրեն Սերժ Սարգսյանն ու մեր մյուս երկու Նախագահները՛
ոնց որ թե երևում ա լուսյսը թունելի վերջում…
Շատ հետաքրքիր է թե այդ ինչ լույս է երևում թունելի վերջում: Սարսափելի է անգամ մտածել, բայց գործող նախագահն ու նրա նախորդը չեմ կարծում այս ազգի համար մի լավ բան անեն, որը ապացուցեց նրանց կառավարման տասնհինգ և ավել տարիները: Ժողովուրդն ավելի ու ավելի աղքատացավ, մեծ մասը բռնեց գաղթի ճամփան ու դեռ շարունակում են հեռանալ, իսկ նրանց դա կարծես բոլորովին էլ չի անհանգստացնում: Այ շատ արագ արագ վաճառում են վերջին հանքերն ու կարևորագույն օբյեկտները, միևնույն է իրենք իրենց սերունդների համար այնքան հարստություն են կուտակել , որ մինչև յոթ պորտ կբավականացնի: Այդ թունելը կարծես դեռ վերջ էլ չունի: