Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանի մեկուկես ժամանոց տեքստը համահունչ է Սերժ Սարգսյանի պատգամներին. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 03,2014 10:59

Այսօր շատերն են ուզում հասկանալ, թե ՍԴ որոշումը ինչ է նշանակում եւ նշանակելու գործնական կիրառման մեջ։ Տարօրինակ չթվա, բայց այդ հարցի պատասխանը տվել է Սերժ Սարգսյանը ս/թ փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ Կուտակային կենսաթոշակների մասին հարցին պատասխանելիս։

Հաջորդիվ մեջբերում ենք Սերժ Սարգսյանի խոսքերը Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին. «Որեւէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն, նույնիսկ մեր ամենախիստ քննադատներն ասում են, չէ՞, որ բարեփոխումներ պետք են, բայց այս մի դրույթը սխալ է, այն մի թեզը ճիշտ չէ (…) Ես չեմ բացառում, միգուցե, այդ օրենքում կան անհարթ իրավաբանական ձևակերպումներ կամ որոշ բառեր պետք է փոխվեն։ Չեմ բացառում։ Բայց եթե որեւէ մեկը կասի՝ ինքը պատրաստ է իդեալական փաստաթուղթ գրելու եւ միանգամից տանելու ու դնելու հանրային քննարկման, եւ հետո այնտեղ որեւէ մեկը խրթինություն չի հայտնաբերի, կասեմ, որ դրան չեմ հավատում։ Ծավալուն փաստաթուղթ է, նորից եմ ասում՝ կարող են լինել անհաջող ձևակերպումներ, մենք պատրաստ ենք այդ անհաջող ձևակերպումներն ուղղել։ Իմաստը, վստահ եմ, որ չի փոխվելու, եւ այդ որոշումը բոլորիս համար անհրաժեշտություն է. (…) Անպայման անելու ենք» (մեջբերման ավարտը):

Դժվար է, ուրեմն, չնկատել, որ Գագիկ Հարությունյանի մեկուկես ժամանոց տեքստը համահունչ է Սերժ Սարգսյանի պատգամներին, եւ ժամուկեսանոց որոշումը ընդամենը արձանագրումն էր այն բանի, թե որոնք են անհաջող ձեւակերպումները, եւ որ ձեւակերպումները պետք է ուղղվեն։

ՍԴ որոշումը այս իմաստով մոտավորապես կանխատեսելի է դարձնում կառավարության հետագա գործողությունները։ Կկատարվեն օրենսդրական փոփոխություններ, որոնցից հետո պարտադիր կուտակային բաղադրիչը կգանձվի ոչ թե որպես պարտադիր կուտակային վճար, այլ որպես պարտադիր սոցիալական վճար։ Եվ սա թափանցիկ կերպով ակնարկվում էր Գագիկ Հարությունյանի հրապարակված որոշման մեջ։ Սոցիալական ապահովության պարտադիր վճարի գաղափարը կարմիր թելի նման անցնում էր ՍԴ որոշման մեջ։

Սրանով կլուծվի նաեւ Կուտակայինի կոնֆլիկտը Սահմանադրության հետ։ Հիմա կառավարությունն ասում է, որ պարտադիր կուտակային վճարը քաղաքացու սեփականությունն է, բայց նա պարտադիր կարգով պետք է այդ գումարը վճարի հատուկ հաշվեհամարին։ Իսկ մեր Սահմանադրությունն ասում է, որ քաղաքացին պետք է իր սեփականությունը իր հայեցողությամբ տնօրինելու հնարավորություն ունենա։ Այստեղ էլ ծագում է սահմանադրական խնդիրը։

Իսկ Սահմանադրության մեկ այլ՝ հոդված 45-ը ասում է. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ»։ Ահա, ուրեմն, բոլոր հիմքերը կան մտածելու, որ իշխանությունը երկարատեւ այս էպոպեայի արդյունքում մտադիր է շտկել այս նրբությունը, կամ ինչպես Սերժ Սարգսյանն է ասել՝ անհարթ իրավաբանական ձեւակերպումները, պարտադիր վճարը փոխարինել սոցիալական ապահովության պարտադիր վճարով եւ համակարգը աշխատեցնել առանց այդ սխալ ձեւակերպումների։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930