Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քեսաբահայերի մասին կեղծ տեսանյութ տարածող կայքի տերը հայ է». Լեւոն Մելիք-Շահնազարյան

Ապրիլ 03,2014 14:40

«Համոզված եմ, որ թուրքական կողմը հրաման է տվել, որ հայերին ձեռք չտան, Թուրքիային ձեռնտու չի Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին եւս նոր զոհեր լինեն,,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լեւոն Մելիք- Շահնազարյանը:

«Բայց թուրքի վնասը մնում է թուրքի վնաս, եթե տեսներ հայի անպաշտպան կին կամ երեխա, չեմ կարծում, որ ինքը կզսպեր իրեն սեփական բնազդից եւ չէր մորթի, չէր սպանի ժողովրդին,- ասաց քաղաքագետը՝ ավելացնելով, բարեբախտաբար ժողովուրդը հանվել է, եւ այդ իմաստով գոնե չեն վնասվել: Պաշտպանության կարիք համենայն դեպս ունեն»:

Քաղաքագետը կարծում է, որ սիրիական ահաբեկիչների հետ համագործակցում է Թուրքիան. «Նպատակը, իմ համոզմունքով, նա չի, որ հայերին սպանեն եւ մորթեն: Այսօր դա Թուրքիային ձեռնտու չէ: Նպատակը ուրիշ է, այդ տարածքում հռչակված է Արեւմտյան Քուրդիստան՝ մոտ երկու տարի առաջ: Արեւմտյան Քուրդիստանը Թուրքիայի գաղափարով մեծ վտանգ է առաջացնում, որովհետեւ նրանց միացած են նաեւ Թուրքիայում ապրող քրդերը, Թուրքիային հաջողվել է Իրաքի քրդերին բաժանել դրանցից եւ դաշինք կազմել նույնիսկ, բայց Թուրքիայի եւ Սիրիայի քրդերը միացած են, եւ Արեւմտյան Քուրդիստանը գումարվում է իրաքյան Քուրդիստանին, եւ գումարվում է Թուրքիայում ապրող քրդերի տրամաբանությանը եւ ցանկությանը, ինչը վտանգ է Թուրքիայի համար: Իմ կարծիքով՝ Թուրքիայի հիմնական նպատակն է վերացնել այդ հասկացողությունն այնտեղ, Արեւմտյան Քուրդիստանի հասկացողությունն ու ինքնավարությունը»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ սխալ է Քեսաբում կատարվածը ցեղասպանություն համարելը, կատարվածը տեղահանում էր:

Պարոն Մելիք -Շահնազարյանը լրագրողներին ներկայացրեց այսօրվա իր «բացահայտումը»՝ կապված համացանցում լայն տարածում գտած կեղծ տեսանյութի հետ, որը իբրեւ թե նկարագրում էր Քեսաբի հայերի նկատմամբ հրոսակախմբերի կողմից կիրառված բռնությունը: Նա խոստովանեց, որ մինչ այսօր կարծում էր, որ հիշատակված տեսանյութը, որը lifenews-ով էր տարածվել, ռուսական քաղաքականության հետեւանք էր՝ Ուկրաինայի եւ Ղրիմի դեպքերից միջազգային ուշադրությունը շեղելու, հետո նաեւ մեր նկատմամբ իր բարեկամական դրսեւորումները ցուցադրելու նպատակ ուներ. «Իրականում մինչեւ այստեղ գալը հասցրել եմ պարզել, որ lifenews-ի տերը հայ է՝ Աշոտ Գաբրիելյանը, որը դժվարանում եմ ասել, ինչ սկզբունքով եւ ինչ դրդումներից է այդ քայլին դիմել: Քանի որ ինքը ընդդիմադիր կայք է Ռուսաստանում, ես համարում եմ այսպես՝ արջի ծառայություն է փորձել իր կարճ խելքով մատուցել, իր ոչ հեռանկարային նպատակներով: Դա եղել է արջի ծառայություն, իսկ եթե այդ բառերը պիտի գրեք, իսկ Գաբրիելյանը հայերեն լավ չգիտի, ռուսերեն գրեք՝ Услужливый дурак, хуже врага: Մարդ, որ ունի միլիոններ, դա միշտ չէ, որ խելքի նշան է,- ասաց Լեւոն Մելիք-Շահնազարյանը,- չի կարելի, ոչ ոք, ո՛չ ռուսաստանյան գործիչները, ոչ ամերիկյան, ոչ ՄԱԿ-ը, ոչ մեկ ուրիշը իրավունք չունի խաղալ մեր ազգի զգացմունքների հետ: Մեր ազգի վերքերը դեռ բուժված չեն»:

Լեւոն Մելիք-Շահնազարյանը անդրադարձավ նաեւ այստեղից կամավորական ջոկատներ ուղարկելու հարցին, նա ասաց, որ հայերը Սիրիայի իշխանության հետ համաձայնության գալով՝ Հայաստանից մարդկանց պետք է ուղարկեն Սիրիա՝ մեր հայրենակիցներին պաշտպանելու, սակայն ոչ երբեք ռազմական գործողություններին մասնակցելու համար:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930