«Ես հասկանում եմ, որ Սիրիան այլ պետություն է, եւ մենք իրավունք չունենք պետության ներքին գործերին խառնվել, բայց մեր ազգակիցների ֆիզիկական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության պարտականությունն է»,- այսօր՝ ապրիլի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նրա կարծիքով՝ հայ 6 պատգամավորների այցը Սիրիա սիրիահայությանը տվեց մեծ բարոյական լիցք, եւ իրենք տեսան, որ պետությունը իրենց կողքին է եւ ինչ-որ քայլեր կանի իրենց համար:
ՀՀԿ կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ Հայաստանի պետական դիվանագիտության ավելի խորը խառնվելը եւ միջամտելը կվնասեր սիրիահայերին. «Մի բան գիտեմ՝ ելակետն այն է, որ մեր բոլոր համայնքներում ճիշտը տարբեր ուժերի մեջ չեզոքություն պահպանելն է: Այստեղ խնդիրն ազգապահպանության գործն է»:
Բանախոսները խոսեցին նաեւ օրերս տեղացած ձյան հետեւանքների մասին: Պարոն Ալեքսանյանը այն անվանեց աղետ եւ հայտարարեց, որ այդ աղետից պետք է հետեւություններ անել, քանի որ այս օրերի ընթացքում հասկանալի դարձավ, որ որոշ կառույցներ նման իրավիճակների պատրաստ չեն.
«Եթե պտղատու այգիները չէր կարելի փրկել, սածիլները հնարավոր էր փրկել»: Լեռնիկ Ալեքսանյանը դեմ է գյուղացուն օգնելուն, քանի որ համարում է, թե գյուղացին պետք է ուժեղ լինի, ստեղծի եւ արտադրի, եւ էդ դեպքում կարելի է զարգացնել գյուղատնտեսությունը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Սյունիքի մարզպետի գյուղացիներին հասցրած օգնությանը՝ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ նորմալ պետության մեջ սա չպետք է լինի հարուստ մարզպետի խնդիր.
«Նորմալ երկրում, եթե ապահովագրություն ունենա գյուղացին եւ վստահեր այդ ապահովագրությանը, այսպիսի աղետները կնվազեին: Ես ողջունում եմ, բայց եթե ինքը լուռ աներ՝ ավելի լավ: Թո՛ղ պետությունը քայլեր ձեռնարկի, ծրագիր մշակի, թե ինչպե՞ս նման աղետների ժամանակ պաշտպանի գյուղացուն: Մեր գյուղացին չափազանց անպաշտպան է, մենակ է իր դարդերի հետ»:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ