Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, Շանթ Հարությունյանի անչափահաս որդու` Շահեն Հարությունյանի նկատմամբ խուլիգանության հոդվածով առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդման հերթական քայլ է:
«Շահեն Հարությունյանը քաղաքական պատանդ է: Շահենի նկատմամբ մեղադրանքը ունի իր նպատակը` ճնշում գործադրել Շանթի եւ ընկերների վրա, որ այդ միջոցով ենթարկեցնեն եւ հաշտեցնեն մեղադրանքին: Որովհետեւ նրանք շատ լավ գիտեն, որ իրենց կողմից ցանկացած մեղադրանք, որ առաջադրվում է, հիմքեր չունի»,-ասաց պարոն Սաքունցը Aravot.am-ի հետ զրույցում:
Նրա խոսքով, նոյեմբերի 5-ի ակցիայից իրեն հայտնի տեսանյութերում չկան գործողություններ, փաստեր, որոնց հիման վրա նախաքննության մարմինը կարող էր կամ հիմքեր ուներ Շահենի նկատմամբ մեղադրանք առաջադրել. «Բայց ակնկալել, որ նախաքննության մարմինը ելնում է փաստական հանգամանքներից, օբյեկտիվությունից, տվյալ դեպքում աբսուրդ է, որովհետեւ ոչ թե տրամաբանությունն է աշխատում` արդարադատություն, օբյեկտիվություն, այլ քաղաքական նպատակահարմարությունը: Շահենի նկատառմամբ առաջադրված մեղադրանքը լիովին տեղափորվում է նախաքննության մարմնի` որպես քաղաքական իշխանության գործիքի տրամաբանական մոտեցմանը, թե պետք է քաղաքական հետապնդում իրականացվի ակնհայտ անհիմն քրեական գործերի հարուցման, կալանքի տակ պահելու միջոցով: Իսկ Շանթի եւ նրա ընկերների նկատմամբ առաջադրված մեղադրանքները հիմքեր չունեին, եթե հիմքեր ունենային, չէին փոխվի: Բացառությամբ երեք հոգու մեղադրանքները փոխվել են խուլիգանության հոդվածի, որովհետեւ չկային հիմքեր, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ կատարվել է բռնություն, հիմա փորձում են խուլիգանություն որակել այն իրավիճակը, որը ստեղծել են հենց իրենք` քաղաքացիական հագուստով ոստիկան հանդիսացող սադրիչների միջոցով: Այն խժդժությունը, որ ստեղծեցին դա որակել որպես խուլիգանություն»:
Պարոն Սաքունցի խոսքով, առաջիկա դատական նիստերին բացահայտվելու է նոյեմբերի 5-ի դեպքերով կալանավորված քաղաքացիների մեղադրական հիմքերի սնանկությունը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ` Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Այն նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ