Մարտի 25-ին Կապանի քաղաքապետարանի եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջեւ ստորագրված պայմանագրով՝ Կապան քաղաքային համայնքին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (ներքին ցանց, օրվա կարգավորիչ ջրամբարներ, պոմպակայաններ, սարքավորումներ, շենքեր, շինություններ, մեքենա-մեխանիզմներ և այլն) 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնվեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, իսկ վերջինս էլ պարտավորվեց նշված ժամանակահատվածում ստանձնել գույքի պահպանումը, օգտագործումը, իսկ շահագործման ավարտից հետո համայնքին վերադարձնել նույն վիճակում:
Կապանցիները բազմիցս են իրենց դժգոհությունը հայտնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության մատուցած ծառայություններից՝ մատակարարվող խմելու անորակ ջրից, ջրագրաֆիկի հաճախակի խախտումներից, պարբերաբար տեղի ունեցող վթարներից:
Անցած տարի Կապանում նաեւ ստորագրահավաք էր անցկացվել եւ մոտ 11 հազար բնակիչ ավագանու որոշմանը դեմ էր արտահայտվել, իսկ մի շարք կապանցիներ էլ նախաձեռնող խմբի աջակցությամբ դիմել էին ՀՀ վարչական դատարան՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի յոթի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, անհատույց օգտագործման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին» որոշումը առ ոչինչ ճանաչելու պահանջով:
Ինչպես մեր հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք՝ Կապանի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացել ավագանու կայացրած որոշումից հետո: Վերջիններս նշել են, որ այս կարեւոր որոշումը կայացվել է առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, առանց հանրային լսում անցկացնելու:
Կարդացեք նաև
«Կապան» քաղաքացիական շարժումն օրերս հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է. «Կրկին հարկ ենք համարում արձանագրել, որ
1. ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումը պետք է իրականացնի համայնքը,
2. ջրամատակարարման համակարգի մաս հանդիսացող գույքն ամբողջությամբ պետք է անցնի համայնքային սեփականությանը,
3. «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն մինչ այժմ իրեն դրսևորել է որպես անվստահելի գործընկեր:
Սակայն, հաշվի առնելով ներկայիս իրողությունները, հայտարարում ենք, որ համայնքի հետ որոշակի հարցերի շուրջ այնուամենայնիվ գտնվել են համաձայնության եզրեր և վերոնշյալ պայմանագրում տեղ են գտել մեր կողմից արված մի շարք առաջարկներ, ինչը ենթադրաբար մեզ հնարավորություն պիտի տա համատեղ ջանքերով և հետևողական քայլերով Կապան քաղաքում ի վերջո ունենալ քսանչորսժամյա որակյալ ջուր և ժամանակակից սպասարկում»:
Շարժման ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համագործակցել համայնքի ղեկավարի, ավագանու, բոլոր շահագրգիռ կողմերի հետ և հավաստիացրել, որ պայքարը շարունակելու են՝ հանուն Կապանի և համաքաղաքացիների շահերի:
Նշենք, որ ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Հայջրմուղկոյուղին» պարտավորվել է համայնքի վարչական տարածքում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի շահագործման ընթացքում ծագած վթարները վերացնել ողջամիտ ժամկետներում եւ վերացումից հետո վերականգնել տվյալ հատվածի ասֆալտբետոնե ծածկույթը` բերելով այն նախկին տեսքի: Բացի այդ, պետք է բացառի վարչական տարածքում կոյուղաջրերի մուտքը դեպի Ողջի եւ Վաչագան գետեր: «Հայջրմուղկոյուղին» պարտավորվել է նաեւ հիդրատներ կառուցել` հրդեհաշիջման աշխատանքների համար եւ այլն:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ