Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ, դու տղա ես…» և նման բացականչությունները հասկանալի են, բայց ոչ այնքան ադեկվատ. «168 ժամ»

Ապրիլ 03,2014 11:27

Այս հույժ կարևոր կառույցն ինչո՞ւ հենց այսօր ուժը կորցրած չճանաչեց հակասահմանադրական դրույթները, եթե վստահ է, որ դրանք հակասում են Սահմանադրությանը։ Ինչո՞ւ անսահմանափակ ժամանակ չտալ կառավարությանն ու ԱԺ-ին վերանայել ու մշակել օրենքի դրույթները, դրանք համապատասխանեցնել Սահմանադրությանը, ապա նոր կիրարկել օրենքը, այլ մինչև սեպտեմբերի 30-ը դարձյալ քաոտիկ, անորոշ վիճակում պահել հասարակությանը։ Այս հարցի պատասխանը ՍԴ-ն այսպես է ձևակերպում. եթե այդ նորմերն ուժը կորցրած ճանաչվեին այսօրվանից, ապա երկրում «կխաթարվի իրավական անվտանգությունը»։

Երկրի իրավական անվտանգությունը չխաթարելու՝ ՍԴ-ի փորձը խոր արմատներ ունի։ Համոզվելու համար գուցե բավական է վերհիշել, թե ՍԴ-ին ինչ դեր է վերապահված, համապետական նշանակության բոլոր ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու հայցերն այստեղ մերժվել են։ Սակայն մերժելը չարյաց փոքրագույնն է. այսպիսով գոնե որոշակիություն է մտնում իրավիճակի մեջ։

2003-ին, երբ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը ՍԴ էր դիմել հայցով՝ վերանայել ընտրության արդյունքները, ի՞նչ արեց ՍԴ-ն. նախ անփոփոխ թողեց մարտի 11-ի ԿԸՀ որոշումը, որը նախագահ էր հռչակել Ռոբերտ Քոչարյանին, ապա ՀՀ նախագահին և ԱԺ-ին առաջարկեց մեկ տարվա ընթացքում փոփոխություն կատարել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում և կազմակերպել «Վստահության հանրաքվե»։ Նման հանրաքվե, ինչպես բոլորս ենք հիշում, տեղի չունեցավ։ Բոլորի ուշադրությունը կեղծված ընտրություններից տեղափոխվեց տարօրինակ այդ բառակապակցության վրա։ Ավելի ուշ՝ 2008-ին, երբ Երևանում էին հավաքվել 11 երկրների ՍԴ նախագահներ քննարկելու ՍԴ-ի դերն առհասարակ, լրագրողները հիշեցրել էին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին «Վստահության հանրաքվե» խորհրդավոր բառակապակցությունը, ինչին վերջինս այսպես էր արձագանքել. «Դա կապված է մեկնաբանություններից ու ընկալումներից։ ՍԴ-ն ասել է։ Ինչպես է հասկացվել, ինչպես է ընկալվում, ինչպես է մեկնաբանվում, ինչպես է կիրառվում, դա արդեն ՍԴ-ի խնդիրը չէ»։

Ի՞նչ կարող ենք արձանագրել ՍԴ երեկվա որոշումից հետո, այն, որ խնդիրը, խոշոր հաշվով, լուծված չէ։ Ակնհայտ է, որ եթե այս որոշումն ինչ-որ խնդիր լուծել է, ապա ամենևին՝ ոչ «Դեմ եմ» շարժման ակնկալիքները։ Խնդիրը նույն փուլում է, ինչ մինչ որոշման հրապարակելը։ Ի վերջո, այն, որ վերոնշյալ օրենքի դրույթները հակասահմանադրական են, գիտեինք մինչ ՍԴ դիմելը։ Այնտեղ պարզապես հաստատեցին, սակայն թողեցին անփոփոխ մինչև սեպտեմբերի 30-ը։

Որևէ մեկը, հասկանալի է, չի կասկածում, որ 64 էջանոց տեքստ ընթերցելը Գագիկ Հարությունյանի համար սիրելի զբաղմունք է, սակայն ոչ ինքնաբուխ։ Այս որոշման հեղինակը ՍԴ անդամները չեն՝ հակառակ դեպքում, քննարկումների ընթացքը տանում էր նրան, որ օրենքը կկասեցվեր որոշման հրապարակումից անմիջապես հետո։ Այդպիսով միայն չէր վտանգվի «երկրում իրավական անվտանգությունը»։

Այնպես որ, «Ուռաա՜, մենք հաղթեցինք։ Երեխայիս անունը ՍԴ եմ դնելու։ Գագիկ, դու տղա ես…» և նման բացականչությունները հասկանալի են, բայց ոչ այնքան ադեկվատ։ Քանի որ որոշման հասցեատերն ամենևին հասարակությունը չէր:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930