Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանը պատմեց՝ ինչ անմարդկային պայմաններում են իրեն պահել

Ապրիլ 02,2014 17:57

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը քիչ առաջ մերժեց անազատության մեջ գտնվող փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի միջնորդությունը՝ դատախազի բացարկի վերաբերյալ:

Ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանն էլ մեկ այլ միջնորդություն ներկայացրեց. «Այս քրեական գործի համար հիմք են հանդիսացել ԱԱԾ-ի սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության  կողմից Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նյութերը: Բայց քրեական գործում չկան այն հիմքերը, թե ինչի հիման վրա է, ԱԱԾ-ի նշված վարչությունը սկսել նման օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել: Նկատի ունենալով, որ դրանից է կախված այս գործը հարուցելու օրինականության հարցը՝ միջնորդում եմ դատարանին՝ ԱԱԾ-ի նշված վարչությունից պահանջել բոլոր նյութերն ու հիմքերը, որոնց վրա իրականացվել են այդ միջոցառումները»:

Դատախազ Պապիկյանը միջնորդության բավարարել-չբավարարելու հարցը թողեց դատարանի հայեցողությանը, իսկ դատարանը որոշեց ժամանակավորապես մերժել միջնորդությունը՝ հիմնավորելով, որ դրա քննարկումը վաղաժամ է:

Դրանից հետո դատախազ Պապիկյանը ընթերցեց Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը, որի համաձայն Վոլոդյա Ավետիսյանը կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային զինծառայությունից ազատելու նպատակով:

Մեղադրանքի ընթերցումից հետո Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ իրեն վատ է զգում եւ միջնորդեց դատական նիստը հետաձգել: Դատավորն ասաց, թե նրա տեսքից չի երեւում՝ վատ է զգում:

Պարոն Ավետիսյանն էլ անկեղծացավ. «Լավ չեմ զգում. հիմնական խուցից ինձ առավոտյան տասից իջեցրել են սպասողական խուց, երեք ժամ պահել են՝ զրոյական ջերմաստիճանի տակ, ոչ մարդկային վիճակում: Խնդրում եմ՝ նիստը հետաձգեք»:

Չնայած դատավորը համոզեց՝ մի քիչ էլ դիմանալ, լսել այսօր դատարան եկած երկու վկաներին, բայց պարոն Ավետիսյանը մնաց անդրդվելի: Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը. Նիստը հետաձգվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930