Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը ՀՀ օրենքները շրջանցելը դարձրել է բնավորություն Կրթությունն ինքնահոսի է մատնված

Ապրիլ 03,2014 13:57

Մի քանի օր առաջ Բաց հասարակության հիմնադրամի ու<Բարև>գիտակրթական ՀԿ-ի կողմից մեր հասարակությանը ներկայացվեց Հայաստանում հանրակրթության բարեփոխումների համատեքստում իրականացված «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կրթության բովանդակության գնահատում» վերլուծությունը, որն արձանագրել է հանրակրթության ոլորտի 15-ամյա բարեփոխումների ձախողումները: Արձանագրված կարևորագույն փաստերից առաջինը կնշեի կրթության ֆինանսավորման տարեցտարի անկումը` 2009-ին ՀՆԱ-ի ` մոտ 3%, իսկ 2013-ին` 2.37% այն դեպքում, երբ Կրթության զարգացման 2011-2015թ.թ. պետական ծրագիր օրենքը 2015-ին դրել է 4%-ի պահանջը: Բնականաբար պակասել են նաև հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորումները: Վերլուծությունը բնականաբար հրապարակային էր ու կարծում եմ, հրավիրված պետք է լինեին ԿԳ նախարարության պատասխանատու ու որոշումներ կայացնող պաշտոնյաները, ցավոք ԿԳՆ-ն ներկայացնում էր հանրակրթության վարչության մասնագետը, ով իրավիճակի համար առաջին պատասխանատուներից չէ: 

<Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կրթության բովանդակության գնահատում> վերլուծության մեջ շատ կարևոր եզրահանգումներ և առաջարկներ կային, որոնք պե՛տք է լսեին պատասխանատու պաշտոնյաները և պատասխանեին ծագած բոլոր հարցերին ու տային հրապարակային պարզաբանումներ` թեկուզ հիմնավորեին վերլուծության հետ կապված իրենց անհամաձայնությունները: Իրենց բացակայությունը նշանակում էր խուսափել այդ պարզաբանումներից:

Ես կսևեռվեմ ուսուցիչներին ցուցաբերվող մասնագիտական աջակցությանն ու վերապատրաստումների որակին վերաբերող եզրահանգումների ու առաջարկների վրա:
Վերլուծությունը փաստում է, որ ուսուցիչներն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունեն իրենց մասնագիտական պատրաստվածության և մանկավարժական մոտեցումների պակասի վրա հիմնված որակյալ ու բազմազան վերապատրաստումների: Նրանց պետք է լիցքավորել մանկավարժական նորույթներով, պե՛տք է կատարելագործել, ինչպես ցանկացած գործիք:

Սա ուսուցիչների համար անհրաժեշտ, պահանջված գործընթաց է, սա խնդիր է որի լուծումը տալիս է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող, ԿԳ նախարարի հրամանով երաշխավորված կազմակերպություններ ունենալու պահանջով: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն ամեն տարի յուրաքանչյուր ուսումնական հաստատության ուսուցչական համակազմի 20%-ի նախաատեստացիոն վերապատրաստման համար պետբյուջեն դպրոցին պետք է տար համապատասխան ֆինանսավորում, իսկ նա այն պետք է փոխանցեր իր ընտրած վերապատրաստող կազմակեպությանը: Արդյունքում կձևավորվեր վերապատրաստող կազմակերպությունների շուկան, որը կխթաներ մրցակցությունն ու կապահովեր վերապատրաստումների բազմազանությունը, այն տարեցտարի կկատարելագործվեր և կհամապատասխանեցվեր ուսուցիչների պահանջներին:
Այս կետն աշխատեց մեկ տարի` այն էլ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Այդ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունները ֆինանսավորվեցին, նրանք ստացան համապատասխան գույք ու տեխնիկա, մեկ տարի կազմակերպեցին վերապատրաստումներն ու վե՛րջ: Համաշխարհային բանկի գումարները փոշիացան, ՀՀ Վերահսկիչ պալատը համեմատելով այդ կազմակերպությունների կողմից մեկ ուսուցչի վերապատրաստման ծախսը Կրթության ազգային ինստիտուտի ծախսի հետ, որն անհամեմատ ցածր էր, դա որակեց անարդյունավետ ծախս՝ չանդրադառնալով օրենքին: Արդյունքում ՀՀ օրենքի պահանջով սկսված ծրագիրը փակվեց: Այնինչ պատկերացնում եմ, թե Համաշխարհային բանկի հետ պայմանագիր կնքելիս, փողը ստանալու համար բանակցողներն ինչ եռանդով են հիմնավորել ուսուցիչների վարպետությունը բարձրացնելուն միտված այս ծրագրի ֆինանսավորման անհրաժեշտությունը: Արդյունքում տուժեց հանրակրթության որակը, հերթական անգամ հեղինակազրկվեց <կրթության բարեփոխում>-ը: Ցավոք նույն վիճակն է սպասվում 2014-ին: ԱԺ պատգամավորի հարցմանն ի պատասխան, ԿԳ նախարարի 27.03.2014թ. նամակում գրված է.<2014թ. պետական բյուջեով նախաատեստացիոն վերապատրաստումներ անցկացնելու համար նախատեսված գումարը հատկացվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով երաշխավորված /10/ կազմակերպությունների ցանկում ընդգրկված Կրթության ազգային ինստիտուտին:>
Գիտե՞ք սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ ոչ մի լումա վերոնշյալ նպատակի համար պետական բյուջեն չի տրամադրել, կրկնվում եմ, սակայն մեկ անգամ էլ շեշտեմ` ոտնահարելով ՀՀ Օրենքը:

Ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետն այս հարցում էլ է արհամարհել այն օրենքը, որով պետությունը պարտավորվել է իրացնել մեր երեխաների որակյալ կրթության սահմանադրական իրավունքը, այսինքն արհամարհել է ՀՀ Սահմանադրությունը: Սա արդեն բնավորություն է դարձել:

 

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու
«Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930