Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սատանի մայլում՝ քյանդրբազություն»… ներողություն՝ «ֆեյքաբազություն»

Ապրիլ 03,2014 14:25

Մարտի 31-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ էին «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի (որ առավել հայտնի է իբրեւ «ֆեյքերի» մասին նախագիծ) շուրջ: Իրականում այդ «միջոցառումը», իմ հեռակա տպավորությամբ, ավելի շատ լսումների իմիտացիա էր, որպեսզի հետո ասեն. «… խորհրդակցել ենք նաեւ ոլորտի ներկայացուցիչների հետ, հաշվի ենք առել նրանց մտահոգությունները, դիտողություններն ու առաջարկությունները…»: Տիպիկ կոմունիստական, ներողություն՝ ՀՀԿ-ական դեմագոգիա, որովհետեւ այն, ինչ պատմեցին այդ «քննարկումների» մասին ընկերներս, այն, ինչ իբրեւ դրա մասին տեղեկատվություն հրապարակված է ԱԺ կայքում, եւ այն, ինչ ներկայացրեց պետական քարոզչության խոսափող Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագիրը (իսկ նրա լուրում բառ անգամ չկար մեդիադաշտի ներկայացուցիչների քննադատական ելույթներից), գալիս են փաստելու մի բան. սույն մեռելածին օրինագծի հեղինակները ընդամենը բուռն գործունեության պատրանք էին ստեղծում, իսկ հրաժարվել իրենց անհեթեթ ձեռնարկից չեն պատրաստվում: Ընդ որում, համեստ փորձագետիս թվում էր, թե գոնե ոչ իշխանական պատգամավորները կհասկանան իրենց ստորագրած օրինագծի ողջ սնանկությունը: Չհասկացան: Ավելին՝ նույն եռանդով, ինչ ՀՀԿ-ականները, պնդեցին դրա անհրաժեշտությունը: Էլի ավելին՝ հայտարարեցին, թե այդ հարցով իրենց դիմել են հեղինակավոր լրատվամիջոցների ղեկավարները: Երեք օր է՝ խոշորացույցով փնտրում ենք հեղինակավոր որեւէ լրատվամիջոցի ղեկավարի, որ նման հարցով դիմած լինի ԱԺ պատգամավորին, չենք գտնում: Կարո՞ղ է դիմողները «ֆեյքեր» են եղել…

Ես չեմ անդրադառնալու այդ օրինագծի ձեւակերպումներին, քանզի կետ առ կետ այն վերլուծել եւ դրա տգիտությունը ցուցանել եմ նախորդ «Մեսրոպագրում» (տե՛ս ), սակայն ես հիմա այդ քաղաքական «ֆեյքերին» պարզապես ցույց եմ տալու իրենց հորինածի ողջ «բումերանգությունը» հենց իրե՛նց համար:

Նախ ասեմ, որ նրանց ձեռնարկի իմաստը սա է. իրենք լավ գիտեն՝ իրենց կոլեգաների 80 տոկոսը՝ մականունավոր «ֆեյքերը», ոչ կյանքում ինտերնետ են տեսել, ոչ ստեղնաշար ու մկնիկ օգտագործել են իմանում, իսկ մի մասն էլ հազիվ տառաճանաչ է՝ գիտի միայն կ, ո, ղ, մ տառերը, էն էլ՝ իրենց սիրած քվեարկության կոճակը այլ կոճակների հետ չշփոթելու համար: Ահա այս, ներողություն արտահայտությանս համար, պատգամավորները երկու բառ իրար հետեւից չեն կարող կապել եւ իրե՛նք էլ պատասխան կամ հերքում գրել նույն մեկնաբանությունների սյունակում, որտեղից, ենթադրաբար, պահանջելու են հեռացնել այս կամ այն գրառումը: Նույնը՝ պատասխան կամ հերքում գրելը չեն ուզում անել նաեւ իրենք՝ սույն օրինագծի հեղինակները, ովքեր, ի տարբերություն մականունավորների, մի քիչ ավելի տառաճանաչ են (կարողանում են գիրկապ անելով կարդալ նաեւ «դեմ» եւ «ձեռնպահ» բառերը): Քաղաքական «ֆեյքերը» մեզ առարկում են՝ ասելով՝ հո չե՞նք կարող ամբողջ օրը հետեւել, թե ինչ է գրվում, ու պատասխան կամ հերքում գրել: Տամ հակընդդեմ հարցը՝ իսկ նույնը չի՞, որ պիտի հետեւեք ու գրավոր պահանջեք հեռացնել այս կամ այն գրությունը, կամ դիմեք դատարան: Մի՞թե դա ավելի շատ ժամանակ չի խլելու:
Չունեն պատասխան: Որովհետեւ իրենց խնդիրը պարզ է՝ ընտրովի են դատի տալու: Ինչպես ընկերներիցս մեկն ասաց՝ այս ձեռնարկի հեղինակներն արդեն իսկ աչքի առաջ ունեն կոնկրետ լրատվամիջոցներ, որոնց դեմ պայքարելու համար էլ երկնել են այդ օրինագիծը: Ինչպես 2000 թվականին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» առաջին օրենքի մրցույթների մասին անկապ ձեւակերպումները երկնեցին՝ միայն ու միայն «Ա1+» հեռուստաընկերությունը փակելու համար, եւ հասան դրան:

Իսկ հիմա ինտերնետից ինչ-որ բան (լինի դա նյութ կամ մեկնաբանություն) հեռացնելու այս ախմախ (իրենց առաջնորդի սիրած բառն է) ձեռնարկի մասին:

Հանդիսավոր խոսք եմ տալիս՝ երդվելով մորուքովս. եթե քաղաքական «ֆեյքերի» հեղինակած անհեթեթությունը, հակառակ մեդիաոլորտի ընդդիմանալուն, ընդունեն, եւ այն գործողության մեջ դնելուց հետո քաղաքական «ֆեյքերից» մեկի մտքով անցնի որեւէ կայքից հեռացնել տալ այս կամ այն գրությունը, ապա ես առաջիններից եմ լինելու (ասում եմ առաջիններից, ոչ թե առաջինը, որովհետեւ ունեմ լիքը ընկերներ, որոնք խոստացել են նույնը անել), որ, օգտագործելով իմ ունեցած հնարավորությունները, տարածելու եմ այդ՝ նրանց կարծիքով, զրպարտչական կամ վիրավորական գրությունը: «Ֆեյսբուքի», «Թվիթերի», «Գուգլ+»-ի իմ էջերում եւ իմ բլոգում ընդամենը գրելու եմ. «այսինչ պատգամավորը (օլիգարխը, նախարարը եւ այլն) այսինչ կայքից պահանջել է հեռացնել այսինչ գրությունը»: Դրան հետեւելու է գրության բովանդակությունը, իսկ դրան էլ կցվելու է ամբողջ գրության նկար-պատճենը (screenshot): Ապա եւ՝ խնդրելու եմ ֆեյսբուքյան, թվիթերյան եւ մյուս հարթակների ընկերներիս նույնը անել: Եվ երբ ձնագնդին գլորվի, ու այն 200-1000 մարդու փոխարեն, որ տեսել էին նախնական գրությունը, դա կարդա 10-20-30 հազար մարդ, այն ժամանակ գուցե կհասկանան իրենց իսկ ձեռնարկի ողջ տխմարությունը:

Էնպես որ՝ տիկնայք ու պարոնայք, շարունակեք «սատանի մայլում քյանդրբազություն անել», տեսնենք՝ ով ում կհաղթի: Թեպետ ձեր պահվածքով «քյանդրբազ»՝ լարախաղաց էլ չեք: Շատ-շատ՝ հանդիսատեսի մեջ ֆռֆռացող ու երեխաներին զվարճացնող քյոսա-ծաղրածուի ձգեք…

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930