«Խորհուրդ կտամ կառավարության ղեկավարին հետամուտ լինել ՍԴ-ի որոշմամբ արձանագրած օրենքում թերությունների շտկմանը, ոչ թե հայտարարություններ տարածել, թե պետք է պահումներ կատարվեն»,-անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե պահումներ պիտի արվեն և «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին ՀՀ օրենքը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը, այսպես արձագանքեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հարություն Աղլամազյանը:
Դառնալով ՀՀ վարչապետի՝ երկխոսության առաջարկին, Հարություն Աղլամազյանն ասաց. «Մենք պատրաստ ենք երկխոսության կառավարության հետ միայն այն դեպքում, երբ բավարարվի մեր պահանջը պարտադիրի վերաբերյալ»:
Նախաձեռնության անդամները խորհուրդ են տալիս հիմք չընդունել իշխանությունների որևէ հայտարարություն, քանի որ դրանցով ցանկանում են մոլորեցնել ժողովրդին:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը նշեց. «Իշխանության որևէ ներկայացուցչի մեկնաբանությունը պետք չէ ընդունել՝ որպես հիմք: Իշխանության ցանկացած ներկայացուցիչ իրեն թույլ է տալիս ոնց ուզենա այդպես էլ մեկնաբանել ՍԴ որոշումը: Հիմա էլ փորձում են մեկնաբանել ՍԴ որոշումն այնպես, ինչպես իրենց ձեռնտու է»:
Կարդացեք նաև
Նախաձեռնության անդամները նշեցին, որ պահումներ միանշանակ չպետք է կատարվեն և իրենց պայքարը շարունակվում է: Իսկ ՍԴ որոշման մասին իրավական դիրքորոշում կհայտնեն առաջիկայում:
Հայկ Ավետիսյանը վերջում ամփոփեց. «ՍԴ-ն կարող էր էլ ավելին անել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ