Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Եթե չեն կարողանում կամ չեն ուզում բացահայտել, պետք է հեռանան» (Տեսանյութ)

Ապրիլ 02,2014 18:08

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության տարելիցի առթիվ այսօր Պռոշյան գյուղում կազմակերպված հիշատակի խնկարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Ամբողջ մեր մտահոգությունը եւ դժգոհությունը այս ընթացքի հետ կապված այն է, որ անցել է մի տարի, բայց մինչեւ հիմա, ըստ էության, որեւէ քայլ առաջ չի կատարվել, եւ սա է, որ մեր ցասումն ու բողոքը բազմապատկում է: Խնդիրն իր ողջ էությամբ եւ բովանդակությամբ այդպես էլ այս իշխանությունները չզգացին, չգնահատեցին, չհասկացան, որ սա պարզ սպանություն չէր: Այն ուներ լուրջ քաղաքական դրդապատճառներ, կատարվել էր հստակ նպատակով՝ կասեցնելու համար Հրաչի պաշտոնավարումը՝ համայնքապետի պաշտոնում, եւ դա չի կարող համարվել կենցաղային… սկզբից վարկածներ էին տարածում, որ դա կենցաղային հողի վրա է եւ այլն, սա մի մեծ շղթայի օղակն է, որովհետեւ Հրաչի շուրջ միշտ էլ սպառնալիքների, ճնշումների, ահաբեկումների մթնոլորտ էր ձեւավորված, բայց

Հրաչն էն տեսակը չէր, որ նահանջեր: Եվ վերջին ճիգերը գործադրեցին, որ ընտրությունների ժամանակ կարողանան Հրաչին հանել պաշտոնից՝ չստացվեց, եւ անցան այս տմարդի արարքին: Այս հանցագործությունը իր մեջ շատ լուրջ հետեւանքներ ենթադրող եւ բովանդակություն պարունակող հանցագործություն է, բայց իշխանություններն այդպես չգնահատեցին, չհասկացան, որ սա հարված է ոչ միայն Հրաչին, նրա մերձավորներին, ընտանիքին, այլ նաեւ մեր պետությանը, մեր երկրին, մեր հեռանկարին, որովհետեւ, եթե հայրենիքի պաշտպանն իր երկրում պաշտպանված չի, էլ ի՞նչ խոսենք մնացածներիս պաշտպանության մասին: Սա իսկապես պատվի գործ պիտի դառնար իշխանությունների եւ պետության համար, եթե մենք իսկապես ունենք այնպիսի պետություն եւ իշխանություն, որն իր ժողովրդի հոգսերով է ապրում: Բայց այս մի տարին ցույց տվեց, որ դա էդպես չի»:

«Առավոտի» հարցին, թե ինչո՞վ է բացատրում այն, որ օրը ցերեկով, գյուղի կենտրոնում կատարված հանցագործությունը չի բացահայտվում՝ պրոֆեսիոնալիզմի պակա՞ս կա, թե՞ ցանկությունն է բացակայում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Երկու դեպքում էլ՝ ցանկություն չկա, թե պրոֆեսիոնալիզմի պակաս կա, չեն ուզում թե չեն կարողանում, նշանակում է, որ իրենց օրոք այս հանցագործությունը չի բացահայտվելու: Ուրեմն օր առաջ նրանք պետք է հեռանան, որպեսզի գա այնպիսի իշխանություն, որը կկարողանա բացահայտել: Ես վստահ եմ, որ եթե իշխանությունները համապատասխան կամք դրսեւորեին, մի տարին լիարժեք հերիք էր, որպեսզի օրը ցերեկով կատարված սպանությունը բացահայտվեր: Բայց որեւէ նշույլ անգամ բացահայտման հետ կապված չի երեւում՝ սա է մտահոգությունը: Կարելի էր, որ եթե անգամ չեն կարողանում իրենց մասնագետներով, դրսից մասնագետներ բերեին, լուրջ խումբ ձեւավորվեր, որի մասին մեզ խոստումներ տվել են: Մենք անցել ենք բոլոր ատյաններով, անցել ենք ոստիկանություն, դատախազություն , հետաքննչական մարմիններ, հասել ենք մինչեւ նախագահ: Ասել ենք, որ սա ձեր պատվի, թասիբի հարցն է, մի կողմ դրեք ամեն ինչ եւ այս հարցը դարձրեք գլխավոր հարցերից մեկը, որովհետեւ սա ամբողջությամբ իշխանությունների, պետական մարմիների նկատմամբ անվստահության լուրջ հիմքեր է ստեղծում: Եվ մեզ ամենաբարձր մակարդակով, ամենայն լրջությամբ վստահեցրել էին, որ իրականացվելու են բոլոր հնարավոր միջոցներով գործողություններ, որ բացահայտումը դառնա անխուսափելի, բայց տեսնում ենք , որ ոչ մի շարժ չկա: Ուրեմն այս իշխանություններն իսկապես կամ չեն ուզում կամ չեն կարող, երկու դեպքում էլ պետք է հեռանան»:

«Հրապարակի» դիտարկմանը, որ մեզ մոտ քաղաքական սպանությունները չեն բացահայտվում, Արմեն Ռուստամյանը համաձայնվեց. «Ես հենց առաջին օրն ասել էի, որ սա քաղաքական ենթատեքստ ունեցող սպանություն է, եւ երբ սկսեցին հակազդել, թե կենցաղային է, ես ասացի՝ դա կապացուցվի նրանով, որ արագ բացահայտվի. եթե չի բացահայտվելու, ուրեմն այլ՝ քաղաքական պատճառներ կան»:

Նա նաեւ ասաց, որ ՀՅԴ-ն ամենաբարձր մակարդակով հավաստիացումներ է ստացել, որ «կստեղծվի առանձնահատուկ լիազորություններով օժտված հատուկ խումբ, որում կընդգրկվեն ոստիկանություն, դատախազության, ազգային անվտանգություն աշխատակիցներ, եւ այդ խումբը, հատուկ լիազորություններ ունենալով, բացահայտելու հնարավորություն կունենա»: «Մեզ խոստացել էին, բայց չարեցին»,-եզրափակեց պատգամավորը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930