Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաշալի քառյակի նախաձեռնությունները Պարույր Հայրիկյանը համարում է «մարզանք»

Ապրիլ 03,2014 12:25

«Եթե մի հարցի շուրջ չորս քաղաքական ուժեր համաձայնության են գալիս, ուրեմն այդ հարցը գոնե իրենց համար դա կարեւոր է: Եթե կարեւոր է, ես չեմ կարողանում հասկանալ`ի՞նչն է ստիպում մեկ ամիս հետաձգել: Ուրեմն` կարեւոր չի: Եթե կարեւոր է, չորս կուսակցություններ կարող են վաղը նույն ցույցերը կազմակերպել: Եթե վաղը չեք անում, ուրեմն կարեւոր ու հրատապ չէ»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն`ի պատասխան Aravot.am-ի հարցի`ինչպե՞ս է ինքը վերաբերվում հրաշալի քառյակի`կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական գործընթացին զուգահեռ եռօրյա, շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու նախաձեռնությանը: Արդյոք ԱԻՄ-ը կմիանա՞ դրանց: «Կարեւոր է, հրատապ է» հարցի պատասխանը Հայրիկյանն իր համար չի ստացել ու գտնում է, որ որեւէ բանական մարդ ստանալ չի կարող:

Ինչ վերաբերվում է աջակցելուն, ասում է, որ ԱԻՄ-ի կանոնադրությամբ իրենք պարտավոր են աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ուղղված ցանկացած քայլի`անկախ նրանից, թե ում նախաձեռնությունն է դա: Բայց. «Սա ժողովրդավարական նախաձեռնություն չէ, որովհետեւ ԲՀԿ-ն ժողովրդավարական կազմակերպություն չէ, կուսակցություն չեմ ասում»: ԲՀԿ-ի ոչ ժողովրդավարականը Հայրիկյանը չափում է նրանով, որ այն ունի մեկ նախագահ եւ ասում են, որ միայն նա պետք է լինի: Հայրիկյանը համեմատություն անցկացնելով՝ նկատեց, որ ինքն ԱՄԿ-ի, ապա ԱԻՄ-ի առաջնորդն է արդեն 46 տարի, ինչի համար ինքն էլ է մեկ-մեկ վատ զգում, բայց ասաց, որ իրենց աշխատանքները մշտապես ընտրություններով են ուղեկցվել ու անգամ երեք անգամ այլ մարդ է ընտրվել ԱԻՄ առաջնորդ:

Ազգային, քաղաքական կյանքի համար կարո՞ղ է քառյակի նախաձեռնությունը նշանակություն ունենալ: «Եթե դա վարչապետի հրաժարականի շեշտադրումով է արվում, բացի նրանից, որ կազմակերպական առումով հեռանկար չունի»: Միաժամանակ Հայրիկյանը չի ցանկանում բացառել, որ լուրջ միջոցառումների դեպքում որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ, մտքափոխվեն, գաղափարափոխվեն`«եթե, իհարկե, գաղափար ունեցել են»: Գաղափարի բացակայության վառ ապացույցը Հայրիկյանը համարում է տեւական ուղին դեպի ԵՄ-ն ու կտրուկ շրջադարձը`դեպի ՄՄ, ինչի պարագայում ոչ ոք չընդվզեց. «Ես գաղափար ունեցող ՀՀԿ-ականների չեմ ճանաչում»:

Մեջբերելով իր մանկության ընկերոջը՝ Հայրիկյանն ասաց. «Եթե ուզում եք վարչապետին փոխել`ես պիտի իմանամ ումո՞վ եք փոխում եւ ինչով եք փոխում: Դա ներկայացված չէ»:

Մեջբերելով իր մեկ այլ ընկերոջը Հայրիկյանը քառյակի նախաձեռնությունը «մարզանք» որակեց. «Սա մարզանք է: Մարզանքը վատ բան չէ: Ես մարզանք կարող եմ ինքնուրույն էլ անել»:

Ինչեւէ , եթե Հայաստանի ժողովրդավարությանը վերաբերվող հարց կլինի, անկախ հրավերից, ԱԻՄ-ը կաջակցի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930