Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դժվար թե Ազատության հրապարակում կրիտիկական զանգված հավաքվի». «Առաջին լրատվական»

Ապրիլ 03,2014 10:38

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

Պարոն Վարդանյան, ապրիլի 28-ին ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նախաձեռնել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը բարձրացնել: Ըստ Ձեզ, այս գործընթացն ինչքանո՞վ է իրականանալի, երբ ՀՀԿն ԱԺում մեծամասնություն ունի: Այդ ուժերի հույսն առնետավա՞զքն է:

-Գուցե կա նաև որոշակի հույս, որ որոշ պատգամավորներ կարող են այդ կողմն անցնել, բայց կարծում եմ, որ դեռևս հստակ հիմքեր այդ թեզը պնդելու համար մենք չունենք: Հնարավոր է՝ քաղաքական ուժերը ավելին գիտեն, քան մենք։ Կարող է լինել նաև երկրորդ հանգամանքը, որ «Հրաշալի քառյակը» ցանկանում է մոբիլիզացնել հասարակությանը, և սա առիթ է, որ սկսվի այդ գործընթացը: Իհարկե, քիչ հավանական է, որ մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի այնպիսի ճնշում ստանալ, որը կստիպի իշխանություններին զիջումների գնալ, բայց նույնն էլ այն առումով, որ դժվար է ակնկալել, թե Հանրապետականից մարդիկ դուրս գան և անցնենն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ճամբար:

Իհարկե, այստեղ մենք պետք է հետևենք քաղաքական կուսակցությունների, կոնկրետ՝ այդ չորս կուսակցությունների ներկայացուցիչների ելույթներին, որոնք, հավանաբար, մինչև հանրահավաքը կլինեն, և կարող ենք նաև այդ ելույթներից ու դրանց արձագանքներից տեսնել, թե մթնոլորտի առումով կա՞ որոշակի փոփոխություն, կա՞ արդեն միջանկյալ հաջողված փորձ, թե՞ ոչ: Եթե քաղաքական ուժերը նախաձեռնում են նման բան և ժամկետ են նշում, դա նշանակում է, որ մինչ այդ պետք է հանրության հետ և քաղաքական մեծամասնության հետ աշխատանք տանեն:

Հանրության մոտ իհարկե կա դժգոհություն կառավարության գործունեությունից, սոցիալտնտեսական ծանր պայմաններից, բայց կառավարությանն անվստահություն հայտնելն ա՞յն հարցն է, որ մարդկանց փողոց դուրս կբերի: Այդ ուժերը նախաձեռնել են եռօրյա հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

Զուտ հանրահավաքներ կարելի է կազմակերպել ցանկացած՝ քիչ թե շատ մարդկանց հուզող խնդիրների շուրջ: Եթե քաղաքական ուժերը իրենց պոտենցիալն ամբողջությամբ իրականացնում են, օգտագործում են իրենց ռեսուրսները՝ իրենց ընտրազանգվածի ակտիվ հատվածին փողոց դուրս բերելու, հանրահավաքը կայանում է: Կարծում եմ, որ այս թեման բավարար է, որ այդ հանրահավաքները կայանան: Կլինե՞ն դրանք մարդաշատ, կարծում եմ՝ այո՛, կլինեն, կհավաքվի՞ այնտեղ կրիտիկական զանգված, որն անհրաժեշտ է լուրջ փոփոխությունների հասնելու համար՝ դժվար թե, ամենայն հավանականությամբ՝ ոչ:

Բնականաբար, եթե հասարակությունը, հանրությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական և հասարակական նախաձեռնությունները ցանկանում են, որ հանրությունը մոբիլիզացվի այն աստիճանի, որ ձևավորվի այդ կրիտիկական զանգվածը, բացի այդ՝ ուղղակի հանրությունը լինի թելադրող և ճնշում գործադրի, օրակարգը պետք է լինի այնպիսին, որ մարդկանց համոզի այն առումով, որ մարդիկ տեսնեն, թե ինչ լուրջ գործընթացի են մասնակցում, և իրենց ժամանակն ու ռեսուրսները տրամադրեն դրան: Հանրահավաքին մասնակցելն էլի որոշակի ռեսուրս, ժամանակ է պահանջում մարդկանցից, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուր՝ ուղղակի ընդդիմությանը համակրող քաղաքացի կգտնի ժամանակ, 2-4 ժամ գա կանգնի և գնա տուն, ամենաակտիվները, գուցե հենց կուսակցության ակտիվը, կմնա գիշերը:

Իսկապես շատ լուրջ, ռադիկալ, արմատական փոփոխությունների հասնելու համար պետք է շատ լուրջ նպատակներ, հստակ ռազմավարություն: Հանրությունը հիասթափվել է հանրահավաքային պայքարից, ու այս անգամ պետք է շատ ավելի լուրջ հարցին մոտենալ, և հանրությունը կմասնակցի նման գործընթացին եթե հստակ հասկանա, թե իրենից ինչ է պահանջվում, որն է լինելու իր մասնակցությունը այդ գործընթացներում: Մինչև սա չլինի, իհարկե, որևէ կրիտիկական զանգված հավաքել, կարծում եմ, չի հաջողվի:

Բացի այդ՝ խնդիրը միայն կրիտիկական զանգվածը չէ։ Ռեժիմի փոփոխությանը հասած շարժումները, նաև՝ Ուկրաինայի վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ունենալ լուրջ ճնշում իշխանական համակարգի վրա, և այդ լուրջ ճնշումը միայն երթերով կամ հանրահավաքներով հնարավոր չէ ապահովել. դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են, որ այդ ճնշումը լինի: Անհրաժեշտ է, որ ձևավորված լինեն կոնկրետ գործառույթներ իրականացնող խմբեր, որոնք համագործակցեն մեկը մյուսի հետ, եթե այդ խմբերը չկան, որ ամեն մեկն իր բաժինը ունի այդ շարժման մեջ, կոնկրետ ինչ-որ բան է անում, ստորագրահավաք է անում… Կա խումբ, որ աշխատում է կոնկրետ իշխանությունների հետ, պահանջներ է ներկայացնում, համոզում ինչ-որ հարցերում, կա խումբ, որ աշխատում է ուսանողության հետ, և այդ բոլորը միմյանց հետ համագործակցում են, գիտեն՝ ով ինչ պետք է անի: Այսինքն՝ կա դիմադրության շտաբ՝ այս դեպքում կարողանում են հասնել հաջողության: Այդ բոլոր խմբերը հանրահավաքների ժամանակ հաշվետվություն են ներկայացնում, մտքերի փոխանակում է լինում, և ի մի է բերվում այդ ողջ գործընթացը: Ձևավորվում է յուրօրինակ բանակ՝ իր ստորաբաժանումներով ու հստակ գործառույթներով, այդ բանակն է, որ ռեժիմին կարողանում է հաղթել, այդտեղ է ձևավորվում ալտերնատիվ համակարգը, որ պետք է հաղթի ռեժիմին: Եթե չկա նման բան, ուրեմն հաջողության հասնելը շատ մշուշոտ է:

Մարիամ Գրիգորյան

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930