Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՕԸ-երը պետք է բաց, թափանցիկ աշխատեն. փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց ոռոգման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ

Ապրիլ 03,2014 20:46

Տարածքային կառավարման  նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպում ունեցավ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների հետ` ոռոգման տարեշրջանի մեկնարկի,  ցրտահարությունների հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի եւ ոռոգման համակարգում հետագա անելիքների քննարկման նպատակով:

Անդրադառնալով ցրտահարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին` փոխվարչապետն  ընդգծեց, որ անկախ  ամեն ինչից,  ոռոգման համակարգում գարնան նախապատրաստական աշխատանքները լայն ծավալով պետք է շարունակվեն, որպեսզի ջրի պահանջարկի դեպքում բոլոր կառույցները պատրաստ լինեն անհապաղ եւ անհրաժեշտ ծավալով  ջրամատակարարում իրականացնել: Նա նշեց, որ արդեն եղել է  հանձնարարական` առաջիկա օրերին գարնանային սելավային ջրերն ինքնահոս  համակարգերով գյուղացիական տնտեսություններին մատակարարելու վերաբերյալ:

Փոխվարչապետը  տեղեկացրեց  նաեւ, որ  ներկայումս  Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ այլ գերատեսչությունների հետ քննարկվում են տուժած տնտեսությունների համար ոռոգումն ավելի մատչելի դարձնելու հնարավորությունները: «Նման փորձ ունեցել ենք անցած տարի Արմավիրի մարզում, երբ կարկտահարված համայնքների զգալի մասի դեպքում կիրառվեց 50-100 տոկոսով փոխհատուցման սկզբունքը: Վերջնական որոշում կայացնելու համար կարեւորում եմ  նաեւ ձեր մոտեցումներն ու  ՋՕԸ-երի սպասարկման  տարածքներում իրավիճակի մասին տեղեկությունները»,-նշեց նա:

Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց նաեւ ՋՕԸ-երի բաց, թափանցիկ աշխատանքը շահառու գյուղացիական տնտեսությունների հետ` նշելով, որ վերջին օրերին իր մարզային այցելությունների  ընթացքում  գյուղացիները նաեւ բարձրացրել են ՋՕԸ-երի աշխատանքին վերաբերող հարցեր:  «Ցանկանում եմ հիշեցնել, որ ձեր աշխատանքի հիմնական մասը պետք է  անցնի տեղերում` գյուղացիների հետ շփումների մեջ:  Հնարավորինս պարզաբանումներ պետք է տրվեն նրանց` կայացված որոշումների,  կատարվող աշխատանքների մասին: Օժանդակության ծրագիրը հստակեցվելու դեպքում հորդորում եմ ՋՕԸ-երի բոլոր ղեկավարներին հանդիպել շահառու գյուղացիական տնտեսությունների հետ եւ բոլոր քայլերի մասին  իրազեկել»,-առաջարկեց նա:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը հանձնարարվեց առաջիկայում պարբերաբար այցելություններ իրականացնել տեղերում` ՋՕԸ-շահառու հարաբերություններին, առկա խնդիրներին ծանոթանալու համար: Նա հորդորեց նաեւ ուշադիր լինել ՋՕԸ-երի գործունեությանը վերաբերող մամուլի հրապարակումներին, անհրաժեշտ  պարզաբանումներ տալ, արձագանքել  խնդիրների մասին ահազանգերին:

Փոխվարչապետն ընդգծեց, որ համակարգը պետք է գործի առավելագույնս արդյունավետ` պահպանելով արդարության սկզբունքը: Առանձնահատուկ ուշադրություն պետք է  դարձվի խոշոր հողատերերի կողմից ստացած ջրի դիմաց պարտավորություններն ամբողջական եւ ժամանակին կատարելու խնդրին:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն իր հերթին  նշեց, որ ըստ կանխատեսումների` սպասվում է  սակավաջուր տարի, եւ անխափան ջրամատակարարում ապահովելու համար  համակարգը պետք է գործի առավելագույնս արդյունավետ:

 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930