Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շեկոյի` Արտյոմ Կարապետյանի սպանության գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ Շեկոն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր թիկնապահն էր, որը մահացավ անցած տարվա ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցների հետևանքով:
Հենց այդ ժամանակ էլ վիրավորվեց պատգամավորի նույն հորեղբոր երեխաների կնքահայրը՝ Հարություն Խաչատրյանը՝ «Քավոր Հարութը»:
Ինչպես հայտնի է, այս գործով ամբաստանվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին` Վահե Ղուկասյանը, որն, ըստ մեղադրանքի, փորձել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից ապօրինաբար շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին: Ըստ մեղադրանքի, ապրիլի 23-ին իր նպատակը իրագործելու համար Վահե Ղուկասյանը Վարդանանց հրապարակից հետապնդել է Հարություն Խաչատրյանին ու Արտյոմ Կարապետյանին, հասնելով Շիրակացի փողոցի «Ցածր գներ» խանութի դիմաց, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով առնվազն 3 անգամ կրակել է Հարություն Խաչատրյանին:
Կարդացեք նաև
Այս գործով դատարանը այսօր հրապարակեց կարևոր վկաներից մեկի`«Ցածր գներ» վաճառատան աշխատակցուհի Սոնյա Գարամյանի նախաքննական մարմնին տված ցուցմունքի տեսաձայնագրությունը: Բանն այն է, որ այս վկան մեկ անգամ քննվելով դատարանում` իր նախաքննական ցուցմունքից խիստ տարբեր ցուցմունք էր տվել: Նա դատարանում հայտարարել էր, թե սև մեքենայից դուրս եկած չաղ մարդն է կրակոցներ արձակել սպիտակ մեքենայի վրա: Սև մեքենան պատկանում է քավոր Հարութին, իսկ սպիտակը Ղուկասյանների մեքենան է:
Այսօր դատարանը տեղադրեց նրա` նախաքննական մարմնին տված հարցաքննության տեսաձայնագրությունը, որտեղ վկան բավական մանրամասն քննիչին պատմում էր կրակոցների ժամանակ իր տեսածի մասին : Ըստ նրա, սպիտակ մեքենան հետապնդել է սև մեքենային, այնուհետ սպիտակ մեքենայից դուրս եկած անձը` քրտնած, զայրացած կրակոցներ է արձակել գեր մարդու ու փոքրիկ աղջկա ուղղությամբ: Աղջիկը փախել է շենքի ուղղությամբ, տղամարդը` հետևից: Վկան անգամ թվարկում էր մեքենաների պետհամարնիշները, հագուստը:
Վկան դատարանում հայտարարեց, որ իր իրեն ստիպել են, որ նման ցուցմունք տա, իր վրա ձեռք են բարձրացրել, հայհոյել են, ճնշել ու ինքը ստիպված նախաքննական մարմնին այս ցուցմունքն է տվել: Դատախազը ապշեց, թե որտեղից նա գիտեր այդ հանգամանքները, որ նկարագրում էր, օրինակ` պետհամարանիշները, հագուստը: Դատախազը անգամ հրապարակեց վկայի հայտարարությունը լուսանկարների վերաբերյալ: Նախաքննական մարմինը այս վկային լուսանկարներ է ցույց տվել` հարցնելով` ճանաչո՞ւմ է որևէ մեկին: Սոնյա Գարամյանը, տեսնելով լուսանկարները, ասել է, թե դրանից մեկը այն անձն է, ով սպիտակ մեքենայից իջավ, կրակոցներ հնչեցրեց սև մեքենայի ուղղությամբ, որի միջից իջան գեր տղամարդն ու փոքրիկ աղջիկը: Հիշեցենք, որ խոսքը քավոր Հարութի և նրա անչափահաս դստեր մասին է:
Սակայն վկան դատարանում հրաժարվեց նաև լուսանկարների մասին իր արած հայտարարությունից`ասելով. «Ես ձեզ ասում եմ, աղջիկ չեմ տեսել, ես ասում եմ սև մեքենայից իջնելով գեր տղամարդ եմ տեսել` զենքը ձեռքին` կրակելով»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ