Լրահոս
Օրվա լրահոսը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհվեց ՄԳԻՄՈ-ի պատվավոր դոկտորի կոչում

Ապրիլ 02,2014 17:49

Ապրիլի 2-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (համալսարանում) տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ԲՈւՀ-ի պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ դեսպաններ, ՄԳԻՄՈ-ի դասախոսներ և ուսանողներ, հեղինակավոր վերլուծաբաններ և լրագրողներ։

Միջոցառումը բացելով՝ ՄԳԻՄՈ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը նշեց, որ ինստիտուտում տարիների ընթացքում սովորել և այսօր էլ սովորում և դասավանդում են բազմաթիվ հայեր ու ընդգծեց, որ իր ղեկավարած կրթօջախն ինչ-որ իմաստով հանդիսանում է շուրջ 200 տարի առաջ Լազարյանների կողմից Մոսկվայում հիմնադրած Արևելյան լեզուների ինստիտուտի իրավահաջորդը։ Կրթօջախի ղեկավարն ասաց, որ ինստիտուտի շրջանավարտ Էդվարդ Նալբանդյանը հանդիսացել է ՄԳԻՄՈ-ի լավագույն ուսանողներից մեկը, ով հաջողությամբ ավարտելով համալսարանը դիվանագիտական կարիերայի լուրջ ճանապարհ է անցել և այժմ զբաղեցնում է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը։

Ակադեմիկոս Տորկունովը ներկայացնելով Հայաստանի արտգործնախարարին պատվո դոկտորի կոչում շնորհելու մասին Գիտական խորհրդի որոշումը նշեց, որ այն կայացվել է հաշվի առնելով միջազգային համագործակցության զարգացման, խաղաղության, միջազգային անվտանգության ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Էդվարդ Նալբանդյանի ակնառու ներդրումը և Էդվարդ Նալբանդյանին հանձնեց պատվո դոկտորի դիպլոմն ու դոկտորական թիկնոցը։

Այնուհետև ելույթով հանդես եկավ նախարար Նալբանդյանը, ով շնորհակալություն հայտնելով Գիտական խորհրդին պատվո դոկտորի կոչման պատվին արժանանալու համար՝ ասաց. “Կարծես դա եղել է վերջերս, բայց իրականում արդեն 40 տարուց ավել է անցել, երբ ես ընդունվեցի ինստիտուտ։ Ես հպարտ եմ, որ ավարտել եմ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որ միջազգայնագետների պատրաստման ոլորտում աշխարհի լավագույն կրթօջախներից է հանդիսանում։

Այս կոչումը ես ընդունում եմ նաև որպես հարգանքի տուրք ՄԳԻՄՈ-ի բոլոր հայ շրջանավարտներին, որոնք այստեղ ստացած գիտելիքները ներ են դրել իրենց Հայրենիքին ծառայելու, նրա շահերը պաշտպանելու և առաջ մղելու գործում։”

Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխհարաբերությունները, Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, հարևան երկրների հետ Հայաստանի համագործակցությունը, այլ մայրցամաքների և երկրների հետ փոխգործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղված հետևողական քայլերը։

Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների հարցերին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930