Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ փոխվեցին նոյեմբերի 5-ի ակցիայի մասնակիցների մեղադրանքները

Ապրիլ 03,2014 11:56

Նոյեմբերի 5-ի ակցիայի մասնակից Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանն իր պաշտպանյալի մեղադրանքի փոփոխությունը անտրամաբանական է համարում:

Նա այսօր «Մեդիա կենտրոնում» հիշեցրեց, որ Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ ոստիկաններին դիմադրելու համար, իսկ նոր առաջադրված մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով նրա գործողությունները վերաորակվել են խուլիգանություն:

Պարոն Զաքարյանի խոսքով, իր պաշտպանյալն արդեն 5 ամիս է կալանքի տակ է գտնվում, եւ դատարանները հաստատված են համարել՝ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորել. «Նոր առաջադրված մեղադրանքը էապես փոխում է ամեն ինչ, հերքում է կալանքի տակ պահելու արդարացումը»:

Նա նաեւ ասաց, որ նոր մեղադրանքում առաջ է քաշվել նաեւ ոստիկանին՝ Արա Մարտիրոսյանին, ոչ միայն հրելու, այլեւ հարվածելու հանգամանքը: Բայց մի քանի ժամ տեւած առերես հարցաքննության ժամանակ Արա Մարտիրոսյանը պնդել է միայն, որ իրեն հրել են, բայց չեն հարվածել. «Այսինքն` այս հանգամանքը վկայում է այն մասին, որ մեղադրանքի մեջ նշված հանգամանքն ակնհայտորեն հակասում է քրեական գործով ձեռք բերված ապացույցներին»:

Փաստաբանի խոսքով, նոր մեղադրանքի մեջ Տիգրանին վերագրված չէ ոչ մի խուլիգանական գործողություն, չկան նշումներ, թե ինչպիսի գործողություններով է խախտել հասարակական կարգը. «Սա ես համարում եմ բացահայտ կամայականություն, իմ պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար, որովհետեւ այն, ինչ վերագրված է Տիգրանին՝ հասկանալի չէ, որովհետեւ խուլիգանական գործողություն չկա եւ նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտություն էլ չկա»:

Փաստաբանը մի քանի օր առաջ է այցելել իր պաշտպանյալին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, ասաց նրա հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, խնամքի մշտական կարիք ունի:

Անդրադառնալով ակցիայի օրվա տեսանյութերին, որտեղ երեւում են Տիգրան Պետրոսյանի գործողությունները, պարոն Զաքարյանն ասաց, որ նա մշտապես երեւում է բաժանարարի դերում: Ըստ նրա, երբ ոստիկանները վայր են գցում Շանթ Հարությունյանին, իր պաշտպանյալը միջամտում է, հրում ոստիկաններին մի կողմ՝ ազատելու Շանթ Հարությունյանին հնարավոր ֆիզիկական հարվածներից:

Հարցին, թե ինչու են նոյեմբերի 5- դեպքերով ձերբակալվածների մեղադրանքները գրեթե համատարած փոխվել խուլիգանության հոդվածներով, փաստաբանն ասաց. «Իշխանությունները հասկացան, որ 316 հոդվածի վերաբերյալ գործերով նախաքննություն իրականացնելու բացառիկ իրավասությունը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը…եթե այդ հոդվածով գործը փորձեին մտցնել դատարան, ապա ակնհայտ էր դառնալու, որ նախաքննությունը իրականացրել էր մի մարմին, որը դրա իրավասությունը չուներ: Հետևաբար` ձեռք բերված բոլոր նյութերը համարվելու էին անթույլատրելի եւ չէին կարող դրվել դատավճռի հիմքում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930