Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտաս երգելու համար պիտի «շատ հայ լինես». Տիգրան Հեքեքյան

Ապրիլ 02,2014 18:54

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, այս տարվա ապրիլի 5-ից մայիսի 3-ը ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթը, որը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շատ խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ մրցույթն այս տարի նվիրված է Կոմիտասին. «Սա յուրովի հնարավորություն է նոր սերնդի համար կամուրջ  ստեղծելու դեպի մեր մշակութային ժառանգությունը, ինչպես ժամանակին մեծն Կոմիտասը բավականին մեծ ջանքեր ներդրեց, որպեսզի մենք չկորցնենք մեր ազգային տեսակը և պահպանենք այն: 21-րդ դարում, հատկապես, սա շատ արդիական է և առանձնահատուկ խորհուրդ ունի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթն անցկացվում է 2001 թվականից՝ Հայաստանի, Արցախի և Ջավախքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների մանկապատանեկան երգչախմբերի մասնակցությամբ:

«Երգող Հայաստան» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Ղազարյանը տեղեկացրեց, որ հանրապետական 7-րդ մրցույթին մասնակցելու 77 հայտ է ներկայացվել, որը, նրա խոսքով, նախորդ տարվա համեմատ քիչ է: Պարոն Ղազարյանը դա բացատրում է Կոմիտաս կատարելու դժվարությամբ. «Յուրաքանչյուր երգչախումբ պարտադիր պետք է կատարի Կոմիտասի մանկական ստեղծագործություններից մեկը: Իսկ Կոմիտաս երգելը հեշտ չէ, այն էլ մանկապատանեկան երգչախմբերի համար»,- ասաց նա:

Դ. Ղազարյանին մտահոգում է նաև այն փաստը, որ մրցույթին մասնակցելու առումով Երևանի հանրակրթական դպրոցները բավականին պասիվ են: «Յուրաքանչյուր մրցույթից հետո մենք ուշադրություն ենք հրավիրել այս հանգամանքի վրա, բայց, դժբախտաբար, սայլը տեղից չի շարժվում,- ասում է նա,- ունենք այսպիսի մի պատասխան՝ դպրոցներում շատ բարդ է ունենալ խմբավարի հաստիք»:

Պարոն Ղազարյանի փոխանցմամբ՝ Երևանը մրցույթին մասնակցում է 20 երգչախմբով, որոնցից երկուսը հանրակրթական, իսկ մնացած 18-ը երաժշտական դպրոցներից են:

«Երգող Հայաստան» մրցույթի գեղարվեստական խորհրդի և ժյուրիի նախագահ Տիգրան Հեքեքյանն էլ, անդրադառնալով երգչախմբային մրցույթի որակին և մասնակիցների թվին, ասաց, որ ինչքան բարձրացրել են որակական  սանդղակը, այնքան նվազել է երգչախմբերի թիվը: «Շատ չենք բարձրացրել, չափի մեջ,- ասում է նա,- բայց քանակական առումով առաջին տարիներին ունեցանք մեծ աճ, մրցույթը ոգևորեց, ստեղծվեցին 100-110 երգչախմբեր, իսկ այսօր ունենք 77 երգչախումբ: Բայց այս թիվն ինձ ավելի շատ մտահոգում է նրա համար, որ Հայաստանում ունենալով 1500-ից ավելի հանրակրթական դպրոց, մենք ունենք ընդամենը երկու տասնյակից մի քիչ ավելի մասնակից հանրակրթական երգչախմբեր, և ունենալով 150-ից մի քիչ ավելի երաժշտական դպրոցներ, այդ թվի կեսից էլ պակաս մասնակիցներ ունենք երաժշտական դպրոցներից, այն դեպքում, երբ երաժշտական դպրոցներում երգչախումբը պարտադիր առարկա է: Դա նշանակում է, որ հանրապետության երաժշտական դպրոցների կեսից ավելին չունի երգչախումբ, սա ուղղակի տագնապ է»:

Իսկ ինչ վերաբերում է Կոմիտաս երգելու դժվարությանը, Տ. Հեքեքյանը նկատեց, որ այդպես ասում են բոլորը, հատկապես խմբավարները. «Ճիշտ են ասում, և դրա պատճառն այն է, որ մենք կորցրել ենք մեր ինքնությունը, մենք հեռացել ենք մեր էությունից, մեր հայությունից: Կոմիտաս երգելու համար պիտի «շատ հայ լինես», շատ հայեցի»,- համոզված է պարոն Հեքեքյանը:

Նրա խոսքով՝ մրցույթի՝ Կոմիտասին նվիրված լինելու հանգամանքն ինչ-որ տեղ նաև ահազանգ է և շատ լավ միջոց մեծ թվով երեխաների բերելու դեպի իրենց ակունքները, դեպի իրենց ինքնությունը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930