Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրամիությունն աջակցում է ՔԿԱԳ ոլորտի բարեփոխմանը

Ապրիլ 03,2014 13:33

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Այժմ գործում է ՔԿԱԳ թղթային համակարգ, կիրառվում թղթային գրանցամատյան, փաստաթղթերը և դիմումները պատրաստվում են ձեռագիր: Եվրամիության աջակցությամբ մշակվել և փորձարկվել է ծրագրային ապահովում և էլեկտրոնային գրանցման նոր համակարգ, որն արդեն գործում է Երևան քաղաքի ՔԿԱԳ մարմիններում և Գյումրիում: Նշված համակարգը ՀՀ ամբողջ տարածքում նախատեսվում է ավարտել 2014թ. մայիս-հունիսին: Սակայն գործող օրենսդրության մեջ չկա որևէ դրույթ, որը նախատեսի էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծում և համակարգի կիրառման պարտավորություն: Այս հասկացություններն օրենսդրություն ներմուծելու նպատակ ունեն առաջարկվող լրացումները, որոնք հնարավորություն կտան հստակեցնել ՔԿԱԳ համակարգը և ներդնել էլեկտրոնային գրանցման համակարգ: Այս ամենի արդյունքում ծառայությունները կլինեն ավելի որակյալ, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանն ու հավելել. «Ես խնդրում եմ լրագրողների հետ հանդիպման ժամանակ սա էլ ներկայացնեք, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղեկատվական այս նոր հնարավորությունների օգտագործումը, ինչի շնորհիվ մենք ծառայությունների որակը բարելավում ենք, անարձագանք չի մնում: Մեր քաղաքացիները գոհ են այդ ծառայություններից, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում, եթե դիմում են պետական մարմիններին, նրանք ստանում են բոլոր հարցերի պատասխանները, ստիպված չեն լինում տարբեր մարմիններով վազվզել, տեղեկանքներ հավաքել: Որքան տեղեկացված լինեն մեր քաղաքացիները, այնքան դրական վերաբերմունք կլինի այս ռեֆորմին: Ուզում եմ ուղղակի հավաստիացնել, որ մենք շատ հետևողական ենք լինելու: Դրա վկայություններից մեկը նաև հեռախոսահամարների տեղափոխելիության խնդիրն էր: Այսօր քչերն են հիշում, որ կառավարությունը սկզբունքային դիրքորոշումը պաշտպանեց, չնայած որ կար մեծ դիմադրություն: Հիշում եք, որ կային սուբյեկտներ, որոնք դեմ էին, որ մենք այդ հնարավորությունը ստեղծենք մեր քաղաքացիների համար, որպեսզի հեռախոսահամարների տեղափոխելիությունը լինի ազատ քաղաքացու ցանկությամբ: Մենք այս հարցում եղանք վճռական և ունենք դրական արդյունք՝ քաղաքացիներին մատուցում ենք որակյալ ծառայություն: Եթե քաղաքացին մի հեռախոսային ընկերությունից անցնում է մյուսին, ստիպված չի լինում գնալ տարբեր օղակներից թույլտվություն ստանալ: Դա արվում է շատ հեշտ և ավտոմատ ձևով: Մենք միասին պարտավոր ենք այս ամբողջական տեղեկատվությունը մշտապես տալ մեր քաղաքացիներին, որպեսզի այս ծառայություններից օգտվողների քանակը ավելանա»: 

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը բովանդակում է անցումային և եզրափակիչ դրույթներ: Առաջարկվում է ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ մտցնել 2014թ. օգոստոսի 3-ին: Մինչև 2018թ. հունվարի 1-ը էլեկտրոնային համակարգով փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության դեպքում ՔԿԱԳ մարմինը կատարում է թղթային գրանցում՝ այն էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրելով ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:

ԱՄՆ ՄԶԳ-ն դրամաշնորհ է հատկացնում շտապ բուժօգնության զարգացմանը

Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի 2014թ. բյուջեն: Ծրագիրն իրագործվում է երկրի նշված ծառայությունների գործունեության իրավիճակի գնահատման հիման վրա: Ըստ գնահատման զեկույցի, շտապ բուժօգնությունը զարգացնելու և ծանր հիվանդություններից ու վնասվածքներից մահացության դեպքերը նվազեցնելու համար անհրաժեշտ է հետևել միասնական հեռանկարային ռազմավարությանը: Նպատակահարմար է բարելավել դիսպետչերական համակարգը, հեռախոսային ծածկույթը, ինչպես նաև ապահովել բուժանձնակազմի մշտական վերապատրաստման կազմակերպումը: Որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ 2014թ. պետբյուջեի եկամտային մասը կավելանա շուրջ 62 մլն, ծախսային մասը՝ ավելի քան 100 մլն դրամով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930