Շարունակվում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա:
Ապրիլի 2-ին պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Բունդեսթագի մի շարք պատգամավորների, այդ թվում՝ քրիստոնյա-դեմոկրատ Մայք Բերմանի և սոցիալ-դեմոկրատ Շտեֆեն-Կլաուդիո Լեմմեի հետ:
Հանդիպումների ընթացքում գերմանացի օրենսդիրներին ներկայացվեցին ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացի առանձնահատկությունները։ Միևնույն ժամանակ, շեշտվեց միջազգային գործընթացներին Արցախի ներգրավման կարևորությունը, ինչը լուրջ հիմք կարող է հանդիսանալ ժողովրդավարական արժեքների և ազատությունների ամրապնդման գործում: Քննարկվեցին նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող և տարածաշրջանային բնույթի մի շարք հարցեր:
Բունդեսթագում կայացած հանդիպումներին ԼՂՀ պատվիրակությանն ուղեկցում էր Բեռլինի Ազատ համալսարանի դոկտորանտ, ծագումով արցախցի Անդրանիկ Ասլանյանը:
Կարդացեք նաև
Նույն օրը երեկոյան Բեռլինի Լիխտեմբերգ թաղամասի եկեղեցուն կից գործող սրահում տեղի ունեցավ Արցախի խորհրդարանի նախագահի հանդիպումը ԳԴՀ մայրաքաղաքի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Դիմելով ներկաներին, Աշոտ Ղուլյանն արցախցիների անունից շնորհակալություն հայտնեց գերմանահայ համայնքին՝ ԼՂՀ-ին ցուցաբերվող մշտական օգնության և աջակցության համար և պատմեց վերջին տարիներին Արցախի քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում իրականացված բարեփոխումների, արձանագրված հաջողությունների մասին:
Հանդիպման ավարտին, ի նշան երախտագիտության, Բեռլինի հայկական եկեղեցական և մշակութային համայնքը, Բեռլինի հայ համայնքը և Հայ ու եվրոպացի մասնագետների ասոցիացիան ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի կողմից պարգևատրվեցին Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-ամյակի հուշամեդալով:
ԼՂՀ պատվիրակության այցը շարունակվում է:
ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ