Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Պագանինին գլուխը պատին է տվել Գագիկ Հարությունյանի վիրտուոզության համեմատությամբ»

Ապրիլ 03,2014 13:17

Տիկին Զոհրաբյան, ՍԴ որոշումը, առաջին պահի էյֆորիայից հետո, արդեն իսկ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ որոշումը։

– Երբ ՍԴ դահլիճում, որոշումըը հրապարակելուց հետո ծափեր հնչեցին, ես ինքս մեծագույն զգուշավորությամբ մոտեցա այդ վճռին եւ անմիջապես ԲՀԿ քաղաքական խորհրդում մեր իրավաբանների հետ կազմակերպեցինք քննարկում՝ որոշման ենթատեքստերը հասկանալու համար։

Ու այժմ ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ վիրտուոզ Պագանինին գլուխը պատին է տվել Գագիկ Հարությունյանի եւ նրա կոնտորայի համեմատությամբ, որի հրապարակած որոշումը երեկվանից երկրի թիվ մեկ իրավաբաններն ուզում են վերծանել ու չեն կարողանում։ Ես գրեթե վստահ եմ, որ վերջերս Չինաստանում գտնված նախնադարյան սեպագիր գրառումները, որ առ այս պահը որեւէ մեկը չի կարողանում վերծանել, ավելի շուտ կվերծանվեն, քան Գագիկ Հարությունյանի կոնտորայի հրապարակած որոշումը։

Ինչքան պիտի չհարգել սեփական ժողովրդին, որ միտումնավոր, իրավաբանական անհասկանալի ձեւակերպումների եւ սողանցքների մի ամբողջ փաթեթ պատրաստել, որ անգամ երկրի լավագույն իրավաբանները բաժանվեն երկու ճամբարի՝ մի մասը սա համարի ժողովրդի, ՍԴ դիմած քաղաքական ուժերի հաղթանակ, մյուս մասը՝ Տիգրան Սարգսյանի։ Ես կարծում եմ, որ հանրությունը պիտի իր հստակ վերաբերմունքն արտահայտի նման բարձրագույն դատարանի հանդեպ՝ Հայաստանի հանրապետության եւ նրա քաղաքացու նկատմամբ այդպիսի արհամարհական վերաբերմունքի համար։

Սա, սակայն հարցի մի կողմն է եւ, կարծում եմ, չորս քաղաքական ուժերով մենք դեռ սրանք կանդրադառնանք, թե ինչպե՞ս կարող է ՍԴ հակասահմանադրական ճանաչել օրենքի բոլոր այն դրույթները, որոնց սահմանադրականությունը վիճարկելու համար ԱԺ պատգամավորներով դիմել էինք ՍԴ, եւ այնուհետ չկասեցնել պարտադիր դրույթը։

Սակայն, միայն այն, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել բոլոր այն դրույթները, որոնց սահմանադրականությունը մենք վիճարկել ենք երկրի բարձրագույն դատարանում, սա միանշանակ բավարար եւ անհրաժեշտ հիմք է, որ այս կառավարությունն անհապաղ հրաժարական ներկայացնի։ Եթե երկրում կա քաղաքական պատասխանատվության գոնե նվազագույն նշույլ, ապա ես ակնկալում եմ, որ հենց այսօր կառավարությունը պիտի վայր դնի իր մանդատը։

Ի վերջո, ՍԴ որոշումը մեկ բան է նշանակում՝ այս կառավարությունը դիտավորյալ, կամ պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայության պատճառով, Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների ներքաշել է հակամասահմանադրական գործընթացի մեջ, մարդկանցից գանձելով գումարներ, որի իրավունքը, ըստ ՀՀ Սահմանադրության, չուներ։

Երեկ, սակայն, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հեռուստաընկերությունների եթերում հայտարարեց, որ ՍԴ որոշումը չի կասեցնում պարտադիր դրույթը եւ գումարները պիտի գանձվեն։

– Ես ցավում եմ, որ ՍԴ պրոֆեսիոնալ անդամը կարող է իրենց իսկ վճռից մատնվել նման խուճապի եւ իրենց իսկ որոշմանը հակասող հայտարարություն անել։ Իսկ թե ո՞րն է այդ անհասկանալի խուճապի պատճառը, երեւի թե հարցնեք իրենցից։

Շատ հետաքրքիր մի դիտարկում. երեկ, մինչեւ  «Շանթ» հեռուստաընկերություն գնալը, Սահմանադրական դատարանի անդամը մեկ այլ հեռուստաընկերությամբ՝ «Արմնյուզ»-ով, տրամագծորեն հակառակ պնդումներն արեց, որից հետո երեւի թե նրան շտապ գործուղեցին «Շանթ»՝ նախորդ ձեւակերպումները շտկելու համար: Այդ պահից առաջին հեռուստահաղորդման վրա առ այս պահը բլոկ է դրած, որպեսզի լրագրողները չփորձեն համեմատել, թե 1 ժամ  տարբերությամբ ինչպիսի իրար հակասող մտքեր է արտահայտել Ֆելիքս Թոխյանը:

Եվ եւս մեկ հարց՝ ԲՀԿ ներքին խնդիրների հետ կապված։ Մամուլում տեղեկություններ կան, որ իշխանությունը սկսել է աշխատել ԲՀԿ մոտ 10 պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս չստորագրեն ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծի տակ։

– Անկեղծ ասած՝ ես եւս մամուլից եմ նման լուրերի մասին տեղեկանում։ Իհարկե, չեմ բացառում, որ իշխանությունը կարող է օգտագործել իրեն հայտնի մեթոդները՝ ճնշելու, սպառնալու, ահաբեկելու, գործարք առաջարկելու։

Ասել եմ, ու մեկ անգամ եւս կրկնեմ՝ ցանկացած մարդ միշտ ունի ընտրության հնարավորություն՝ պահպանել սեփական դեմքը, մնալ ու լինել սկզբունքային, հասկանալով, որ կարող է ինչ-որ մի ժամանակահատված ունենալ որոշակի դժվարություններ, թե՞ ընտրել բարեկեցությունն ու դառնալ ծաղր ու ծանակի առարկա։ Ես ուզում եմ վստահ լինել, որ իմ գործընկերները կընտրեն արժանապատվության ճանապարհը։

 ԶրույցըՆելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Գագիկ Հարությունյանը հո նոր չի այս ձեւով խոսում: Մարդը հազար տարի է, ջրասույզ չի լինում ու նրա երբեւէ հնչեցրած որեւէ խոսքից հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է ասում: Հա, մականունավոր չի, բայց դա արդարացում չի: Պլստան, հակակրելի անձնավորություն: Ոնց ա մեր ազգը ըտենցների ծնում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930