Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) նախատեսում է այս տարվա սեպտեմբերից իրականացնել հեռավար լրացուցիչ կրթական ծրագիր, որի շրջանակներում հասարակական որոշակի խմբեր կարող են հեռավար ձևով կրթություն ստանալ ԳԿՄԿ-ում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար, հեռավար շարունակական կրթության կազմակերպման ծրագրի համակարգող Նարինե Վարդանյանը:
«Հայաստանում հեռավար կրթությունը դեռ նոր-նոր է զարգանում, միայն մի քանի բուհեր են որոշ մասնագիտությունների գծով հեռավար կրթություն իրականացնում, իսկ Գիտությունների ակադեմիայում սա դեռևս նորություն է»,- ասաց Ն. Վարդանյանը և տեղեկացրեց, որ այժմ հայ դասախոսների համար վերապատրաստման դասընթացներ են անցկացվում, որպեսզի նրանք ծանոթ լինեն հեռավար կրթության նրբություններին: Այդ նպատակով Հայաստան են հրավիրել Պարմայի համալսարանի պրոռեկտոր, հեռավար կրթության կազմակերպման փորձագետ Աննա Մարիա Թամմարոյին, որն այսօր, լրագրողների հետ կիսվելով իր տպավորություններով, ասաց, որ նմանություն է տեսնում Հայաստանի և Իտալիայի դասախոսների միջև այն առումով, որ թե´ այստեղ, թե´ այնտեղ կան ինչպես ժամանակակից մեթոդներով առաջնորդվող դասախոսներ, այնպես էլ ուսուցման ավանդական մեթոդներին հարող դասախոսներ:
Անդրադառնալով հեռավար կամ էլեկտրոնային կրթությանը՝ նա ընդգծեց, որ վերջինս չի գալիս փոխարինելու ավանդական կրթությանը, պարզապես լրացնում է նրան:
Շարունակելով Աննա Մարիա Թամմարոյին՝ Ն. Վարդանյանն ասաց, որ դասընթացներին մասնակցելու համար պետք չէ որևէ քննություն հանձնել, որովհետև սա ոչ թե մասնագիտություն է, այլ դասընթաց, որին, նրա խոսքով, կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան):
Ն. Վարդանյանը մատնանշեց նաև ծրագրի երկու առավելություն, որոնցից մեկն այն է, որ այս տարի կրթությունը լինելու է անվճար, իսկ մյուսը՝ որ կրթությունը տարվելու է հայերենով: «Հեռավար կրթության հարթակում բազմաթիվ դասընթացներ կան, որոնք տեղադրված են աշխարհի լավագույն համալսարանների կողմից, բայց, քանի որ դրանք անգլերեն են, հայ հասարակության լայն շերտերին անհասանելի են, և մեր ծրագիրը գալիս է լրացնելու այդ բացը»,- ասաց նա:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի ղեկավար, հեռավար շարունակական կրթության կազմակերպման ծրագրի ղեկավար Արուսյակ Հարությունյանն էլ ասաց, որ ծրագիրն սկսել են հասարակության կրթական կարիքների գնահատմամբ. «Սոցիոլոգներն ուսումնասիրություններ են կատարել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի որոշ մարզերում: Եվ այդ ուսումնասիրությունների արդյունքում հայտնի են ամենամեծ պահանջարկ ունեցող դասընթացները, որոնց թվում են ինֆորմատիկան, համակարգչային հմտությունները, օտար լեզուները (անգլերեն, ռուսերեն, արևելյան լեզուներ), PR-ը, հանրային կապերը, գովազդը, համակարգչային դիզայնը, տուրիզմը և այլն: Հետաքրքրություն չի ցուցաբերվել բնագիտական, ֆիզիկա-մաթեմատիկական առարկաների դասավանդման ուղղությամբ»,- ասաց Ա. Հարությունյանը և հավելեց, որ դասընթացները կազմակերպվելու են՝ հաշվի առնելով սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ