Այսօր Կապանի տարբեր թաղամասերի բնակիչներից հեռախոսազանգեր ենք ստացել, որ ծորակներից պղտոր ու գունափոխված ջուր է մատակարարվել իրենց, այն հնարավոր չէ օգտագործել խմելու կամ ճաշ եփելու համար:
«Ծորակը բացեցի՝ տեսա դեղին գույնի ջուր է գալիս, թողեցի մի քիչ նստվածք տա, որ ամանները կարողանամ լվանամ, բայց խմելու համար պիտանի չի, տանը փոքր երեխա ունեմ, ես ո՞նց էդ ջրից տամ երեխուն, ոչ էլ զգուշացրել են, որ պղտորվելու է՝ գոնե մի քիչ մաքուր ջուր կհավաքեի: Ու չգիտենք՝ ինչքան կտեւի…», – նշեց Շահումյան փողոցից մեզ ահազանգած բնակչուհիներից մեկը:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը տեղեկացրեց, որ ջրի պղտորման պատճառը ձնհալն է, մաքրման կայանը չի հասցնում լիարժեք մաքրել ձնհալի հետեւանքով վարարած գետի ջուրը:
«Գիշերը մի պահ դադարեցրել ենք, որ ջուրը պարզի, նոր մատակարարվի քաղաքին: Չգիտենք՝ ինչքան կտեւի, կախված է եղանակային պայմաններից: Ջուրն օգտագործման համար պիտանի է, վարակազերծված է եւ համապատասխանում է ստանդարտներին», – նշեց Հովհաննես Գեւորգյանը:
Առաջին դեպքը չէ, որ հորդառատ անձրեւների ու ձնհալի ժամանակ «Հայջրմուղկոյուղին» պղտոր ու գունափոխված ջուր է մատակարարում կապանցիներին, ձնհալի ու առատ տեղումների ժամանակ բաժանորդները հաճախակի են նման իրավիճակներում հայտնվել: Պատասխանատու կառույցը մշտապես պարզաբանել է, որ մաքրման կայանի սարքավորումները հնամաշ են եւ ի զորու չեն ջրի մաքրումը լիարժեք իրականացնել:
Բայց այսօր «Կապան» տեղամասի պետը հավաստիացրեց, որ այսուհետ հնարավոր կլինի զերծ մնալ նման իրավիճակներից, քանի որ «Հայջրմուղկոյուղու» կողմից Կապանի տարածաշրջանում իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ մաքրման կայանում եւս աշխատանքներ են տարվում:
«Վերանորոգման աշխատանքներ են տարվում այնտեղ, ֆիլտրերը, ավազը փոխվում են, տանիքն է նորոգվում եւ այլն», – ավելացրեց Հովհաննես Գեւորգյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վայ, ինչ ամոթա: Ինչ ամոթ ա:
ԱՄԲՈՂՋ հանքերը տվել են 1-2 մարդու,բայց արդեն 20 ՏԱՐԻ է մի հասարակ մաքրման կայանի սարքավորում «չեն կարողանում փոխեն»: Բայց Քաջարանի հանքից Արծվանիկի պոչամբար 36 կմ. խողովակ կարողանում են գցեն. ՔՅԱՐԸ այնտեղ է: Հասարակ ժողովուրդը «կեղտոտ ջրով էլ յոլա կգնա»՝ 5000 դրամանոց դեմոկրատիայում: