Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ոստիկանների սադրանք չլիներ, ոչ մի երեւույթ չէր լինելու». Պատմում է Շանթ Հարությունյանի ազատ արձակված ընկերը

Ապրիլ 03,2014 17:54

Շանթ Հարությունյանի ընկերը` Միսաք Առաքելյանը, 5 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո ազատ արձակվելու լուրից դեռ չի սթափվել, ասում է` շոկի մեջ է:

Նա Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով 14 կալանավորվածներից մեկն էր, որ երկու օր առաջ է ազատ արձակվել:

Հիշեցնենք, որ սկզբում նրա նկատմամբ առաջադրել էին քրեական օրենսգրքի 316 հոդվածը` (դիմադրություն ոստիկաններին), հետո այն փոխվեց քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն):

Misaq-Araqelyan

Թե իսկապես դիմադրե՞լ է ոստիկաններին, նրանց հրե՞լ կամ հարվածե՞լ է դեպքի օրը, Միսաք Առաքելյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել, ասաց` դեպքի օրվա մասին ինքը դեռ ցուցմունք չի տվել, հրաժարվել է. «Նման փաստեր կհրապարակեմ դատարանում»:

Նա պատմեց, որ Շանթ Հարությունյանին ճանաչում է 1990 թվականից. «Նրա հետ նույն ջոկատում եմ եղել, նույն կուսակցությունից եմ եղել: Հայաստանի ցեղապաշտական կուսակցությունը, ժամանակին  գրանցված էր: 90 թվականից Շանթի հետ եմ: Շանթը գնաց հեղափոխության, նրա հետ գնացել եմ»:

Նա նաեւ ասաց, որ նոյեմբերի 5-ին իրավիճակը սրվել է ոստիկանների սադրանքով. «Պարտադիր սադրանքն  եղել է, եթե սադրանք չլիներ, ոչ մի երեւույթ չէր լինելու: Մենք դուրս էինք եկել խաղաղ երթի: Նոյեմբերի 5-ը հեղափոխականի օրն էր, նշվում էր աշխարհի մոտ 400 երկրներում: Մեր դիմակները, որոնք կրում էինք, թաքնվելու կամ ինչ-որ բանից խուսափելու համար չէր, մեր դեմքերը փակ չէին… Իմ մոտ շոկային վիճակ է: Ընկերներս այնտեղ են, ես մենակ եմ դուրս եկել, չնայած իմ դուրս գալն արդեն հաղթանակ է, որովհետեւ դա թույլ տվեց քննչական մարմնի թուլությունը»:

Թե ոստիկանները կոնկրետ ինչ սադրանքների են դիմել, նա  չասաց, կրկին պնդեց, որ նույնիսկ դեռ ցուցմունք չի տվել: Նա նաեւ հստակեցրեց, որ դեպքի օրը ամենեւին էլ չէին ծրագրել գնալ Բաղրամյան 26. «Նույնիսկ մենք չենք իմացել` ուր ենք գնալու, նախնական նախատեսել էինք պտտվել օպերայի շուրջ, կոնկրետ երթուղի չէինք ունեցել»:

Միսաք Առաքելյանը այս պահին առողջական խնդիրներ ունի` հոդերի բորբոքում:  Առողջական խնդիրները սրվել են քրեակատարողական հիմնարկում: Նա ասաց, որ այնտեղ էլ համապատասխան բժիշկ չի եղել, ու ինքը սեփական ֆինանսական միջոցներով է մասնագետ կանչել:

Նրա համոզմամբ, անազատության մեջ գտնվող իր բոլոր ընկերներին էլ ազատ են արձակելու. «Բոլորն էլ ազատ են արձակվելու, ժամանակի հարց է, որովհետեւ որեւէ մեղադրանք կոնկրետ հիմնավորում չունի»:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի որդու` Շահենի, նկատմամբ առաջադրված մեղադրանքին, Միսաք Առաքելյանը վստահեցրեց, որ «Շահենի մեղադրանքով  Շանթին փորձում են բարոյալքել, թուլացնել»: Նա չմտաբերեց, թե դեպքի օրը ինչ գործողություններ էր անում Շահենը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930