«Հայաստանի գրողների միությունն (ՀԳՄ) այլևս չի վերահսկում և չի առաջնորդում գրական կյանքը Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Նրա դիտարկմամբ՝ գրական կյանքն այսօր ավելի շատ Գրողների միությունից դուրս է ծավալվում, քան նրա ներսում: Գրականագետը դրա պատճառներից մեկը համարում է այն, որ ՀԳՄ-ն, ինչպես նշեց նա, դեռ նոր-նոր փորձում է անել այն ամենը, ինչն արդեն սկզբնավորվել է մեզանում 5-6 տարի առաջ. «ՀԳՄ-ն այսօր մեր երկրում գրական կյանքն աշխուժացնելու գործընթացին հասնելու խնդիր ունի,- ասում է Ա. Նիկողոսյանը,- և նույնիսկ այն ծրագրերը, որոնք այսօր Գրողների միությունը նախատեսում է իրականացնել կամ իրականացնում է, մեզանում իրենց նախատիպերն արդեն ունեն և մեծ թափով արվում են հատկապես վերջին երեք-չորս տարիներին» (նա, մասնավորապես, նկատի ունի Գրողների միությունում վերջերս բացված ակումբները՝ շախմատի, բանավեճի և գրական – Ս. Հ.):
Անդրադառնալով վերը նշված ակումբներին՝ ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը պարզաբանեց, թե ինչու են որոշել դրանք ստեղծել: «Նպատակը ինտելեկտուալ մարդկանց միմյանց հետ շփումն է, գրական քննարկումներն ու բանավեճերն են, որոնք ինչ-որ տեղ կարող են նպաստել գրական կյանքի աշխուժացմանը»,- ասաց նա:
Ա. Նիկողոսյանն ի պատասխան ասաց, որ թեև ինքը բարձր է գնահատում ՀԳՄ-ի վերջին շրջանի նախաձեռնությունները, բայցևայնպես, դրանց գործառնությունն այնպես չի պատկերացնում, ինչպես պարոն Դեմիրճյանն է ներկայացնում: «Պարզապես, ես մի մտավախություն ունեմ: Դա այն է, որ, ինչպես մեր հասարակության մեջ ընդհանրապես, այնպես էլ ՀԳՄ-ում, կա որոշակի խավերի բաժանում, և այդ ակումբները, հատկապես շախմատի ակումբը, ինչ-որ տեղ գալիս են բավարարելու գրողական որոշակի մի խավի պահանջները՝ դառնալով գրեթե միշտ գրական պրոցեսից դուրս, պարապ մնացած, Գրողների միությունն այցելավայր դարձրած մարդկանց հավաքատեղի»,- ասում է պարոն Նիկողոսյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՀԳՄ-ի նորաբաց ակումբների «ուշացածությանը», գրականագետն ասաց, որ այսօր Երևանում շատ կարելի է տեսնել գրախանութ-սրճարաններ, որոնք արդեն կատարում են այդ ակումբների դերը: «Դրանցում գրադարակներ կան, գրքեր են վաճառում, և ցանկացած պահի կարելի է գնալ, քննարկում կազմակերպել այնտեղ, այս կամ այն գրական հարցի շուրջ խոսել,- ասում է գրականագետը:- Պատահական չէ, որ վերջին տարիներին շատ գրողներ իրենց գրական ընթերցումները, գրքերի քննարկումները կազմակերպում են Գրողների միությունից դուրս՝ միաժամանակ ձևավորելով բազմաթիվ հրաշալի ավանդույթներ, որոնք այսօր էլ շարունակվում են»:
Ի՞նչ է առաջարկում Արքմենիկ Նիկողոսյանը:
«ՀԳՄ-ն սերնդափոխության կարիք ունի: Սերնդափոխություն՝ ոչ թե պարզապես ավագ սերնդի ներկայացուցիչներին հանելով և նրանց տեղը երիտասարդներ բերելով, այսինքն՝ զուտ տարիքային փոփոխություն անելով, այլ հայացքների, մոտեցումների և գործունեության թարմությամբ հատկանշվող մարդկանց ընդգրկելով: Մինչդեռ, այսօր Գրողների միությունում շարունակվում է ավագների «գերիշխանությունը», և երիտասարդները գրեթե ոչ մի գործընթացում ներգրավված չեն, իսկ այդ չափանիշներով, կադրերի այդպիսի ընտրությամբ այնտեղ անհնար է առաջընթաց ապահովել, ինչքան էլ ակումբներ բացվեն»,- համոզված է Ա. Նիկողոսյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ