«Քեսաբի դեպքերը պիտի որակենք մեկ պետության կողմից մյուսի վրա ռազմական ագրեսիա: Թուրքիան Սիրիայի վրա ռազմական ագրեսիա է իրականացրել»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:
Նա անդրադարձավ նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է Թուրքիան ապաստան տալ հայերին: Գնահատելով այս հայտարարությունը պարոն Մելքոնյանն ասաց. «Սա ուղղակի ցինիզմ է, որով հարուստ է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը»:
Ռուբեն Մելքոնյանը Քեսաբի դեպքերը զուգահեռեց Ղրիմի խնդրի հետ ու նշեց. «Սա տեղավորվում է ՌԴ-արևմուտք հակամարտությունների համատեքստում: Սա արևմուտքի յուրահատուկ պատասխանն է Թուրքիային և դաշնակից Սիրիային՝ Ղրիմ հետ կապված»:
Թուրքագետը նկատում է, որ Քեսաբի դեպքերը նմանություններ ունեն 1915-ի ցեղասպանության հետ: Այնուհետև մանրամասնեց. «Ցեղասպանությունից հարյուր տարի հետո բացահայտ տեղահանություն և բռնագաղթ ենք տեսնում: Լաթաքիայի եկեղեցիների կադրերը մեզ հիշեցնում են 1915 թվականը: Սա տեղահանություն է, իսկ տեղահանությունը նաև ցեղասպանություն է՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն»:
Կարդացեք նաև
Թուրքագետը հիշեցնում է Թուրքիայի՝ «արևմուտքի ժանդարմ» լինելու հանգամանքը:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՌԴ-ն Քեսաբը չի՞ օգտագործում որպես գործիք, մասնավորապես Քեսաբի վերաբերյալ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի հայտարարությանը, որտեղ վերջինս կոչ էր արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկել Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակն ու խոսել նաև զինյալների կողմից քեսաբահայերի գնդակահարության մասին՝ Սիրիայում իր աշխարհաքաղաքական նպատակների իրագործման համար։
Թուրքագետը պատասխանեց. «Բնական է, որ ՌԴ-ունի իր շահերը և առաջնային են ՌԴ շահերը և միամիտ կլինի կարծել,որ հայերի շահերով են առաջնորդվելու: Նկատենք, որ ՌԴ-ի պես պետությունը հայության մի կարևոր խմբի շահեր բարձրացնում է միջազգային օրակարգ: Սա մեր խնդիրն է նաև, որ այնպիսի քայլեր անենք, որ կարողանանք շահել»:
Մեր հստակեցմանը, բայց ՌԴ-ն ՀՀ-ի ռազմավարական գործընկերն է, պարոն Մելքոնյանն այսպես արձագանքեց. «Քեսաբի դեպքերն ու Արևմուտքի հերթապահ հայտարարություններն ինձ հիշեցնում են 1915-ը, երբ տեղի էր ունենում ցեղասպանություն և Արևմուտքը հերթապահ հայտարարություններ էր անում: Այնտեղ վերանում է հայ համայնքը կարևորը սա է: Տեղի է ունենում հայ համայնքի վերացում, հայերի տեղահանում և հայկական գույքի տեղահանում: Այստեղ խոսել հայ սպանվել է, թե՝ ոչ, ամեն րոպե կարող ենք տեսնել սպանված հայերի»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ին «օգտագործելուն», թուրքագետն ասաց. «Աշխարհի բոլոր մեծերը օգտագործում են մեզ: Եթե մենք պատմությանը նայենք, և արևմուտքը, և ՌԴ-ն մեզ օգտագործում են իրենց շահերի համար: Բայց Արևմուտքի օգտագործելը մեզ համար ավելի ճակատագրական է լինելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ