Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպայում աշխատող մեր սաներից երեք նվագախումբ կձեւավորվի»

Ապրիլ 03,2014 13:40

 Ռեկտոր Շահեն Շահինյանը՝ մեր կոնսերվատորիայի մասին

Շարունակվում են անցյալ տարեսկզբին մեկնարկած միջոցառումները՝ նվիրված Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին: Ազգային օպերային թատրոնում ապրիլի 11-ին կկայանա այս հոբելյանին նվիրված երեկո, որտեղ դիրիժոր Հարություն Արզումանյանի թատրոնի  ղեկավարությամբ նվագախմբի հետ հանդես կգան կոնսերվատորիայի ուսանող երգիչները:

«Առավոտը» հանդիպեց կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի հետ: «Կոնսերվատորիան պահպանում է լավագույն ավանդույթները եւ նորացնում իր գործելակերպը: Ապրում ենք կրթական, գիտական, համերգային-կատարողական իսկապես հագեցած կյանքով: Հայտնի են կոնսերվատորիայի եւ մշակույթի նախարարության համատեղ անցկացրած հանրապետական մրցույթները, այդ թվում՝ Տաթեւիկ Սազանդարյանի, Գոհար Գասպարյանի, Հեղինե Տեր-Ղեւոնդյանի եւ այլն, այդպիսով հավերժացնելով մեր բուհի անվանի պրոֆեսոր-մանկավարժների անունները: Այսօր էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա երեկո՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի ծննդյան 70-ամյակին: Տասնամյակներ շարունակ Հայաստանի պետական երաժշտական կոլեկտիվներում աշխատում են բացառապես մեր շրջանավարտները: 2012թ. մեր բուհը դարձավ Եվրոպական կոնսերվատորիաների ասոցիացիայի անդամ: Կապեր հաստատեցինք նաեւ ԱՊՀ երկրների, Մերձբալթյան հանրապետությունների, ինչպես նաեւ Ամստերդամի, Բրյուսելի, Մոնտենեգրոյի, Ագդերի (Նորվեգիա), Բայա-Կալիֆոռնիա (Մեքսիկա) եւ այլ քաղաքների ճանաչված երաժշտանոցների հետ»,- հայտնեց պարոն Շահինյանը: Նա հավելեց, որ սկսած 1958 թվականից՝ կոնսերվատորիայում սովորում են արտերկրից ժամանած հայազգի եւ օտարազգի ուսանողներ:

Խնդրեցինք թվարկել մի քանի երաժշտի անուն, որոնք ուսում են առել Երեւանում եւ այսօր հայտնի են աշխարհին: «Օրինակ, Նաարի Շաֆանը (Լիբանան) դարձավ առաջին արաբական օպերայի հեղինակը, Հարութ Ֆազլյանը (Կանադա) ղեկավարում է հայտնի նվագախմբեր, Սաադ Սալիմը (Բեյրութ) մեր կոնսերվատորիայում պատրաստեց թեկնածուական թեզ, իսկ դոկտորականը՝ «Հայ-արաբական երաժշտական կապեր», պաշտպանեց Սորբոնի համալսարանում: Լուիզա Բաբանովա-Գրաբարը (Լեհաստան) իր երկրում թեզ պաշտպանեց հայ-լեհական երաժշտական կապերի մասին, թավջութակահար Շիրնենզիա Դուլամսուրենը, ջութակահար Ժեմյան Բայարսայը, դիրիժոր Չուլուն Չիմբաթը (Մոնղոլիա) եւ շատ ուրիշներ եւս մեր սաներն են եղել»,- հայտնեց ռեկտորը:
Վերջին շրջանում հայաստանյան մշակութային բուհերի մասին խոսելիս մշտական նշվում է, թե ավելի շատ շրջանավարտներ են տալիս, քան պահանջարկ կա: Այս առիթով Շահեն Շահինյանը պատասխանեց. «Թե ինչպես կդասավորվի կոնսերվատորիայի յուրաքանչյուր շրջանավարտի կարիերան ու հետագա ստեղծագործական գործունեությունը, միանշանակ կախված է անհատից… Առանց չափազանցնելու, այսօր միայն եվրոպական որոշ երկրների սիմֆոնիկ նվագախմբերում աշխատող մեր շրջանավարտներից կարելի է 3 նվագախումբ ձեւավորել: Էլ չեմ խոսում արեւմտյան տարբեր օպերային թատրոններում բեմ բարձրացող հայ արտիստների մասին…»: Անդրադառնալով առաջարկ-պահանջարկին՝ ռեկտորը նշեց. «Կոնսերվատորիան մշտապես ուսումնասիրում է մասնագիտությունների, երաժիշտների պահանջարկը հայաստանյան կոլեկտիվներում եւ դրանից ելնելով՝ որոշում ընդունելության տեղերի քանակը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930