Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արեւմուտքը նահանջո՞ւմ է

Ապրիլ 03,2014 14:25

Արեւելաեվրոպական երկրներին չի կարելի այլեւս կանգնեցնել
ԵՄ-ի ու Ռուսաստանի միջեւ «կոշտ» ընտրության առջեւ

Գերմանիան, Ֆրանսիան եւ Լեհաստանը մարտի 31-ին հանդես են եկել արեւելյան հարեւանների նկատմամբ ԵՄ քաղաքականության փոփոխման օգտին: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Լորան Ֆաբիուսի եւ Ռադոսլավ Սիկորսկու համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային անհրաժեշտ է տրամադրել սերտ համագործակցության հնարավորություն՝ ինչպես արեւմտյան, այնպես էլ արեւելյան գործընկերոջ հետ:

Երկու օր է, սակայն, հայաստանյան լրատվական կայքերում այս երկրների շարքում նշվում են Բելառուսն ու Ադրբեջանը, եւ շեշտադրվում է, թե ի տարբերություն Բելառուսի ու Ադրբեջանի` Հայաստանը դուրս է մնացել ԵՄ պաշտոնյաների համատեղ հայտարարության մեջ հիշատակումից: Սակայն հարկ է նշել, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի ու Ադրբեջանի մասին խոսք անգամ չկա վերոնշյալ հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ երեք երկրների ԱԳ նախարարները խոստովանել են սխալը ԵՄ-ի հետ Ուկրաինայի մերձեցման գործընթացում՝ այն առումով, որ Ռուսաստանի արձագանքը թերագնահատել են: Կապված ուկրաինական ճգնաժամի հետ՝ «Վեյմարյան եռանկյունին» շեշտել է Եվրոպայի արեւելյան հարեւանների նկատմամբ ԵՄ քաղաքականությունում նոր մոտեցման անհրաժեշտությունը:

Ուկրաինայի հարցում եվրոպացի ԱԳ պաշտոնյաների գնահատականը կոշտ է. նրանք Ղրիմը համարում են ՌԴ-ի կողմից բռնակցված, որը Ուկրաինայի ինքնիշխանությանն է սպառնում եւ խախտում է երկրի տարածքային ամբողջականությունը:
Սակայն, միաժամանակ, երեք երկրների ԱԳ նախարարների կարծիքով՝ արեւելաեվրոպական երկրներին չի կարելի այլեւս կանգնեցնել ԵՄ-ի ու Ռուսաստանի միջեւ «կոշտ» ընտրության առջեւ: ԱԳ նախարարները ԵՄ-ին կոչ են արել գործի դնել տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ուկրաինական ճգնաժամը մեղմելու համար, նրանք առաջարկում են միջազգային հանրությանը ջանքերը համախմբել այս գործում եւ միջազգային խորհրդաժողով անցկացնել Ուկրաինայի հարցով, որում նաեւ Ռուսաստանի մասնակցությունն են ակնկալում:

Գերմանիան, Ֆրանսիան եւ Լեհաստանը, փաստորեն, արձանագրել են, որ ԵՄ-ի երկկողմ համաձայնագրերը ուղղված չեն լինի ընդդեմ Ռուսաստանի: Երկխոսության շարունակման նպատակով նրանք առաջարկում են ԵՄ-ի եւ ՌԴ-ի ու Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի միջեւ բանակցություններ` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերի հետեւանքների շուրջ:

Թեեւ ՌԴ-ի նկատմամբ Ուկրաինայի հարցով եվրոպացի պաշտոնյաների կոշտ դիրքորոշումը պահպանվում է, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ այսուհետեւ հաշվի նստելու միտում է նկատվում, ինչը, թերեւս, անսպասելի չէ:
Արեւմուտքը ղրիմյան ճգնաժամից հետո ՌԴ-ի հետ լարված հարաբերությունների արդյունքում պատժամիջոցների ենթարկելով Ռուսաստանին՝ անշուշտ, նոր քաղաքականություն կմշակի նախկին Խորհրդային Միության երկրների համար, սակայն ժամանակի ընթացքում կփոխի նաեւ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:
Հետղրիմյան փուլը նշանավորվել է նրանով, որ Արեւմուտքի ու Ռուսաստանի «ծրագրերի» մասին սկսել են ամենաանհավանական տեղեկությունները շրջանառվել: Տպավորություն է ստեղծվում, թե կողմերը փորձում են միմյանց համբերությունը ստուգել: Ինչպես հաղորդում էր «Մեդիամաքսը»` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Մայք Ռոջերսը համոզմունք է հայտնել, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ներխուժել Հայաստան եւ Վրաստան: Այդ մասին գրել է ամերիկյան The Fiscal Times թերթը` վկայակոչելով Ռոջերսի հարցազրույցը Fox News-ին, որում նա ասել է, որ Ուկրաինայի արեւելյան սահմանի մոտ տասնյակ հազարավոր զորքերի տեղակայման հետ մեկտեղ՝ Ռուսաստանը զորքեր է տեղակայում նաեւ Հարավային Օսիայում: Մայք Ռոջերսը ենթադրում է, որ Պուտինը ծրագրում է ներխուժել Վրաստան եւ Հայաստան, որպեսզի ուղիղ ցամաքային կապ ստեղծի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ:

Նախօրեին «Շպիգել օնլայն» գերմանական պարբերականն էլ իր աղբյուրներին հղում անելով՝ հայտնել էր, թե Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի հետ եւ նպաստել Արեւելյան Եվրոպայում կայունությանը: Անգամ նշվում էր, թե յուրաքանչյուր երկրի համար ՆԱՏՕ-ն հատուկ ծրագիր է մշակել. Հայաստանում Հյուսիսատլանտյան դաշինքը առաջնահերթություն է համարելու զինված ուժերի կազմի որակավորման բարձրացումը, Ադրբեջանում համագործակցելու են էներգետիկ եւ կիբերանվտանգության ոլորտներում:

Վստահաբար վերոնշյալ տեղեկության առիթով երեկ պաշտոնական Երեւանը հստակեցում է մտցրել: Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Հայաստանի միջեւ փոխգործողության զարգացման գոյություն ունեցող ծրագրերի վերաբերյալ արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումները` հայտարարել է, թե Հայաստանը մտադիր է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակել գործող ձեւաչափերով. «Մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ աշխատանքի գործող ձեւաչափեր: Մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը այդ ձեւաչափերով»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Когда дело дошло до конкретной помощи, выяснилось, что ни у кого нет лишних денег. И .что невозможно в одночасье разрывать все экономические контакты со странами, тем более, что не предлагают альтернативы. Всегда страдает простой народ. И кто ответит за невинно погибших сотни людей?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930