Փետրվարի 20-ին Կիևի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած՝ մոտ 100 մարդու կյանք խլած բախումների առթիվ հարուցված քրեական գործի հետաքննությունը առաջին առարկայական արդյունքներն է տալիս: Չորեքշաբթի երեկոյան ուկրաինական 5-րդ հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարեցին երկրի գլխավոր դատախազության ղեկավարները:
Գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին նշում էր, որ բոլոր ձերբակալվածները մի քանի շաբաթ առաջ լուծարված «Բերկուտ» հատուկ ջոկատի աշխատակիցներ են:
«Նրանք «Բերկուտ»-ի հատուկ նշանակության վաշտի՝ այսպես կոչված «Սև վաշտի» ծառայողներ են: Այս ստորաբաժանումը նախատեսված էր հատուկ գործողությունների իրականացման համար: Այս վաշտին [փետրվարյան իրադարձությունների ընթացքում] զենք է բաժանվել, այդ թվում՝ դիպուկահար զենք», – ասել է ուկրաինական դատախազության ղեկավարը:
«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում դատախազության մամուլի ծառայության ղեկավար Վասիլ Զորյան նշել է, որ ձերբակալված ոստիկանների ընդհանուր թիվը 12-ն է: Դատախազությունից նաև տեղեկացրել են, որ քննչական խումբն իրականացրել է ոստիկանների առաջին հարցաքննությունները, որոնց ընթացքում նրանք նշել են, որ ցուցարարների վրա կրակելու հրամանը արձակել է անձամբ Վիկտոր Յանուկովիչը` համապատասխան ստորաբաժանումներին իր այդ որոշումը հասցնելով անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի պաշտոնյաների միջոցով:
Կարդացեք նաև
Գեւորգ Ստամբոլցյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում