Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված քայլարշավ, որը կազմակերպել էր «Աուտիզմ ազգային հիմնադրամը» (Ֆոտոշարք)

Ապրիլ 02,2014 17:12

Ս.թ. ապրիլի 2-ին Երևանում տեղի ունեցավ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված քայլարշավ, որը կազմակերպել էր «Աուտիզմ ազգային հիմնադրամը» ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ: Քայլարշավին մասնակցեցին ավելի քան հարյուր աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, ինչպես նաև հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ և արտերկրից ժամանած հյուրեր:

PrevPhoto
NextPhoto

«Աուտիզմ ազգային հիմնադրամի ծրագրի շրջանակներում Հայաստանում շուտով կգործի վերանորոգված, կահավորված և միջազգային չափանիշներին համապատասխան նոր դպրոց, որն իր հյուրընկալ դռները կբացի աուտիզմով երեխաների առջև: Հիմնադրամի ծրագրի հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար, իրագործել աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան»,- հաղորդեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:

Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից մինչև Ազատության հրապարակ, երթն ուղեկցվեց աուտիզմի մասին բազմաթիվ իրազեկման սիմվոլներով և լոզունգներով, բաժանվեցին իրազեկման թռուցիկներ: Երթի ավարտին Ազատության հրապարակում տեղի ունեցավ աուտիզմով երեխաներին նվիրված երգի շնորհանդես և «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ի (ԵԶՄԿ) սաների նկարների բացօթյա ցուցահանդես:

«Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Մինչ այսօր աուտիզմի առաջացման հնարավոր պատճառները դեռ հստակ հայտնի չեն: Դիտարկվում են, սակայն չեն ապացուցվում հետևյալ վարկածները՝ խնդիրներ հղիության, ծննդաբերության ժամանակ, գենետիկական մուտացիաներ, արտաքին միջավայրի գործոններ, ժամանակակից կյանքի տեմպ և տեղեկատվական գերհագեցվածության յուրացման դժվարություն»,- հաղորդեց ԵԶՄԿ տնօրեն Նարինե Վարդանյանը:

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ այս տարի առաջին անգամ Հայաստանը նաև միացավ «Կապույտ լույս վառենք» (“Light It Up Blue”) միջազգային նախաձեռնությանը, որի շրջանակում ապրիլի 2-ի երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով: Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը տարբեր շենքեր ու կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով, որի նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել աուտիզմի խնդիրներին և խթանել ներառական միջավայր: Տարիների ընթացքում լուսավորվել են նյույորքյան Empire State Building-ը, Սիդնեի օպերային թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:

«Օրվա խորհուրդը աուտիզմ ունեցող երեխաների՝ հասարակությունում լիիրավ անդամ հանդիսանալու և նրանց սոցիալական ներգրավվածությունը խթանելու մեջ է, ինչպես նաև այդ ճանապարհին խոչընդոտների աստիճանական վերացման մեջ»,- հաղորդեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում Հենրիետ Արենսը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր հինգ երեխայից մեկը չի հաճախում դպրոց և յուրաքանչյուր երեք երեխայից մեկը չի մասնակցում համայնքի միջոցառումներին: Այս ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության նպատակներն են ստեղծել ծառայությունների շարունակական շղթա երեխայի կյանքի ողջ ընթացքի համար, ապահովել բոլոր նախակրթարանների և ընդհանուր հանրակրթական դպրոցների հասանելիությունն ու ներառական կրթության տրամադրումը, ինչպես նաև կանխել հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացումը»:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930