Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ վա՞ղ է ծափահարել Գագիկ Հարությունյանին. պարտադիրը ուժի մե՞ջ է (Տեսանյութ)

Ապրիլ 02,2014 18:01

«Դիմող կողմի պահանջը ամբողջությամբ բավարարված է»,- անդրադառնալով Սահմանադրական դատարանի ` ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցի դատաքննության գործով ՍԴ որոշմանը՝  այսպիսի հայտարարություն արեց ՍԴ-ում դիմող կողմից ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Artak Zeynalyan-Arcvik Minasyan

Հարցին` օրենքն արդյոք տարընթերցման տեղիք չի՞ տալիս, արդյոք կարելի՞ է ասել, որ օրենքը դեռ ուժի մեջ է, նա պատասխանեց. «Չի կարելի ասել, որ օրենքը ուժի մեջ է: Այդ դրույթները հակասում են Սահմանադրությանը, և չեն կարող Սահմանադրությանը հակասող նորմեր կիրառվել, եթե դրանք մարդկանց կարող են վնաս պատճառել»:

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ է Հակոբ Հակոբյանը հայտարարում, որ պարտադիրը դեռ ուժի մեջ է: Պարոն Զեյնալյանը նշեց, թե Հակոբ Հակոբյանին ասեք, որ ՍԴ որոշումը պիտի կատարել:

Պարոն Զեյնալյանը նաև շեշտեց. «Պարտադիրի մասով պահումներ չպիտի արվեն, պարտադիր բաղադրիչը հանվում է»:

Դիմող կողմի իրավաբան Մերի Խաչատրյանը ևս հայտարարեց. «Վերջ, օրենքը պարտադիրի մասով չի գործում»:

Aravot.am-ը «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանից հետաքրքրվեց՝ ՍԴ-ի որոշմամբ իրենց պահանջը բավարարվե՞լ է: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած` հարցը այլ կերպ կվերաձևակերպեի: Այս օրենքը չի հանվել, ուստի մեր պահանջը ինչ-որ մասով բավարարված է, բայց չի կարելի ասել ամբողջությամբ»:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներից Դավիթ Մանուկյանը բոլորին հրավիրում է ապրիլի 12-ին հանրային հավաքի ու նշում. «Ավելի մանրամասն մեկնաբանություններ կանենք երկու օրից, երբ ուսումնասիրենք վճիռը: Այս պահին կարևոր է այն, որ գանձումները չեն կատարվելու: Բայց պայքարը շարունակվում է:

Ապրիլի 12-ին հրավիրում ենք հավաքի` ժամը, տեղը կհստակեցնենք»:

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց` ըստ էության ՍԴ-ն խորամա՞նկ որոշում կայացրեց` կառավարությանը ժամանակ տալով: Նա պատասխանեց. «Եթե իշխանությունն իրեն ուժեղ զգա, կարող է այս ժամանակահատվածը` մինչև սեպտեմբերի 30-ը օգտագործել, շարունակել գանձումները` ասելով, որ օրենքի դրույթները գործում են և այդ ընթացքում օրենքը փոխել այնպես, որ նույն համակարգն ապահովի սոցիալական վճարումների միջոցով, ինչը հնարավորություն կստեղծի շրջանցել ՍԴ որոշումը: Եթե իշխանությունն իրեն թույլ զգա, կհրաժարվի այդ գործելաոճից; Դա մեզնից է կախված: Ինչ վերաբերում է խորամանկությանը, ապա ՍԴ-ն արել է այն, ինչ հրամայել է իրեն նախագահականը: Իշխանությունն իր համար «լազեյկա»` «մանյովրի» դաշտ է ստեղծել, որ մի կողմից դա մատուցվի արդար, իրավական պրոցես և ինչ որ մարդկանց բավարարի ու թեթևացնի լարվածությունը և ընդվզման թափը կոտրի, մյուս կողմից՝ իր համար լիակատար ազատություն ապահովի հակագրոհի համար, և այս համակարգը նորից գործի դնի»:

Մինչ զրուցում էինք Լևոն Զուրաբյանի հետ, ՍԴ շենքից դուրս եկավ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նրան ծափահարություններով դիմավորեցին «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: Պարոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք` այդ ծափահարությունները տեղի՞ն են, դեռ վաղ չե՞ն: Նա պատասխանեց. «Գագիկ Հարությունյանին ծափահարելը դեռ վաղ է»: Մեր հստակեցմանը, դեռ վա՞ղ է ասել, որ դիմող կողմի պահանջը բավարարված է, պարոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Պահանջը բավարարված է ֆորմալ առումով, բայց դեռ վաղ է ասել, որ իշխանությունը հրաժարվել է իր պլաններից: Դրա համար պիտի մենք շարունակենք պայքարել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    զարմացա, որ այս գրպանային ՍԴ կարող է դեմ գնալ տիրող ռեժիմին ու կրկին հիմարի տեղ դրեց ժողովրդին

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930