Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում շարունակում են հեռախոսազանգեր ու դիմումներ ստանալ մարզի տարածաշրջանի տարբեր համայնքներից: Եղանակի կտրուկ փոփոխության ու ձյան առատ տեղումների հետեւանքով՝ տուժած գյուղական համայնքների ղեկավարները շարունակում են ահազանգել եւ դիմումներ ներկայացնել մարզպետարան՝ տեղյակ պահելով հասցված վնասների մասին եւ ակնկալելով կառույցի աջակցությանը:
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը տեղեկացրեց, որ արդեն եղել են որոշ համայնքներում եւ մարզպետի հանձնարարականով առաջիկայում կլինեն նաեւ մյուս գյուղական համայնքներում, տեղում կուսումնասիրեն ստեղծված իրավիճակը: Վարչության պետի խոսքով՝ նախնական տվյալներով մոտ 50-60 տոկոս է կազմում համայնքներին հասցված վնասը, իսկ ավելի ստույգ պարզ կլինի հանձնաժողովի ուսումնասիրությունից եւ վնասների չափը հաշվարկելուց հետո: «Հիմնականում վնասներ եղել են այն տարածաշրջաններում, որտեղ ծառերն արդեն ծաղկել էին, մասնավորապես՝ Մեղրու տարածաշրջանում, Գորիսի տարածաշրջանի Որոտան, Խնձորեսկ, Կոռնիձոր գյուղական համայնքներում եւ Սիսիանի տարածաշրջանի ցածրադիր գոտիներում: Ավելի շատ վնասվել է ծիրանի, հոնի, դեղձի, սերկեւիլի, սալորի, կեռասի ու բալի ծառերը: Աշնանացանին վնաս չի եղել, գարնանացանը դեռ հարցական է: Ուսումնասիրությունները հստակ ցույց կտան, թե մարզի գյուղատնտեսությունը որքա՞ն է տուժել եղանակի կտրուկ փոփոխությունից: Համոզված եմ կա՛մ մարզպետարանը, կա՛մ կառավարությունն ինչ-որ չափով տուժած համայնքներին օգնություն կցուցաբերեն», -նշեց Սամվել Թանգյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ