Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «ՍԴ-ն արել է շատ կոռեկտ, վերին աստիճանի գրագետ եւ տեղին որոշում»

Ապրիլ 03,2014 16:44

«Ես շատ բարձր եմ գնահատում ՍԴ որոշումը: Այդ որոշմամբ հստակեցվում է, որ պարտադիր վճարները վերադարձի ենթակա են: Այստեղ երկիմաստություն չկա: ՍԴ-ն արել է շատ կոռեկտ, վերին աստիճանի գրագետ եւ տեղին որոշում»,- Կուտակային կենսաթոշակի մասին ՍԴ որոշումը  Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց նախկին պատգամավոր, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքերով՝ «Խնդիրն այլ վայրում է: Մեզ մոտ պակասում է սահմանադրականությունը: Ամենակարեւորը, որ պակասում է այդ հասկացությունը եւ միջավայրի ընկալումը հենց օրենսդիրի եւ գործադիրի կարկառուն դեմքերի կողմից: Դա երեւում էր եւ դատական գործընթացի ժամանակ: Դա երեւաց անմիջապես այն նույն ոճով մեկնաբանություններից, որ իրենք թույլ են տվել հենց առաջին որոշումից հետո, ինչը խոսում է արմատավորված կամայականության մասին, որ կա գործադիրում եւ օրենսդիրում»:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն  ասում է, որ սխալ ենք հասկանում, օրենքը դեռ գործում է եւ պահումներ չկատարողները կենթարկվեն պատասխանատվության: Այս առնչությամբ մեր հարցին Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Դավիթ Հարությունյանը փաստորեն ունի իր մոտեցումը եւ դա առաջին անգամը չէ: Նույնը տեղի է ունեցել եւ սեփականության իրավունքի վերաբերյալ, երբ տարիներ շարունակ ՍԴ-ն իրար վրա ընդունել է որոշումներ, որ չի կարելի այն ձեւով, որով որ նրանք փլում էին տները, փլում են ուղղակի քաղաքացիների սեփականությունը՝ համարել օրինական, որովհետեւ դու ընդունում ես օրենք: Ցավոք սրտի, այսօր Դավիթ Հարությունյանի մոտեցումը կարծես թե համապատասխանում է իշխող կուսակցության նկրտումներին»:

ՍԴ անդամներից մեկը՝ Ֆելիքս Թոխյանը մի քանի հեռուստաընկերությունների տված հարցազրույցում նույնպես ասել էր, որ քաղաքացիները պետք է շարունակեն մինչեւ սեպտեմբերի 30-ը վճարել այդ պարտադիր վճարները: Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությամբ՝ «Ես չեմ լսել, թե ինքն ինչ է ասել, բայց դա թյուրըմբռնում է: Խոսքը գնում է հետեւյալ բառակապակցության մասին: Երբ խոսում են, որ լրիվ օրենքը հակասահմանադրական է համարվել՝ դա սխալ բառակապակցություն է: Հակասահմանադրական են ճանաչվել այն բոլոր հոդվածները, որոնց մասին հայտարարվել է: Այս առումով ուղղակի պետք է կոռեկտ արտահայտություններ օգտագործել: Չեմ կարծում, որ այստեղ կա երկիմաստություն»:

Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց, որ գանձված գումարները ՍԴ որոշումից հետո ենթակա են վերադարձման եւ այդտեղ երկու կարծիք լինել չի կարող. «Հստակեցվել է, որ դա տեղի է ունեցել կամայականորեն: Բոլոր նրանք, որոնք համարում են, որ դա իրենց կամքին հակառակ է տեղի ունեցել, նրանք կարող են դիմել եւ իրենց գումարները հետ ստանալ, վերադարձնել: Ես չեմ կարծում, որ այդտեղ երկիմաստություն կա: Այստեղ կա կամայականության պարարտ հող եւ ոչ օրենսդիրը, ոչ իշխանական թեւի գործադիրը մտադիր չեն գնալ սոցիալական համերաշխության ճանապարհով: Պետք է ասեմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը շատ բարձր եմ գնահատում այդ առումով: Եթե մենք տեսնենք, թե ինչ է արել Սահմանադրական դատարանը եւ թույլ չտանք կամայական մեկնաբանություններ, ապա դա Մայդանի բացառում է: Դա ավելի շատ հասարակության կողմից պահանջատիրության եւ սահմանադրականության ճանապարհն է: Այն, ինչ անում է շատ անգամ օրենսդիրը, ուղղակի կամայականության դրսեւորում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930