Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը հաղթեց». Ըստ վերլուծաբանի, «իշխանություններն օբյեկտիվորեն վախեցած էին սկսված շարժումից». «Մեդիալաբ»

Ապրիլ 02,2014 17:08

Այսօրվա Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեցին կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի պարտադիր բաղադրիչին առնչվող մի շարք դրույթներ, ըստ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի «ժողովրդի հաղթանակն էր»:

«Իշխանություններն օբյեկտիվորեն վախեցած էին սկսված շարժումից,-«Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը,-Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը ցույց տվեց, որ երբ ժողովուրդն ու քաղաքական ուժերը համախմբվում են հաղթանակն անխուսափելի է»:

Հիշեցնենք, որ տարեսկզբից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, որով 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր էին աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, տարիներ անց որպես կենսաթոշակ ստանալու ակնկալիքով, ամիսներ շարունակ բուռն դժգոհության ալիք էր բարձրացրել:

Ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի շարժումը սկիզբ առնելով ՏՏ ոլորտի աշխատակիցներից, վերածվեց հզոր «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության, որի «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» Ֆեյսբուքյան խմբին ներկայումս անդամակցում է շուրջ 48 հազար անդամ:

Վերջին ամիսների ընթացքում, «Դեմ եմ»-ի նախաձեռնությամբ տարաբնույթ բողոքի ակցիաներ եւ հանրահավաքներ կազմակերպվեցին, որոնց միացան ինչպես հասարակական-քաղաքական գործիչներ, նաեւ քաղաքական ուժեր:

Անցյալ տարվա վերջում վիճահարույց օրենքի հարցով Սահմանադրական դատարան դիմեցին ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնք եւս միացել էին «Դեմ եմ»-ի նախաձեռնած պայքարին:

Մի քանի օր տեւած քննարկումներից եւ լսումներից հետո, այսօր Սահմանադրական դատարանի կայացրածորոշումը շատերը, թեև որպես քաղաքացիական հասարակության հերթական հաղթանակ որակեցին, այնուամենայնիվ եղան կարծիքներ, թե օրենքի ներդրումը, զարգացումը եւ որոշումը թելադրված էր իշխանությունների կողմից` ամիսներ շարունակ մարդկանց առավել կարեւոր խնդիրներից շեղելու նպատակով:
Երվանդ Բոզոյանը կարծում է, որ նման տեսակետների նպատակը մարդկանց ընկճելն ու կոտրելն է: Նա նշում է, որ Սահմանադրական դատարանը, թեև մշտապես իշխանահաճո որոշումներ է կայացնում, այնուամենայնիվ, մեծ ճնշման դեպքում, ինչպես այս դեպքում էր, կարող է նաեւ նման «աննախադեպ որոշումների գնալ»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930