Դիլիջանի բնակչուհի, 1963թ. ծնված Սեդա Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականից մինչեւ 2013 թվականը Աննա Ապրեսյանին դրդել, համոզել է տարբեր անձանցից եւ կազմակերպություններից պարտքով վերցնել գումարներ եւ տալ իրեն, հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել՝ սպառնալով վնասել Ա. Ապրեսյանին եւ նրա ընտանիքի անդամներին, որի հետեւանքով վերջինս 2013թ. հունվարի 8-ին, ժամը 17-ի սահմաններում Դիլիջանի Մյասնիկյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ըստ մեղադրական եզրակացության, բացի այդ, Սեդա Քոչարյանը 2012թ. մարտից մինչեւ սեպտեմբեր ամիսը, խարդախությամբ, Աննա Ապրեսյանի վստահությունը չարաշահելով եւ խաբեությամբ, նրա միջոցով Արարատ Ալիխանյանից հափշտակել է խոշոր չափի՝ 2 միլիոն դրամ գումար: Նշենք, որ Ս. Քոչարյանը 2008-2013թթ. եղել է Դիլիջանի ավտոկայարանի տնօրենը:
Ըստ «Դատալեքս» կայքի՝ այս գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում մեկնարկել է 2013թ. հոկտեմբերի 10-ին: Հոկտեմբերի 28-ին, դատարանի որոշմամբ, Ս. Քոչարյանի խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, փոխվել է, եւ նա կալանավորվել է: Դատավարության ընթացքում Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ն. Չիլինգարյանի կողմից ներկայացվել է որոշում, ըստ որի Ս. Քոչարյանին ներկայացված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 110 հոդվածի 2-րդ մասով, փոփոխվել է, եւ մեղադրանք է առաջադրվել 110 հոդվածի 2-րդ մասով («Ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ»): Այս հոդվածը նախատեսում է առավելագույնը 5 տարի ազատազրկում:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը իր վճռում նշել է, որ նախաքննական մարմինը պարտավոր էր գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտություն կատարել, կանխակալ մոտեցում չցուցաբերել:
Կարդացեք նաև
2014թ. մարտի 25-ին Ռ. Մելքոնյանը առաջադրված մեղադրանքում Ս. Քոչարյանին անմեղ է ճանաչել եւ արդարացրել,նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել եւ նրան դատարանի դահլիճից ազատ է արձակել:
Մեր տեղեկություններով Ս. Քոչարյանի համար նման վճիռը անսպասելի է եղել եւ նա մոռացել է դատավորին շնորհակալություն հայտնել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Շատ հետաքրքիր հոդված էր: Ըստ հոդվածագրի,ստացվում է,որ այն դեպքերում,երբ ամբաստանյալը արդարացվում է,պետք է շնորհակալություն հայտնի դատավորին( կարող է և մաղարիչ անել,դա արդեն կաշառք չի),իսկ երբ դատապարտվում է և բնականաբար դժգոհ է մնում դատավճռից և դատավորից,կարող է հրապարակավ նրան հայհոյել:Շատ հետաքրքիր մոտեցում է: