Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ իր ընդդիմադիր անցյալի մասին. «Նենց չի, որ մեզ չէին ճնշում, դուբինկով չէին խփում»

Ապրիլ 03,2014 21:42

Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Aravot.am-ի հետ զրույցում պատմեց իր ուսանողական կյանքի մասին, թե ինչպես է ստիպված եղել Սուրեն Սուրենյանցի, Էլեոնորա Մանանդյանի, Անուշավան Նալբանդյանի եւ այլ ընդդիմադիր ուսանողների հետ 1996 թվականին նախագահի նստավայրի մոտ նստացույց ու հացադուլ անել:

Sharmazanov-1

Մեր հարցին՝ եթե հիմա նախագահի նստավայրի մոտ նստացույց անեն, բիրտ ուժ կկիրառվի քաղաքացիների նկատմամբ, այն ժամանակվա իշխանություններն ավելի հանդուրժո՞ղ են եղել, որովհետեւ դուք օրեր շարունակ նստացույցեր եք արել՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հիմա օրենքներ կան ընդունված, իսկ այն ժամանակ նույնիսկ օրենսդրական բազա չկար: Մենք հենց այդ պատճառով էինք դիմում նման ծայրահեղ քայլի: Մեզ թույլ չէին տալիս, մենք վերցնում էինք դա: Հո մենակ թույլ տալով չէր: Նենց չի, որ մեզ չէին ճնշում, դուբինկով չէին խփում: Իհարկե, եղել է դուբինկայով էլ են խփել: Որ ասեմ շատ ուժեղ են ծեծել՝ չէ, բայց էլի եղել է: Ջրցան մեքենաներն ավելի ուշ եղան՝ սեպտեմբերի 20-ին, մերը ապրիլի 15-18-ին էր»:

Հիմա բավական է երիտասարդները ցույց կազմակերպեն, նրանց տանում են ոստիկանական բաժիններ եւ քրգործ հարուցում, Ձեր դեմ քրգործ հարուցե՞լ են՝ պարոն Շարմազանովը պատասխանեց. «Այն ժամանակ նոր երկիր էր, անտեր-անտիրական: Ոչ մի բան չկար: Այն ժամանակ 2.5 օր  հացադուլ ենք արել, Արամը Մանուկյան, Լյովիկը Զուրաբյան, որ հիմա սենց խոսում են, չէ՞, բոլորը իշխանության մեջ էին: Հանրապետություն բլոկն ինչքան պատգամավոր ուներ, ոչ ոք չի մոտեցել մեզ: Մի հոգի է մոտեցել՝ Ազատ Արշակյանը, այն էլ ինքը ՀՀՇ-ից չէր, Հանրապետություն բլոկից էր,եկավ մեզ մոտ, բայց համաձայնության չեկավ: Մեկ էլ Պարույրն է եկել միշտ մեր մոտ: Պարույրը, Վազգեն Մանուկյանը ընդդիմություն էին: Նիկոլ Փաշինյանն էր գալիս, որ այն ժամանակ լրագրող էր, բայց իշխանությունից մարդ չէր գալիս: Բայց ոստիկանությունը խիստ էր»:

Մեր հարցին՝ ճնշումներ եղե՞լ են Ձեզ վրա, ինչպես հիմա կանեն բուհում՝ ուսանողին՝ Շարմազանովը պատասխանեց. «Ճնշումներն ի՞նչ ձեւով պետք է լիներ՝ թվանշանի ձեւով, չէ՞: Ես գերազանցիկ սովորող ուսանող էի, որեւէ խնդիր չունեի, ի՞նչ պիտի ճնշեին: Չեմ ուզում գլուխ գովեմ, բայց եղել եմ իմ ժամանակաշրջանի ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը: Ի՞նչ պիտի ճնշեին, պիտի 5-ը 4 նշանակեին՝ թող նշանակեին: Այն ժամանակ լրիվ ուսանողությունն անտերության էր մատնված: Այն  ժամանակ չկար քաղաքացիական հասարակություն, կայացած կառույցներ, միջազգային կառույցներ, որոնց հետ կարելի էր համագործակցել, իշխանության մեջ չկային մարմիններ, որոնք զբաղվում են երիտասարդության եւ առհասարակ ուսանողության խնդիրներով, չկային նույնիսկ ընդդիմադիր ուժեր, որոնք զբաղվում էին: Ուսանողությունը վերակազմակերպվում էր, որովհետեւ ուր գնում էիր՝ քեզ բանի տեղ դնող չկար: Դրա համար ստիպված եղանք գնալ այդ քայլին: Այն ժամանակ ուսխորհուրդները սկզբնավորման փուլում էին եւ չունեին այն  ազդեցությունը, որն ունի այսօր:

Ես եղել եմ կուրսի ավագ, պատահական ծանոթացա Սուրեն Սուրենյանցի հետ եւ Անուշավան Նալբանդյանի: Իրենք համալսարանից են: Այն ժամանակ ավելի ռոմանտիկ էինք, նստում-քննարկում էինք: Մի օր քննարկեցինք՝ ձեր մոտ ոնց է, տեսանք բոլոր տեղերում նույն վիճակն է, ոչ մեկին չէին հետաքրքրում ուսման վարձերը, զեղչերը, ծանոթ-բարեկամներին կարող է զեղչեին: 10 օր ցույց արեցինք, մի հոգի չեկավ: Այն ժամանակ մեր խոսքը ձայն բարբառո հանապատի էր:

Հիմա ես չեմ պատկերացնում, որ նախագահի նստավայրի դիմաց կամ նույնիսկ կառավարության մոտ 4 հոգի նստացույց են անում, եթե ամենաբարձր մակարդակով չէ, գոնե պատկան մարմինները գալիս եւ երկխոսում են: Չի եղել նման բան: Մենք 3 օր հացադուլ ենք արել, մի հոգի չի եկել՝ ձեւի համար, մեր խոսքը ոչ մեկը չի լսել:

Սա բոլորիս ձեռքբերումն է, ամեն ինչ պետք է նայենք համեմատության մեջ: Այն ժամանակ 10 հազարներով ցույցեր էին անում, ոչ մեկը բանի տեղ չէր դնում, հիմա կարող է 100 հոգով անեն, եթե պաշտոնյան չլսի, ինքը գիտի, որ նախ կխայտառակվի, ինքը չի կարող աշխատել իր տեղը, հետո իշխանությունները կպահանջեն այդ պաշտոնյայի հրաժարականը: Պաշտոնյան պետք է աշխատի թափանցիկ, հրապարակային եւ գնա երկխոսության»:

Մեր դիտարկմանը՝ այնպես չի, որ այսօր այս կառավարությունում բոլորն իդեալական են աշխատում, բայց որեւէ մեկի հրաժարականը չենք տեսել՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Որեւէ կառավարությունում իդեալական աշխատանք չկա: Վերջին օրինակը՝ կուտակայինի հետ կապված, մտան-խոսեցին, Վաչե Գաբրիելյանն ասաց, որ մենք պատրաստ ենք երկխոսության: Ես որպես կուսակցության խոսնակ, որպես ԱԺ փոխնախագահ, բազմիցս նշել եմ՝ չկա հարց, որ մենք պատրաստ չենք նստել եւ քննարկել: Այն ժամանակ դա չկար, այդ էվոլյուցիան պիտի նայենք: Մեր պետությունն ու հասարակությունը լուրջ էվոլյուցիա է ապրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պատկերացնու՞մ եք, ով է խոսում էվոլուցիայի մասին,՝ այսօրվա և ապագա գալուստ սահակյանը։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930