Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կանգնած են մեծ մարտահրավերների առջեւ

Ապրիլ 03,2014 18:25

Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանի ղեկավարության որոշումից առաջ Թուրքիային եւ Ադրբեջանին հեշտ էր դիմագրավել հայաստանյան դիվանագիտությանը։ Իսկ այժմ արդեն ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական կամքի նշանակալից մասը փոխանցվելու է Ռուսաստանին։ Ադրբեջանի համար դա ամենաանընդունելի երեւույթն է, որը երկար տարիներով հետաձգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությանն ավելի հեշտ էր պայմանավորվել հայաստանցի, քան ռուսաստանցի գործընկերների հետ, որոնք կարգավորման գործընթացը պահպանելու են առկախ վիճակում։

Առաջին անգամ ողջ հակամարտության ընթացքում մի իրավիճակ է ստեղծվել, երբ Ադրբեջանը շահագրգռված է իր կողքին ունենալ տնտեսապես եւ քաղաքականապես հզոր, եվրոպամետ Հայաստան։ Դրանով է բացատրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի լավատեսությունը 2013 թ. նոյեմբերին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման առթիվ, որն արտահայտվել է նրանց հետեւյալ խոսքերով՝ «Նախագահները դեռ երբեւէ այդքան մոտ չէին փոխըմբռնմանը. . .»։

Սույն հոդվածի շրջանակներում հնարավոր չէ նկարագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա ազդեցություն ունեցող բոլոր արտաքին գործոնները։ Այդուհանդերձ, կցանկանայի նշել, որ Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի ղեկավարության որոշումից բացի, որը փոփոխել է ղարաբաղյան հակամարտության լուծման սպասելիքների աստիճանը եւ էլ ավելի մեծացրել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործում, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններն, անշուշտ, նույնպես ազդելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Եթե Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Հայաստանի որոշումը Ռուսաստանի վարկանիշի վրա ցավագնորեն չի անդրադարձել, ապա ուկրաինական իրադարձությունները, որոնք պատասխան էին ուկրաինական ղեկավարության համանման որոշմանը, լուրջ ֆիասկո են դարձել Ռուսաստանի համար։

Այս իրադարձություններն անդրադառնալու են նաեւ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարքագծի վրա։ Եթե Ուկրաինայից առաջ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը ցուցադրաբար ոչ գործընկերային էր, ապա Ուկրաինայում իր քաղաքականության տապալումից եւ իր ազդեցության գոտուց Ուկրաինայի փաստացի ձերբազատվելուց հետո Ռուսաստանն արագորեն վերանայելու է Հայաստանի նկատմամբ իր վերաբերմունքը։ Եվս մեկ կորուստը Հարավային Կովկասում կնշանակի հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի գերակայության ավարտ…

 

Շուտով մենք ականատես կլինենք, թե ինչպիսի ճկունությամբ է Ռուսաստանի ղեկավարությունն արձագանքում իր իսկ քաղաքականությամբ ստեղծված մարտահրավերներին… Մի բան պարզ է՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կանգնած են մեծ մարտահրավերների առջեւ եւ նրանց կշռադատված ինքնուրույն կեցվածքից է զգալիորեն կախված լինելու ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։

Մանրամասները կարող եք կարդալ` «Անալիտիկոն» հանդեսի կայքում:

 

Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

«Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության ԼՂ կոմիտեի համակարգող

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930