Արդյո՞ք Սահմանադրական դատարանի նման որոշումը PR հնարք էր իշխանությունների կողմից, որպեսզի «Դեմ եմ»-ի շարժումը գոնե ինչ-որ ժամանակով մարի Aravot.am-ի հարցին, PR մասնագետ Հայկ Կիրակոսյանն ասաց. «Ակնհայտ է, որ ժամ առաջ կառավարությունը կփորձեր, որպես լրացուցիչ հարկատեսակ, այդ գումարները «պոկել» քաղաքացիներից, եթե չլիներ այդ հասարակական քաղաքական շարժումը: Ուղղակի պարտվող կողմն էլ միանշանակ չի ընկալում իր պարտությունը եւ մենք ականատես ենք լինում այն մեխանիզմի հին ու բարի կիրառմանը` կրքերը սառեցնել հանդարտեցնել հետո ավելի հանգիստ պայմաններում անել»:
Հայկ Կիրակոսյանի խոսքերով. «Ցավոք սրտի, Սահմանադրական դատարանը, մեր պետության ներսում ինքնավար մարմին չեմ դիտում, այնինչ պետք է այդպես լիներ, ուղղակի հիմա գործում է հանրահայտ`բաժանիր, որ տիրես մեխանիզմը, մենք սա ամեն անգամ տեսել ենք, երբ որ ընդդիմությունը կարողացել է, հանրային բորբոքումը, հանրային մոբիլիզացումը հասցնել ինչ-որ կետի ու այդ պահին իշխանությունը տեղում ջլատել է ընդդիմությանը: Այդպես եղավ ՀԱԿ-ի դեպքում:
Այդ հնարքը աշխատել է մի քանի անգամ եւ հիմա էլ հույսը դնում են այդ հնարքի աշխատելու վրա»:
PR մասնագետը, սակայն համաձայն չէ այն եզրահանգումներին, որ սա, նախաձեռնության անդամների թերի հաղթանակ էր. «Այն միանշանակ պայքարող քաղաքացիների ակտիվ կամ պասիվ հաղթանակն էր, պետք չէ թերագնահատել, այսպիսի հաղթանակները բերում են մեծ հաղթանակների: Ամենակարեւորն այն է, որ` մասնատիր որ տիրեսին, որպես հակակշիռ չմասնատվելն է եւ չհուսահատվելը: Այսօր արդեն որոշ գործատուներ հայտարարում են, որ պատրաստ են տույժ-տուգանքների տակ ընկնեն, բայց մինչեւ չվճարեն այդ գումարները: Դա արդեն նշանակում է, որ պայքարողների շարքերը համալրվում է, ոչ թե նվազում է»:
Անդրադառնալով, այն հարցին, որ անկախ ՍԴ որոշումից, պարտադիրի գումարները պետք է, այնուամենայնիվ, պահվեն, Հայկ Կիրակոսյանն ասաց. «Աբսուրդն է այն է, որ այդ պահումները պետք է լինեն մինչեւ սեպտեմբեր, այսինքն` ստացվում է` հակասահմանադրական ճանաչվելուց հետո հակասահմանադրական գործողություններ անենք, մինչեւ տեսնենք գլուխներս ինչ կգա»:
Կարդացեք նաև
Պարոն Կիրակոսյանը չբացառեց, որ կառավարությունը նորից սոցվճարի հարկատեսակը կյանքի կկոչի, հատկապես, որ` «Ժամանակին խորամանկություն արեցին եւ սոցվճարը միավորելով մեկ` եկամտահարկ մտցրին: Հիմա, որպես այդպիսին, սոցվճար չկա, կամ գուցե անունն ուրիշ հարկ դնեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ