Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զգույշ եղեք

Ապրիլ 03,2014 13:30

«Հայերին բնորոշ է հավատքի նկատմամբ արիությունը քրիստոնեության ստեղծման օրվանից մինչեւ օրս»: Գ. Գիբսոն

Ըստ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» հ/կ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի` աղանդավորական կազմակերպությունների կողմից կատարվում է ազատ դավանանք ընտրելու իրավունքի խախտում, ոտնահարվում մարդու ազատ կամքի ու մտքի իրավունքը, քայքայվում հետեւորդների առողջությունն ու ընտանիքը, մարդուն զրկում են իր կյանքն ազատորեն տնօրինելու իրավունքից` շրջանցելով հասարակական նորմերն ու պետական օրենքները:

-Պարոն Ամարյան, այսօր ի՞նչ կարեւոր փաստեր կան աղանդների գործունեության վերաբերյալ, հատկապես, երբ «Կյանքի խոսքի» ղեկավար Ուլֆ Էկմանը պաշտոնական չսպասված հայտարարություն արեց:

-Այսօր ՀՀ-ում գործում են 64 կրոնական կազմակերպություններ, որոնցից մոտ 50-ն աղանդներ են, եւ 200-ից ավելի չգրանցված կրոնական խմբավորումներ: Երկու մեծ հոգեւոր կառույց ինքնալուծարման եզրին է: Առաջինը «Կյանքի խոսքն» է, որի առաջնորդը գտնում է, որ իրենց ճանապարհն այնքան ճիշտ չի եղել, որքան կաթոլիկների մոտ, ապա «Կյանքի խոսքն» ինքնին քայքայվում է: «Կյանքի խոսքի» հետեւորդները (մոտ 20.000), որոնք համատարիմ են իրենց առաջնորդին, պետք է հետեւեն նույն օրինակին կամ լուծարվեն: Թեեւ հիասթափությունը շատ խոր արմատներ կնետի նրանց հոգում: Երկրորդը` Ավետարանական եկեղեցին է, Հայաստանում ամենամեծ աղանդը` իր ճյուղավորումներով, որն անցյալ տարի ամառային ճամբարում երեխաների հետ ոչ հոգեւոր գործունեություն ծավալեց: Իսկ «Եհովայի վկաների» նպատակը մեկն է` իրենց երեխաները չծառայեն Հայոց ազգային բանակում, որը ցավալի փաստ է: Չնայած նրանք, ըստ էության, չեն ընդունում պետականությունը, բայց ակտիվ ներգրավվում են տարբեր քաղաքական կառույցներում, որոնց գործունեությունն ուղղված է ներսից երկրի հիմքերը խարխլելուն:

– Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ են ավելանում աղանդները: Արդյո՞ք հոգու սով չէ:

– Շատ մարդիկ են դառնում չարիքի զոհեր: Մեր օրենսդրության մեջ որեւէ կառույցի գործունեությունը սահմանափակող օրենք չկա: ՀՀ իշխանությունները պետք է առավել կոշտ դիրքորոշում ստանձնեն նման միավորումների հարցում: Զգուշանալով միջազգային կառույցների ճնշումից՝ մեր պետությունը ոչ մի վճռական քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: Սակայն ԵՄ անդամ նույն Ֆրանսիայում «Եհովայի վկաների» գործունեությունը խիստ սահմանափակված է: Աղանդավորների առկայությունը կործանարար է: Պետք է մտածել գոյատեւման մասին՝ ուշադրություն չդարձնելով Եվրոպայի հայացքների վրա: Վերջին երկու տասնամյակում շատացել են կրոնական կառույցները: Ինչո՞ւ: Դրանք ձգտում են ունենալ սեփական բիզնես եւ իշխանություն, որոնց կամաց-կամաց հասնում են: Ցավոք, Հայաստանում անհանդուրժողականություն չկա կրոնական կառույցների, աղանդների նկատմամբ: Հոգու սով է, քանզի մեր Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները շատ գործ ունեն անելու այս ուղղությամբ, որպեսզի մարդիկ իրենց պապերի ավանդական եկեղեցում միայն գտնեն իրենց հոգու լիարժեք պահանջները, որքան էլ գայթակղիչ լինեն աղանդները: Եվ որքան շատ մարդիկ առաքելական եկեղեցու շուրջ հավաքվեն, այնքան ամուր եւ ուժեղ կլինեն: Բացի մարդկանց անտարբեր վերաբերմունքից, մեր երկրում չկա որեւէ օրենք, որը կարող է հսկել կամ սահմանափակել կրոնական կառույցի գործունեությունը: Իսկ քանի որ չկա, նրանք չեն կարող ճնշվածի դերում լինել: Աղանդը շեղումն է ավանդական եկեղեցու գաղափարախոսությունից: Մեր մեջ ամուր նստած է այն գաղափարը, որ Հայ ավետարանական եկեղեցին քույր եկեղեցի է: Ոչ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արեւմտյան Հայաստանում թուրքերն ստեղծել են Ավետարանական եկեղեցին՝ քայքայելու հայ ժողովրդի անսասան հավատը եւ այն 1846 թվականից դուրս է եկել Հայ առաքելական եկեղեցուց, դարձել է աղանդավորական կառույց: Բայց միանշանակ այնտեղ կան որոշ հովիվներ, շարքային հավատացյալներ, որոնք իրենց գաղափարներով իսկապես մաքուր հավատացյալներ են: Ցավոք, այդ մարդկանց այսօր արտասահմանյան ներկայացուցիչներն օգտագործում են իրենց անձնական ֆինանսավորման եւ հասարակական զանգվածների կառավարման գործընթացում: Մեր պայքարը ոչ թե հասարակ հավատացյալների դեմ է (նրանք մեր ազգակիցներն են, եւ նրանց դեմ պայքար չենք տանի), այլ այն կրոնական կառույցների, որոնց ղեկավարներն արտասահմանից են, եւ կրոնական կառույցն օգտագործում են իրենց անձնական շահերի համար: Յուրաքանչյուր մարդ ունի ազատ դավանանքի իրավունք, բայց նրա գործունեությունը չպետք է ոտնահարի մարդու իրավունքները: Հայաստանում, ցավոք, չկա աղանդ, կա քայքայիչ աղանդ: Վտանգը ոչ թե աղանդն է, այլ քայքայիչ աղանդը, որն իր գործունեությամբ փակ է, կիրառում է հոգեբանական ճնշումներ, հոգեորսություններ, եւ մենք պայքարում ենք այն ղեկավարների դեմ, որոնց գործունեությունը չի համապատասխանում հոգեւոր դաշտի գործունեությանը, «մաքուր հավատք» հասկացությանը:

– Ե՞րբ եք սկսել Ձեր գործունեությունը եւ ի՞նչ բացահայտումներ ունեք:

– Ասում են, որ գաղտնի ՀԱԹ-ում գործում են «Վերջին տերեւ» խարիզմատ բնույթի եւ այլ անհասկանալի անուններով խմբավորումներ, սատանայապաշտներ: Աղանդների ղեկավարների անուններ չեմ տալիս, որովհետեւ դրանից տուժում են այնպիսի մարդիկ, որոնք չպետք է տուժեին: 2003 թվականին սկսեցինք մեր գործունեությունը, իսկ 2004-ին արդեն առաջին բացահայտումն արեցինք՝ ներքին գործերի նախարարության ներսում հայտնաբերելով աղանդավորական մի կառույց (Սոնա Ֆահրադյանի կառույցը), որում ընդգրկված էին նաեւ ոստիկանության տասնյակ աշխատողներ: Երբ սկսեցինք նրանց անունները տալ, սկսվեց վհուկների որսը, որի արդյունքում տուժեց ոչ թե աղանդավորական կառույցը կամ նրա անդամը, այլ նրա ընտանիքը: Դրանից հետո որոշեցինք անուններ չտալ: Երբ պետական մարմիններին անհրաժեշտ է լինում, տալիս ենք: Բացի այդ, կա Միացյալ երիտասարդական լիգա, որը հաճախ անուններ տալիս է: Վստահեցնում եմ, որ այն կառույցները, որոնց շուրջ աղմուկ են բարձրացնում՝ իբրեւ նոր հայտնաբերված կառույցներ, Հայաստանում 10-15 տարուց ավելի է, ինչ գործում են: Սատանայապաշտների երկու փոքր խմբավորում կա ՀՀ-ում (մոտ 3000), որոնցում հարուստ ընտանիքների որդիներ են, ձգտում են անարխիայի` անել այն, ինչ ցանկանում են:

– Դուք ժամանակին առաջարկել էիք կրոնական ոստիկանություն ունենալու հարցը:

– Այդ գաղափարն առաջարկել եմ դեռ 2004 թվականին, քանի որ գրեթե բոլոր կրոնական կառույցներն իրենց գործունեության հետեւանքով խախտում են մարդկանց իրավունքներն ու հասարակական անվտանգության նորմերը: Համոզված եմ, որ այդ խախտումները կարող են բացահայտվել միայն կրոնական ոստիկանության առկայության դեպքում, քանի որ Հայաստանում համապատասխան մասնագետ չկա որեւէ կառույցի ներսում: Ցավալի է, որ մեզանում ոչ մի պետական մարմին չի ուսումնասիրում, թե կրոնական կառույցներում ինչ է կատարվում: Իսկ կրոնական ոստիկանություն ունենալու դեպքում կրոնական կառույցները մի քիչ զերծ կմնան խախտումներ կատարելուց: Օրինակ` Հայ ավետարանչական ընկերակցության նպատակը ո՞րն է` հարկերից խուսափելը: Ընկերակցությունը կրոնական որեւէ գործունեությամբ չի զբաղվում Հայաստանում: Ինչո՞ւ որեւէ կրոնական կառույց այդպես բուռն չի արձագանքում Ֆրանսիայում, որն ունի կրոնական ոստիկանություն, Գերմանիայում, որը ներքին գործերի նախարարությունում կրոնական հանցագործություններին վերաբերող հատուկ բաժին ունի, Ռուսաստանում, որը նախարարության կազմի մեջ մի մեծ վարչություն ունի, Բուլղարիայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, նույնիսկ որոշ հետամնաց երկրներում: Հայաստանում չկա, որովհետեւ դրա չլինելը հոյակապ տարբերակ է կրոնական կառույցների միջոցով փողերի լվացման համար: Կրոնական ոստիկանություն չունենալու պատճառներից մեկը հարկերից խուսափելն է. Ֆրանսիայում, օրինակ, եթե կրոնական կառույցը սկսում է ֆինանսական գործունեություն ծավալել, տեղն ու տեղը նրա կրոնական կարգավիճակը փոխում են առեւտրայինի ու մտցնում հարկային դաշտ, եթե չէ՝ 8-12 տարի, մինչեւ 500.000 եվրո տուգանք: Այսինքն՝ կրոնական կառույցը մի փոքր շեղվեց իր գործունեությունից, մի վայրկյանում կլուծարեն ու կդատապարտեն, մինչդեռ Հայաստանում ոչ մի պատժամիջոց չկա: Չգիտես ինչու՝ այստեղ պարտադրում են կրոնական կառույցներին ընդհանրապես ձեռք չտալ: Չեմ ասում՝ թող փակեն, լուծարեն, թող գործեն օրենքի սահմաններում:

– Վերջին ժամանակահատվածում Հայաստանում հայտնվել են բազմաթիվ բարեգործներ, որոնք տարբեր նպատակներով արժեզրկում են բարեգործի քրիստոնեական բարոյականությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:

– Այդ բարեգործությունները հետապնդում են բազմաթիվ նպատակներ` հարկերից խուսափում, փողերի լվացում, գովազդ, վստահության չարաշահում, մարդկանց ներգրավում ինչ-որ խմբերի մեջ, մարդկային ռեսուրսների չարաշահում, ինֆորմացիայի հավաքագրում եւ այլն: Բարեգործությունների մեջ ներգրավված են գործարարներ, խոշոր ձեռնարկություններ եւ նրանց տնօրեններ, օտարերկրյա քաղաքացիներ, կազմակերպություններ, անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններ, աղանդներ, քաղաքական խմբեր: Դրանք չարաշահում են ազգաբնակչության վստահությունը, բարեգործությունը ծառայեցնելով ազգային եւ հանրային ռեսուրսների օգտագործմանը սեփական շահերի համար: Վտանգավոր են օտարերկրյա կառույցների ֆինանսական այն օգնությունները, որոնք կոնկրետ ազգային եւ պետական անվտանգության նկատմամբ ոտնձգության նպատակ ունեն: ՀՀ օրենսդրությունը չի սահմանափակում եւ չի բացատրում բարեգործություն հասկացությունը: Ասում եք, որ բարեգործության մասին օրենքն այսօր ազգային անվտանգության հարց է: Այո: Այն պետք է սահմանափակի եւ մանրամասնի ինչ է բարեգործությունը: Արդյունքում շահում են միայն բարեգործները: Կեղծ բարերարներից Հայոց աշխարհը միայն տուժում է եւ այս պատճառով մեզ պետք է իսկական քրիստոնեական արդար բարերարություն: Բարեգործությունը պետք է լինի Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլիան: Քանզի բարեգործությունն օգտագործվում է շահադիտական նպատակներով, իսկ Հայ առաքելական եկեղեցին այն դիտարկում է ինչպես քրիստոնեական բարի կամքի դրսեւորում, ինչպես եղբայրական համերաշխության եւ սիրո դրսեւորում մերձավորի նկատմամբ: Հայ առաքելական եկեղեցին պատմության ընթացքում հայապահպանման համար արել է ամեն ինչ: Եկեղեցին պետք է ամեն ինչ անի` բուժելու համար հիվանդներին, օգնելու ծանր վիճակում գտնվողներին: Կարծում եմ, Հայ առաքելական եկեղեցին պատրաստ կլինի ցանկացած ձեւով աջակցել իր ժողովրդին ծանր պահին, միայն այդ ժամանակ չարագործներին չի հաջողվի խլելու քրիստոնեական հավատքը մեր ձեռքից: Հայ ժողովուրդը զոհել է իրեն քրիստոնեության, հայոց եկեղեցու համար: Ապացույցը` պատմությունն է: Հիմա արդեն հերթը եկեղեցունն է` վերցնելով իր ուսերին բարեգործության ամբողջ ծանրությունը: Սա է ճշմարտությունը: Կարծում եմ, հարկ է կրկին հիշել Ավետարանական իմաստուն խոսքերը. «Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերից կճանաչեք նրանց: Մի՞թե փշերից խաղող եւ տատասկից թուզ կքաղեն» (Մատթ. 7:15): «…Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն» (Մատթ. 24:11): «Բայց ով մինչեւ վերջ համբերի, նա պետք է փրկվի» (Մատթ. 24:13): Զգուշություն եւ համբերություն բոլորին:

Հարցազրույցը` ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930