Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետք է ներողություն հայցենք պարտադրաբար հայրենիքը լքած երախտավորներից. Ռեպլիկ

Ապրիլ 03,2014 13:42
vano

Ո՛չ: Չնչին ամպերի սեւ զորքը
Պաշարեց Արեւից առաջ քեզ,-
Իսկ այնտեղ, ներքեւում,- երգի սով էր,-
Բայց ցնծում էր Պառնասն առանց քեզ…
Ե. Չարենց

Այսօր վտարանդի է տաղանդավոր գրող, հայրենասեր մտավորական, անբասիր պետական ու քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը, ում անուրանալի մասնակցությամբ կերտվել ու կայացել է Հայաստանի երրորդ Հանրապետությունը: Վանո Սիրադեղյանի անունը հայ ժողովրդի պատմությունը հաստատապես պիտի արձանագրի քսան-քսանմեկերորդ դարերի հաղթանակները ներկայացնող իր ոսկեբառ մատյաններում: Եվ գալիք սերունդները, կարդալով նրան հանիրավի կերպով տրված հալածանքների մասին, պիտի դատապարտեն անցյալի եւ ներկայիս իշխանավորներին, որպես եղբայրադավ ու ապերախտ հացկատակների: Խորհրդածելով Սիրադեղյանի տարագրության շուրջ, ակամա հիշում եմ ժողովրդական առածը՝ եզն ընկավ՝ դանակավորները շատացան: Համոզված եմ, որ մոտենում է ժամանակը, երբ հիշյալ դանակավորները կդանակահարեն իրար, քանզի դավադիրները դավում են նաեւ միմյանց: Եվ այսուամենայնիվ, ինձ զարմացնում է Գրողների միություն հորջորջվող արտապետական հաստատության այսօրվա քարանձավային լռությունը, երբ չարանենգորեն հետապնդվողը արդի հայ արձակի հանրահայտ վարպետներից մեկն է:
Ես որեւէ մեկի փոխարեն ամաչել չեմ ցանկանում, բայց հպարտորեն սպասում եմ այն օրվան, երբ մենք ազգովի ներողություն կհայցենք մեր կողմից հանիրավի մոռացության տրված ու պարտադրաբար հայրենիքը լքած երախտավորներից: Չմոռանանք, որ հենց Վանո Սիրադեղյանի դեմ ընթացող հետապնդման ժամանակահատվածին զուգորդեց հոկտեմբերի 27-ը, որի զոհերի շիրիմներին պիտի գլխահակ խոնարհվենք ինչպես սրբազան նահատակների: Այստեղ, թերեւս, տեղին է մեջբերել Վահան Տերյանի տողերը.
Կրկնակի հարության զանգեր եմ ես լսում,
Հատուցումն է գալիս, ես զգում եմ նորան,
Քաղաքներ, զարթնում է ահավոր մի ցասում,
Քաղաքներ, զարթնում են այն մարդիկ, որ մեռան…
Այո, շուտով մեռածները կզարթնեն եւ ողջերից պատասխան կպահանջեն իրենց նկատմամբ՝ մեր կողմից թույլ տրված անարդար վերաբերմունքի համար: Իսկ մենք նրանց թողնելու ենք անպատասխան: Ափսոս:

ՄԵՐՈՒԺԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Հարգելի Մերուժան, մինչև Ձեր ասած անկախությունը, գիտե՞ք,որ Վանոն դատարկ գրպանով էր ման գալիս: Երևի գոնե լսած կլինեք, որ անկախությունից հետո,մի բաժակ կոնյակի համար վճարում էր հարյուր դոլար:Իսկ այդ օրերին հանրաճանաչ մի երաժիշտ Հանրապետության հրապարակում ջութակ էր նվագում, ճանաչված մի հեռուստառեժիսոր էլ, կարդոնե տուփը վզից կախած, թխվածքներ էր վաճառում տոնավաճառում:Անվանի մի լամպագործի էի ճանաչում, ում հանդիպեցի իննսականների կեսերին աղբարկղերը քրքրելիս:Ուզեցի չճանաչելու տալ, ինքը մոտեցավ, ներողամտորեն ժպտաց:Եվ մի բան ասելու համար, ասաց. ,,Ճի՞շտ է, որ Վանոն մի բաժակի դիմաց հարյուր դոլար է վճարում,,: Պատասխանեցի, որ ոչնչից տեղյակ չեմ և ավելացրի՝ լավ կլինի վերջում, ապրել է պետք:Այդքան անհեթեթ բան կյանքում ասած չկայի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930