Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունն ինչ որոշում է` պետք է մտցնել ՍԴ»

Ապրիլ 02,2014 20:11
vahagn khachatryan

«Եթե չլիներ շարժման ակտիվությունը, եթե չլինեին դժգոհող քաղաքացիների նման բանակ, ես համոզված եմ Սահմանադրական դատարանի որոշումն այլ  բովանդակություն կունենար»,-Aravot.am-ի հետ զրույցում ՍԴ-ի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշման  մասին ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը որոշել է, որ օրենքի վիճահարույց դրույթները հակասահմանադրական են:

Պարոն Խաչատրյանի խոսքերով`օրենքի հեղինակներն իրենք էլ վստահ էին, որ Սահմանադրություն են խախտում. «Այնպես չէ, որ իրենք տեղյակ չեն եղել, պարտադիր հանգամանքը մտցնելն արդեն Հայաստանի հանրապետության  Սահմանադրության հակասող նորմ է: Ուղղակի, քանի որ այդ ամենը շատ կազմակերպված բնույթ ունեցավ եւ Ազգային ժողովի 4 խմբակցության ներկայացուցիչները սկզբունքային գտնվեցին, ընդ որում այստեղ հանրապետական  իշխող կուսակցությունը չկարողացավ գնահատել այդ ուժը, այս ամենը կարող էր Ազգային ժողովում ավարտվել: Բայց, որ չեղավ, կազմակերպված բոլոր միջոցառումները, որոնք տեղի ունեցան վերջին 4 ամսվա ընթացքում, իշխանությանն էլ, Սահմանադրական դատարանին էլ մտածելու առիթ տվեցին, որ իրոք, օրենքում աղաղակող փաստեր կան, եւ նրանք այսպիսի որոշում կայացրեցին»:

Վահագն Խաչատրյանը նաեւ նկատեց, թեեւ ՍԴ-ն երկու կարեւոր դրույթ որպես հակասահմանադրական է ընդունել, սակայն վերջնական ուրախանալու կամ գնահատական տալու համար ՍԴ-ի որոշման վերաբերյալ, պետք է դրան ամբողջությամբ ծանոթանալ: «Թեկուզ այսօր, որպես արդյունք, կարող ենք գնահատել մի շատ կարեւոր հանգամանք` սեփականության  հետ կապված խնդիրը եւ մարդկանց եկամուտների խախտման խնդիրը. այս երկուսը արձանագրեց Սահմանադրական դատարանը եւ համարել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում որպես խախտումներ. սրանք ամենակարեւորներն են»,-ասաց ՀԱԿ անդամը:

Պարոն Խաչատրյանը մի ուշագրավ դիտարկում էլ արեց, եւ վստահեցրեց, որ  ՀՀ մի շարք օրենքների մեջ եւ կառավարության շատ որոշումների մեջ հակասահմանադրական տարրեր հաստատ կան. «Օրինակ` Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը, կամ «Հայռուսգազարդի» պայմանագիրը, սրանք եւս հակասահմանադրական են: Ստացվում է` ինչ կառավարությունը որոշում է, պետք է մտցնել Սահմանադրական դատարան»:

Այսօր կառավարություն արձագանքելով ՍԴ-ի որոշմանն, հայտարարել է   Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձեւակերպումների շրջանակներում: Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո: Այս առնչությամբ էլ պարոն Խաչատրյանն ասաց. «Կառաավարությունն իր դերի մեջ է, փոխանակ ընդունի, որ իր հակասահմանադրական գործողության արդյունքում 160 հազար մարդու նկատմամբ պարտադրանք է կիրառել, միաժամանակ էլ ներողություն խնդրի բոլորից` ում նկատմամբ պարտադրանք է կիրառել,  չհաշված, որ պետք է վնասները փոխհատուցի: Եթե հակառակը լիներ, քաղաքացուն կպատժեին` տույժ-տուգանք, դատարան եւ այլն: Բացի այս, համակարգը ոչ տնտեսական, որ իրավական առումով որևէ արդյունք քաղաքացուն չի տալու`  նրա կենսամակարդակի կամ կյանքի բարելավմանն ուղղությամբ»:

Հաշվի առնելով, որ այս համակարգի ներդրման համար կառավարությունը հսկայական գումարներ է ծախսել, ընդ որում հաշվարկել է, որ համակարգի լիարժեք ներդրումից հետո եւս միլիոններն են գալու տնտեսություն, ուստի չցանկանալով հրաժարվել համակարգից ու միլիոններից,  պարտադիր կուտակային վճարները կառավարությունը մտադիր է դարձնել հարկատեսակ, գոնե վերջին շրջանում այս մասին շատ է խոսվում  մեր այս դիտարկմանն էլ, պարոն Խաչատրյանն ասաց, «Այս կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, եւ ընդհանրապես, այս իշխանությունը, որպեսզի ապացուցեն, որ իրենք ամեն ինչ կարող են անել եւ իրենք ճիշտ են, կարող են մի հիմարություն էլ մտածեն` որպես նոր հարկատեսակ մտցնեն: Նոր հարկատեսակի մասով ասվում էր, որ դա բիզնեսին կվնասի, բեռ կլինի եւ այլն: Իրականում այն հիմնավորումները, որ իրենք հսկայական գումարներ են ծախսել, իրենք ասում են 8 տարի են ծախսել համակարգի վրա, լավագույն տարբերակն են ներդրել, հիմա պարզվում է այդ լավագույնը հակասահմանադրական դրույթներ ունի, այն էլ ` շատ: Հարկատեսակ  դարձնելը իսկապես տնտեսությունը կքանդի»:

Պարոն Խաչատրյանը նաեւ նկատեց, որ ՍԴ-ում քննարկումների ժամանակ դատարանի նախագահը մի շատ կարեւոր հարց բարձրացրեց`նախորդ տարվանից ներդրված սոցիալական ապահովության հարկատեսակի փոփոխությունը` եկամտային հարկատեսակը, որը եւս հակասահմանադրական է. «Այսինքն`սոցիալական պետությունը, որն ամրագրված է մեր պետության մեջ, սոցիալական պետություն հասկացողության մեջ գործատուի դերը նվազեցվեց, մինչ այդ սոցհարկը տալիս էր գործատուն, եկամտային հարկի ներդրումից հետո գործատուն պարտականություն չունի գործավորի ու պետության նկատմամբ, սա էլ  հակասահմանադրական է: Ես հասկանում եմ սրա ենթատեքստը: Ամեն դեպքում, ՍԴ-ի որոշումները միշտ երկու կողմ են ունենում. փորձում են երկու կողմին էլ բավարարել: Եթե իհարկե, իշխանությունը շատ վատ վիճակում է լինում: Բայց ամենակարեւորը` սեփականության եւ մարդու իրավունքների խախտում է տեղի ունեցել»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930