«Ապրիլի 1-ը ոչ թե ծիծաղի կամ խաբելու օր է, այլ այն ասորական ակունքներ ունի»,- այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ասորական «Աթուռ» կազմակերպության նախագահ Արսեն Միխայլովը: Նրա խոսքերով՝ ապրիլի 1-ին՝ ասորական Նոր տարուն, ասորիները շատ են սպասում, եւ այդ օրը հիմնականում միջոցառումներ են լինում դպրոցներում, համայնքներում:
Ասորական Նոր տարին ունի շուրջ 6764 տարվա պատմություն, տոնը, ըստ ավանդության, նշվում է, երբ Մարդուկ աստվածը կռվի էր ելնում ծովերի եւ ջրերի արքա Տիամաթի դեմ եւ հաղթում նրան, այդ ժամանակ հենց սկսվում են տոնախմբությունները, որոնց ընթացքում չէին գործում դատարանները, երեխաներին չէր կարելի պատժել, ստրուկները ազատ էին արձակվում, թագավորը վայր էր դնում իր մականը, եւ բոլորը իրար հետ նշում են տոնը: Տոնը բաղկացած է 2 փուլից՝ ապրիլի 1-8-ը եւ 8-12-ը, ընդհանուր առմամբ՝ 12 օր՝ ամեն օր նշելով մեկ աստծո անունը: Ասորական նոր տարվա գագաթնակետը՝ 12-րդ օրը, Մարդուկ աստծո հուշարձանը իր տեղն են դնում, եւ թագավորը նորից ստանձնում է իր պարտականությունները եւ շարունակվում է կյանքը:
Արսեն Միխայլովը բացատրեց, թե ինչո՞ւ է ասորական Նոր տարին ճանաչվում որպես ծիծաղի օր.
«Ապրիլի 1-ին, որ ընտրում են թագավորի տեղ մեկ այլ հասարակ մարդու՝ սուտ թագավորի, եւ 12 օր այդ սուտ թագավորը ղեկավարում է երկիրը, եւ այդտեղից է գալիս խաբելու օր անվանումը»:
Կարդացեք նաև
Դերասան, ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը նշեց, որ մեզ հասել է Մարդուկին նվիրված աղոթքը եւ ամեն ապրիլի 1-ը ասորի ժողովուրդը դիմավորում է հենց այդ աղոթքով՝ խնդրելով աստծուց երկար կյանք, առողջություն որպեսզի շարունակեն աղոթել իրեն:
Անդրադառնալով ասորական համայնքի խնդիրներին՝ դերասանը նշեց, որ չի հիշում որեւէ խնդիր, որ ազգային փոքրամասնությունները դրել են եւ լուծում չի ստացել: Սակայն նա համարում է, որ այն ազգային փոքրամասնությունները, ովքեր ունեն իրենց պետությունները, դեսպանատունները, շատ ավելի լավ վիճակի մեջ են գտնվում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ