Քիչ առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն ու ընդհանրական աղոթք` նվիրված քեսաբահայությանը: Այդ ընթացքում անդադար հնչում էին եկեղեցու զանգերը, ու գյումրեցիները ծնկաչոք աղոթում էին Քեսաբի խաղաղության համար: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր խոսքում հիշեցրեց, որ Գարեգին 1-ին Վեհափառը ևս քեսաբցի է եղել:
«Հայկական Քեսաբ գյուղում, որ մնացել է Կիլիկիայից, ծանր շրջան է ապրում` թե սիրիահայությունը և թե մասնավորապես քեսաբահայությունը: Երբ որ 25 տարի առաջ մենք նեղության մեջ էինք, սիրիահայությունը այսպես, թե այնպես մեր կողքին էր, և նյութապես, և բարոյապես, և իր աղոթքներով: Այսօր էլ ժամանակ է, որ մենք լինենք իրենց կողքին, եթե նյութապես չենք կարող լինել, գոնե աղոթքով մասնակից լինենք, և գոնե աղոթքով խնդրենք Աստծուց, որ խաղաղություն իջեցնի սիրական հողի վրա, որ այդպես հյուրընկալ ընդունեց մեր զավակներին Մեծ եղեռնից հետո, երբ որ փախստական ապաստան գտան մեր հայորդիները սիրական հայրենիքում:
Եվ այսօր մաղթենք, որ խաղաղությունը իշխի, վերահաստատվի այդ երկրում և որ հալեպահայությունը, դամասակահայությունը և նաև Քեսաբի մեր սիրելի ժողովուրդը, որ մեզ պարգևել է նաև Ամենայն հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Գարեգին 1-ին. Վեհափառ Հայրապետը քեսաբցի էր, և հետևաբար մեր ցանկությունն է, որ այդ գյուղը մնա և շարունակի գոյատևել` իբրև նշխար Կիլիկյան Հայաստանի»,- ասաց Սրբազանը` գյումրեցիների հետ միասին առ Աստված բարձրացնելով իր աղոթքը:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ