Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կենսաթոշակային բարեփոխում պետք է լինի, բայց իշխանությունն իր պահվածքով մեծ հարված հասցրեց դրան»

Ապրիլ 03,2014 14:05

Երեկ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթներ հակասահմանադրական ճանաչեց

Չնայած այս որոշմանը՝ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ վստահեցրել է. «Թեեւ որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ պատասխանատվության կենթարկվեն պահումներ չկատարողները, որովհետեւ օրենքը գործում է»: Իսկ ՍԴ-ի որոշումից հետո ՀՀ կառավարությունն էլ հայտարարություն տարածեց. «Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձեւակերպումների շրջանակներում: Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո»:

Մինչեւ աշուն հնարավո՞ր է արդյոք կառավարությունն այնպիսի փոփոխություններ կատարի, որոնք ձեռնտու կլինեն թե հասարակությանը եւ թե կառավարությանը՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատեց՝ կառավարությունը նախ պետք է այնպիսի առաջարկներ կատարի, որոնք կշահագրգռեն քաղաքացուն մասնակից լինել այդ համակարգին, սակայն առանց պարտադրանքի:
Ի սկզբանե համակարգ ներդրողները, այսպես ասած, քարոզ էին տանում, որ շատ մոտ ապագայում այլեւս հնարավոր չի լինի սերունդների հավասարության սկզբունքով նորմալ կենսաթոշակներ տալ, իսկ նոր համակարգը խոստանում է բարեկեցիկ ծերություն: Այս առնչությամբ էլ պարոն Խաչատրյանը ներկայացնելով որոշ վերլուծություններ՝ նկատեց, որ կառավարության անդամների այդ խոստումներն էլ «փուչիկ են» եւ իրականությանը չեն համապատասխանում:

«Այն ակնկալիքը, որ ավելի բարձր թոշակ են ստանալու, ասեմ՝ իրենց կողմից ներկայացված հաշվարկներով՝ եթե 156 հազար դրամ աշխատավարձ ստացողը շարունակի կուտակել, ես հաշվարկել եմ 36 տարվա կտրվածքով՝ հաշվի առնելով ինֆլյացիան, կուտակածի եկամտաբերությունն ու այլ գործոններ, բարեկեցիկ ծերություն հաստատ չեն ապահովելու: 36 տարի հետո թոշակի անցնելիս քաղաքացին կստանա այսօրվա գնողունակությամբ ընդամենը 40 հազար դրամին համարժեք գումար: Օրինակ՝ եթե դու ստանալու ես 380 հազար դրամ, ապա 36 տարի հետո գնողունակության պայմաններերով դա հավասար կլինի 40 հազար դրամի:
Այն խոստումները, որ բարեկեցիկ, ապահով ծերություն են տալու, նորմալ՝ այդպես չէ: Եվ հետո՝ խնդիր կար, որ մարդկանց պետք է հնարավորություն տալ խնայողություններ անելու, դրանք ինչ-որ մի տեղ ներդնելու կամ օգտագործելու, որպեսզի կենսաթոշակի տարիքում տնօրինի քաղաքացին. սա կարող էր լինել միայն կամավոր կուտակային կենսաթոշակայինի դեպքում: Սա պետք է գրավիչ լինի եւ գործատուի, եւ գործավորի համար: Սինգապուրում դա հավասարեցված է ավանդային տոկոսի հետ. կամ խնայեք բանկում ու տոկոս ստացեք, կամ կուտակային կենսաթոշակային համակարգում, որն ավելի բարձր եկամտաբերություն է ապահովում, քան ավանդը, բայց ավելի երկար ժամանակով, սակայն 10 տարի չեք կարող օգտվել այդ գումարից, իսկ 10 տարի հետո կարող եք վերանայել ձեր մոտեցումը: Այսինքն՝ երբ գրավիչ պայման առաջարկեն եւ այլընտրանք, այդ դեպքում մենք կմտածենք վճարելու եւ բարեկեցիկ ապրելու մասին»,- ասաց պարոն Խաչատրյանը՝ հավելելով, թե հայաստանյան համակարգում ուղղակի 40 տարուց ավելի մեր ունեցվածքը «կալանում են» եւ տնօրինելու հնարավորություն չեն տալիս, իսկ եթե մեզ թույլ տան ասենք՝ 10 տարի հետո, եթե համակարգը լավը չլինի, դուրս գալ դրանից, ապա հասարակության շրջանում այսպիսի մեծ ընդվզում չէր լինի:

Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ՝ մեզ նման աղքատ երկրում այլ չափանիշներ պետք է կիրառվեն. «Մեր կյանքի մակարդակը փոխանակ գնալով բարձրանա, իջնում է՝ 2008-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 3800 դոլար, հիմա 3300 դոլար է, ուրեմն մեր աղքատ երկրում լավագույն կենսաթոշակի հնարավորությունները շատ սահմանափակ են: Եթե մեկ շնչի ՀՆԱ-ն լինի 7000 դոլար, կենսաթոշակ տալու հնարավորությունը 2 անգամ կավելանա, եւ եթե այդ գումարներից 5000 դրամ առանձնացնեն թոշակին, չեն բողոքի, չեն էլ զգա այդ պարտադիր պահումները»:

Բայց որ կենսաթոշակային բարեփոխումներ անհրաժեշտ են մեր երկրում, եւ երկար տարիներ գործող համակարգին զուգահեռ նաեւ կուտակային է պետք ներդնել՝ պարոն Խաչատրյանն էլ է կողմ, սակայն, ինչպես տնտեսագետը նշեց՝ կամավոր եւ շահավետ պայմաններով:

Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս նոր համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը եկավ հենց իշխանություններից, այսինքն՝ նրանց պահվածքից. «Այն մոտեցումը, որը իշխանությունը դրսեւորեց այս օրենքի քննարկման ժամանակ, երբ ԱԺ-ում նորից հակասահմանադրական ձեւով արտահերթ նստաշրջանը չկայացավ, արդեն անվստահություն ստեղծեց: Իրենց այդ դրսեւորումները մի մեծ հարված հասցրին կենսաթոշակային բարեփոխումներին հենց իրենց կողմից»:
Պարոն Խաչատրյանը եւս մեկ անգամ հաստատեց, որ ցանկացած հասարակարգում սոցիալական բարեփոխումները ցավոտ են լինում, սակայն մեր պարագայում հասարակության անվստահությունն է իշխանության նկատմամբ. «Եթե վստահություն չկա, ապա համակարգը զրո է: Տվյալ դեպքում պարտադիր կուտակայինի տարբերակը լավագույնը չէ, եւ սա որեւիցե ձեւով չի խթանում համակարգին մարդկանց ինքնակամ մասնակից դառնալուն»: Պարոն Խաչատրյանը պարտադիր համակարգը համեմատեց Ստալինի եւ Լենինի ժամանակաշրջանի հետ, երբ քաղաքացու փոխարեն ինչ-որ մեկը որոշում էր, որ պարտադիր պետք է ժամը 6-ին արթնանալ, հիմնը լսել, վազել, մարմնամարզություն անել եւ այլ նման պարտադրված քայլեր:

«Կուտակային կենսաթոշակային համակարգը խիստ անհրաժեշտ է, բայց առանց պարտադիրի»,- կարծիք հայտնեց Վահագն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանը, պարոն Խաչատրյանն ասաց, որ նախ պետք է ուշադիր ուսումնասիրել այն, բայց երեկ ներկայացրած այն հանգամանքը, որ ըստ ՍԴ-ի՝ 50 օրենսդրական ակտերում պետք է փոփոխություն լինի, ուրեմն պետք է բոյկոտել այս կառավարությանը, որի ամեն մի քայլը հակասահմանադրական է:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930