Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան իր ցուցմունքում անդրադարձել էր հոր եւ որդու ինքնասպանությանը (Տեսանյութ)

Ապրիլ 03,2014 15:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 մլն դրամի գողության գործով Էդգար Կարաքեշիշյանի եւ Աշոտ Առուշանյանի  քրեական գործով դատական նիստը: Դատարան չէին ներկայացել մի քանի վկաներ՝ բնակության վայրն անհայտ լինելու պատճառով, այդ իսկ պատճառով  հրապարակվեցին վկաների ցուցմունքները:

Դատարանում չէր նաեւ տուժողը:

Mesrop_Makyan Manana_greyn

Վկա Կարեն Մկրտչյանը եղել է հանգուցյալ Արտաշ Գալուստյանի ընկերը, նրա հետ ծառայել է բանակում: Այդ վկան 5 անգամ է ցուցմունք տվել եւ եթե առաջին հարցաքննության ժամանակ չէր ասել, որ Էդգար Կարաքեշիշյանն իրեն ի պահ է տվել 6 մլն դրամ գումար՝ Ռուսաստան մեկնելուց առաջ, ապա հաջորդ ցուցմունքներում հայտնել էր այդ մասին, միեւնույն ժամանակ տեղեկացնելով, որ տեղյակ չի եղել, թե ինչ գումար է եղել այդ:

Գումարները եղել են 5000, 10 000 եւ 20 000 -ական դրամ կապոցներով:

Այս վկան տեղեկացել է Արտաշին գողության համար բռնելու մասին: Նա հանդիպել է հորը՝ Պետրոսին,  եւ ասել էր, որ եթե խնդիրներ առաջանան՝ դիմի իրեն: Մասնավորապես՝ փաստաբանի համար 200.000 դրամ էր վճարել, ապա Պետրոս Գալուստյանը վերադարձրել էր այդ գումարը: Իսկ երբ Արտաշ Գալուստյանին ազատ էին արձակել «Նուբարաշենի» մեկուսարանից՝ ինքնասպանությունից 4 օր առաջ, վկան հանդիպել էր հորը եւ որդուն.«Ես գնացի նրանց տուն.շատ լարված էր: Արտաշն ասաց՝լավ չի, ինչի համար էր սա: Իսկ հայրն էլ ասաց, ջահելների խոսքով՝ քո հագով չէր»:

Պետրոսը պատմել էր վկային , թե ինչերի միջով է անցել որդին մեկուսարանում, ինչը հրապարակեց Աշոտ Առուշանյանի պաշտպանը՝ Լիպարիտ Սիմոնյանը: Ըստ վկայի՝ որդու կախվելուց հետո  չդիմանալով կատարվածին՝ ինքնասպան է եղել հայրը:

Ըստ վկայի, Արտաշի հոգեվիճակն իր իմացած ընկերոջ հոգեվիճակին նման չէր:

 

Էդգար Կարաքեշիշյանի եղբայրը՝ Արթուրն աշխատել է ոստիկանության համակարգում, կոչումը եղել է ավագ: Էդգարի՝ Ռուսաստան  մեկնելուց հետո Արթուրը Կարենին երկու անգամ է հանդիպել, նրանից վերցրել է 1,5 մլն, ապա կես մլն դրամ: Նա, ինչպես իր ցուցմունքում է ասել, չի իմացել, որ դա գողացած գումար է:

Հրապարակվեց ամբաստանյալի ընկերուհու ցուցմունքը նույնպես, որը որեւէ արտառոց բան չի նկատել Էդգարի վարքում:

Հանդիպել են մի քանի անգամ, իսկ գումարով պարտք էլ Էդգարն իրեն չի տվել երբեք:

Հրապարակված ցուցմունքներից ուշագրավ էր 4-րդ վկայի՝ Գալուստյանների հարեւանի՝ նախկին ԿԳԲ-ի եւ ոստիկանության աշխատակցի ցուցմունքը, ինչը զայրացրեց անգամ Էդգար Կարաքեշիշյանին, որը հանդես եկավ հայտարարությամբ, ասաց, թե վկայի բնակության հասցեն կտրամադրի՝ նրան դատարան կանչելու համար, ասաց, որ նրան ցանկացած գումար տրամադրելու դեպքում նման ցուցմունք կտար:

Ի դեպ, պաշտպանական կողմին դատարանը տրամադրել էր հնարավորություն, իրենց վկաներին դատակոչելու համար, եւ տրամադրված հասցեն էլ առաջարկել էր պաշտպանական կողմը, որը սխալ էր եղել:

Այս վկան ասել էր, թե Էդգարն իր եղբոր հետ, գումարով «գնել» է մեկուսարանը, ամեն օր վախեցրել է Արտաշին, որ ցուցմունքը փոխի:

Արտաշին մեկ տարել են 51 խուց, մեկ՝ 21, քրեականնների, որոնց դեմքերին նայելով՝ Արտաշը վախեցել է, այդ մասին նա ասել էր հորը, հայրն էլ հարեւանին:

Կարանտինում գտնվելու ժամանակ Արտաշ Գալուստյանը երկու անգամ մահափորձ է արել, մեկ պարանը կտրվել է, ձախողվել է փորձը, մեկ որովայնով ընկել էր դանակին, դանակը ծռվել էր:

Վկայի ցուցմունքի համաձայն, դրսում էլ Գալուստյանների հորը սպառնացել է նրա նախկին ոստիկան եղբայրը, ում միջոցով էլ գումարներ են մտել քրեակատարողական հիմնարկ:

Ամբաստանյալն ասաց, թե «մեկուսարանը մանկապարտեզ չի, որ գումար մտնի, դուրս գա, իսկ հանրային պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանն էլ ասաց, թե այս ցուցմունքից հետո ՔԿՀ-ի կեսից ավելին հիմա դատապարտված պիտի լիներ:

Ի դեպ, վկան հորից լսելով Արտաշի հարեւան խցում գտնվող ամբաստանյալի սպառնալիքների մասին, խորհուրդ էր տվել Պետրոսին,  որպեսզի դիմի իրավապահներին, քանի որ Արտաշը հեռախոսով ասել էր հորը, թե իր դիակն այնտեղից դուրս կբերեն:

Թոշակառու վկան նաեւ հայտնել էր, որ 2012թ.-ին տեղեկացել էր, որ Պետրոսենց տան խուզարկության ժամանակ 900 000 դրամ են գտել Արտաշի դոշակի տակից:

Ապացույցների հետազոտման փուլը շարունակվում է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930