Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում կանցկացվի հոգևոր ֆիլմերի եւ արդի արվեստի փառատոն

Ապրիլ 03,2014 12:48

Հունիսի 20-30-ը Հայաստանում կկայանա իր տեսակով աննախադեպ՝ հոգևոր ֆիլմերի եւ արդի արվեստի միջազգային «Ֆրեսկո» փառատոնը, որը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշն» կազմակերպությունը եւ «Ծիածան» հասարակական կազմակերպությունը՝ Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ: Այսօր այդ մասին Նկարիչների միությունում հայտարարեցին փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, փառատոնի հոգևոր խորհրդատու տեր Եսայի քահանա Արթենյանը, համակարգող Աննա Կարապետյանը եւ մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Մադոյանը: Նրանք ներկայացրին փառատոնի մանրամասներն ու ֆիլմերի ներկայացման կանոնակարգը:

Fresko_1 Fresko_3

Արդեն մասնակցության հայտ է ներկայացրել 300 ֆիլմ` 25 երկրից: 30 ֆիլմ ներկայացվել է Հայաստանից: www.fresco.am էլեկտրոնային հարթակը հնարավորություն կտա առցանց հետեւել իրադարձություններին: Ֆիլմերը կցուցադրվեն բոլոր մարդաշատ վայրերում, Երեւանի եւ մարզերի անվճար ցուցասրահներում, ճամբարներում, Կարապի լճի տարածքում, եկեղեցիների դահլիճներում եւ բակերում: Նախատեսված են նաեւ մասնագիտական քննարկումներ:

Շահեն Նազարենկոն նշեց, որ սա նոր ձեւաչափով փառատոն է, որը կընդգրկի մայրաքաղաքն ու մարզերը:

Փառատոնի համակարգող Աննա Կարապետյանը նշեց, որ ֆիլմերը կցուցադրվեն նաեւ Ախթալայում, Օձունում, Տաթեւում: Մասնակցում են բոլոր այն ֆիլմերը, որոնք մարդասիրություն են քարոզում: Նրա խոսքով, ժյուրիի կազմում ընդգրկված են այլ երկրների նմանատիպ փառատոների անդամներ: Ֆիլմերը ներկայացնելու են հենց ֆիլմերի հերոսները:

Տեր Եսայու խոսքով. «Երբ լսում են հոգեւոր ֆիլմերի փառատոն արտահայտությունը արձագանքը միանշանակ չի լինում: Կարծում ենք պետք է խոսել հոգեւոր , մարդկային, բարոյական արժեքների մասին: Կամաց-կամաց հասունացավ գաղափարը Հայաստանում նման փառատոն անցկացնելու մասին: Ուզում ենք նաեւ ռեժիսորներին ու ֆիլմարտադրողներին հուշել, որ քրիստոնեական արժեքներ քարոզող, բարոյական խնդիրեր քարոզող ֆիլմեր շատ արտադրեն»:

Փառատոնի կազմակերպիչներից Մանե Մադոյանն ասաց, որ հայտերի ընդունումը դեռեւս շարունակվում է: Նա հավելեց, որ փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ սահմանափակ կարողություններով անձանց հետ համագործակցությունն է: Խուլուհամրերի համար կապահովվի թարգմանություն:

Մանե Մադոյանի խոսքով, փառատոնը բաց է հետաքրքիր գաղափարների համար:Փառատոնը չունի որեւէ ֆինանսավորում, ամեն ինչ արվում է կամավորների ուժերով եւ ընկերների աջակցությամբ:

Շահեն Նազարենկոյի ասելով, մարզերում փառատոնի անցկացման ընթացքում մասնակիցները կապրեն վրաններում, իսկ երեկոյան խարույկի շուրջ ակտիվ քննարկումներ կլինեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930