«Այսօր ՌԴ-ին պետք են իրադարձություններ, որոնք աշխարհի ուշադրությունը կշեղեն Ուկրաինայից և այն գործողություններից, որ նա կատարում է Ուկրաինայում»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ՌԴ-ն Քեսաբը չի՞ օգտագործում որպես գործիք իր աշխարհաքաղաքական նպատակների իրագործման համար, այսպես պատասխանեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Հիշեցնենք, որ Քեսաբի վերաբերյալ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը կոչ էր արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկել Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակն ու խոսել նաև զինյալների կողմից քեսաբահայերի գնդակահարության մասին:
Այս առիթով Aravot.am-ի հարցին ի պատասխան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել էր. «Բնական է, որ ՌԴ-ն ունի իր շահերը և առաջնային են ՌԴ շահերը ու միամիտ կլինի կարծել, որ հայերի շահերով են առաջնորդվելու: Նկատենք, որ ՌԴ-ի պես պետությունը հայության մի կարևոր խմբի շահեր բարձրացնում է միջազգային օրակարգում: Սա մեր խնդիրն է նաև, որ այնպիսի քայլեր անենք, որ կարողանանք շահել»:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` հայերն այս խաղերի մեջ մնում են ռուսական քաղաքականության գործիք: Քաղաքագետը փաստեց. «Քեսաբում տեղի է ունեցել ողբերգություն: Պետք է այնտեղից այդ ռազմական ենթակայությունը դուրս բերել և բնակիչներին վերադասավորել իրենց բնակավայրերում, և տարածքը համարել պատերազմից դուրս գտնվող գոտի: Եվ Մոսկվան ոչ միայն չի հավատում արցունքների, այլ հենց Մոսկվայի արցունքներին չեն հավատում, դրանք կոկորդիլոսի արցունքներ են»:
Կարդացեք նաև
Դառնալով հայկական դիվանագիտությանը` պարոն Մեհրաբյանն ասաց. «Հայկական դիվանագիտությունն այնքան ողնաշար չունի, որ մեկ անգամ ևս կրկնի Քեսաբի քաղաքապետի ասածները, որ այնտեղ զոհեր չկան: Իսկ ՌԴ ԱԳ նախարարի ոռնոցներն ուղղակի պետք է խլացնել, այլ ոչ թե հետն էլ դուետ կազմել»:
Կարծիքներ կան, միայն ՌԴ-ն չէ, որ օգտագործում է հայկական խնդիրները: Օրինակ` Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Արևմուտքի կողմից ՀՀ-ին օգտագործելն ավելի ճակատագրական է և Արևմուտքի` ներկայիս հայտարարությունները համեմատում է 1915-ի արևմտյան կողմից հնչող հայտարարություններին: Ռուբեն Մեհրաբյանն այս առիթով նշեց. «Բոլոր դեպքերում, եթե դու սուբյեկտ չես, բնականաբար պետք է օբյեկտին օգտագործել: Հետևաբար` կօգտագործի այն սուբյեկտը, որը գտնվում է ամենամոտը և որն ավելի շատ ազդեցություն ունի: Ամեն ինչ գալիս է նրանից, որ նախևառաջ մենք պետք է օբյեկտ լինենք, նախ պետք է թոթափել ռուսական ստորացուցիչ լուծը, որն այսօր մեր գլխին է փաթաթված»:
Արևմուտքի «հերթապահ» հայտարարությունների մասին պարոն Մեհրաբյանն ասաց. «Այո, դրանք հերթապահ հայտարարություններ են, ուղղակի պետք չէ ավելին ակնկալել այն դեպքում, երբ դու սուբյեկտ չես: Սիրիայում ապրող քրդերը շատ ավելի բարձր բանականություն և քաղաքական դրսևորում ունեցան, քան հայերը: Իրենք իրենց ուժերով ինքնապաշտպանություն ձևավորեցին և չթշնամացան հակամարտող կողմերի հետ` զերծ պահելով իրենց տարածքները պատերազմական գործողություններից»:
ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքը պարոն Մեհրաբյանը «երկու» գնահատեց ու նշեց. «Սիրիայի կոնֆերանսին նույնիսկ մասնակցություն չունեցանք: Եթե դպրոցական մոտեցումով նայենք, ԱԳՆ-ին ուղղակի պիտի երկու նշանակել և վռնդել դպրոցից: Մենք ԱԳՆ չունենք, մենք ունենք արտաքին գործերի թյուրիմացություն: ՄԳԻՄՈ-ի պատվավոր դոկտորի կոչումը բավարար չէ, որ թյուրիմացություն չլինի: Մեր արտաքին քաղաքականությունը նույնիսկ զզվելի է և բացի խղճահարությունից այլ բան չի առաջացնում, արցունքներն էլ չասեմ»:
Պարոն Մեհրաբյանը նկատում է, որ ցանկացած կոնֆլիկտի հանգուցալուծման առաջին քայլը եղել է այն, որ Ռուսաստանը վռնդվել է այդ տարածքներից: Այնուհետև նա նշեց. «Չկա կոնֆլիկտ, ՌԴ-ի ներկայությունը դառնում է անիմաստ: Այս առումով հետևություններ պետք է անել նաև Հարավային Կովկասում: Պետք է կոնֆլիկտը պահել, կոնֆլիկտի մեջ վառելիք ավելացնել` արյուն, ատելություն, Ռուսաստանը դրա համար էլ օգտագործում է գործիքներ, իսկ դրա համար, ցավոք, կամավոր հայտ է ներկայացրել հայության մի որոշակի հատված»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ